Արևայրուք կարելի է ստանալ արհեստական ճանապարհով` կլոր տարին: Առավել մոդայիկ է և պահանջված ամառային, արևային արևայրուքը:
Գեղեցիկ և հավասարաչափ արևայրուքն օրգանիզմի համար կարող է նաև օգտակար լինել: Կարևորն այս գործում չափի զգացումն է: Արևի տակ պետք է լինել ոչ միայն սահմանափակ ժամանակով, այլ նաև հստակ ժամերի: Արևի ճառագայթները վտանգավոր են 11:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում: Հենց այդ ընթացքում արևայրուք ստանալ խորհուրդ չի տրվում: Լավագույն ժամերն են մինչև 10:00 և երեկոն` մայրամուտից 2-3 ժամ առաջ:
Հավասարաչափ, բրոնզագույն արևայրուք ունենալու համար հարկավոր է 1-2 շաբաթ: Խորհուրդ չի տրվում շտապել: Արևային լոգանքները պետք է սկսել աստիճանաբար, որպեսզի մաշկը սովորի: Առաջին օրվանից շատ բան է կախված: Արևի տակ պետք է մնալ ոչ ավելի քան 10-15 րոպե` հաջորդ օրերին ավելացնելով օրական մինչև 20 րոպե: Բժիշկները պնդում են, որ մեկ օրվա ընթացքում առավելագույնը 2 ժամ է պետք արևային լոգանք ընդունել: Երկարատև լոգանքները վնասակար են, բացասաբար են ազդում մաշկի խորքային շերտերի վրա:
Շատ կարևոր է նաև մաշկի ճիշտ նախապատրաստումն արևայրուքին: Սկզբում լավ կլինի մաշկը մաքրել որևէ սկրաբով: Արևային լոգանքից անմիջապես առաջ հարկավոր է օգտագործել հատուկ պաշտպանիչ կրեմներ կամ լոսիոններ:
Կան արևայրուքի դեմ, արևայրուքի համար և արևայրուքից հետո կիրառվող միջոցներ: Ընտրությունը կախված է նպատակից, արևայրուքի աստիճանից, մաշկի տեսակից:
Կարևոր է:
Սկսել ամենապաշտպանիչ միջոցների օգտագործումով, մասնավորապես SPF 50-ից (Sun Protection Factor), որից հետո կարելի է աստիճանաբար իջեցնել SPF ցուցիչը: Քսուքի պաշտպանության աստիճանը նշվում է տուփի վրա:
Սփրեյը կամ կրեմը պետք է քսել արևային լոգանքից մոտ 30 րոպե առաջ: Լողավազանում կամ ծովում լողալուց հետո քսուկը պետք է թարմացնել` յուրաքանչյուր 30 րոպեն մեկ:
Կրեմները պետք է քսել բարակ շերտով, այլապես հնարավոր է հակառակ էֆեկտի հանգել: Մաշկը կրեմի հաստ շերտի տակ ավելի շատ է տաքանում և արևայիրուքը վեր է ածվում արևային այրվածքի:
Բրոնզագույն արևայրուք ստանալու համար լավագույն տեղը ծովափն է: Ջրի մոտ մաշկն ավելի շուտ է թխանում, քանի որ ջուրն անդրադարձնում է արևի ճառագայթները և մեծացնում է դրանց ազդեցությունը: Արևայրուք կարելի է ստանալ նաև ջրում:
Արևայրուքն ունի հակացուցումներ, մաշկի, ուռուցքային հիվանդությունների դեպքում պետք է խորհրդակցել բուժող բժշկի հետ: Հատկանշական է, որ արևայրուք ստանալուց 2 շաբաթ առաջ և հետո պետք է խուսափել լազերային մազահեռացումից: