Հեղափոխության, պայմանական ասած, առաջին փուլը՝ գործադիր իշխանությունը վերցնելն, ավարտված է։ Շատերը կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն՝ իր հանրահավաքային ելույթով, տվեց, այսպես կոչված, երկրորդ փուլի, կամ՝ օրենսդիր ու դատական իշխանությունների գրոհի մեկնարկը։ Բովանդակային հարթության վրա դա այդպես է՝ հենց դրան էր միտված Փաշինյանի ելույթը, սակայն հեղափոխության երկրորդ փուլ ասվածն այս պարագայում խիստ հարաբերական է․ խորհրդարանի արտահերթ ընտրությունների պահանջը ժամանակավոր կառավարության գործունեության առաջնահերթությունն էր, կարելի է նույնիսկ ասել՝ նրա միակ առաքելությունը։

Այս իմաստով՝ ըստ էության, գործ ունենք ոչ թե հեղափոխոթյան երկրորդ փուլի, այլ՝ հեղափոխության հետաձգված գրոհի մասին։

Մեծ հաշվով՝ հեղափոխությումը, դասական իմաստով, ունի այլ պարբերացում․ առաջին փուլը Սերժ Սարգսյանի հրաժարականն էր, որը տվեց գողապետության կազմաքանդման գործընթացի մեկնարկը, երկրորդ փուլը՝ հեղափոխության փաստացի հաղթանակն է, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ։ Այլ խոսքով՝ հեղափոխության երկրորդ փուլը մեկնարկել է մայիսի 8-ին, և մենք առայժմ հեղափոխության հենց երկրորդ փուլի մեջ ենք, որը կավարտվի խորհրդարանական արտահերթ ընտրություններով, որոնք օրինաչափորեն պետք է կապիտալիզացնեն հեղափոխության արդյունքները։ Հանրահավաքը ոչ թե հեղափոխության նոր փուլի մեկնարկ է, այլ՝ ռեստարտ։

Սակայն ուշագրավ է այն հանգամանքը, որ երկրում ստեղծված նոր իրավիճակը՝ Ռոբերտ Քոչարյանի շուրջ հակահեղափոխական ռևանշի առանցքի ձևավորման գործընթացը, Նիկոլ Փաշինյանի թիմի ժամանակացույցի վրա, կարծես թե, չի ազդել․ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը դարձյալ նախատեսված է մյուս տարվա ապրիլ-մայիս ամիսներին, համենայն դեպս՝ եթե մինչև այդ Նիկոլ Փաշինյանը նախատեսել է սահմանադրական փոփոխություններ, ապա այդ ժամկետը միանգամայն իրական է թվում, մանավանդ, որ հանրահավաքում այլ ժամկետների մասին չլսեցինք։ Այս համատեքստում միանգամայն տրամաբանական է թվում հարցադրումը, թե ինչո՞ւ են արտահերթ ընտրությունների նախապատրաստման համար անհրաժեշտ խորհրդարանի ինքնալուծարում ենթադրող սահմանադրական փոփոխությունները (դրանց անհրաժեշտությունը բովանդակային առումով չենք բացառում), եթե դրանք միևնույն է՝ կարող են ընդունվել միայն ԱԺ նկատմամբ հասարակության ճնշման պարագայում։ Ընդ որում՝ այս դեպքում հասարակության ճնշումը ենթադրում է բազմաշերտ ու բազմափուլ գործընթաց, ինչն ավելի ռիսկային է դարձնում այն․հասարակությունը նախ պետք է հասնի նրան, որ ԱԺ-ն ընդունի սահմանադրական փոփոխությունները, հետո՝ երկրորդ փուլով, ստիպի խորհրդարանին՝ ինքնալուծարվել։ Սա նաև որոշակիորեն ժամանակատար գործընթաց է։ Շատ ավելի տրամաբանական կլիներ՝ ձեռնպահ մնալ սահմանադրական կոնյուկտուրային փոփոխություններից ու հնարավորինս առաջ բերել արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետը։ Եթե Փաշինյանի թիմը զգում է հակահեղափոխական ռևանշի իրական վտանգ, ապա դա կարող է դրսևորվել սահմանադրական թե գործող և թե առաջարկվող կարգավորումների պարագայում։

Ռևանշին դիմագրավելու միակ բանալին ոչ թե խաղի կանոնների փոփոխությունն է, ինչը ենթադրվում է սահմանադրական փոփոխություններով, այլ՝ խորհրդարանի հանդեպ հասարակության քաղաքական ճնշման գործադրումը, որը միանգամայն հնարավոր է նաև սահմանադրական գործող կարգավորումների պարագայում․ եթե փողոցում կանգնած է հասարակություն, ապա գործող խորհրդարանը որևէ պարագայում չի համարձակվելու Նիկոլ Փաշինյանին փոխարինել հակահեղափոխության վարչապետով ու գնալու է լուծարման հենց գործող կարգավորումների տրամաբանությամբ, ընդ որում՝ շատ ավելի կարճ ճանապարհով ու արագ։ Այստեղ խնդիրը գործընթացը ճիշտ ժամանակին կազմակերպելն է, այլ խոսքով՝ չհապաղելը․ հեղափոխական էյֆորիան որևէ պարագայում մշտական կամ երկարատև շրջան չէ։ Ասվածի իմաստն այն է, որ խորհրդարանի արտահերթ ընտրությունների նախապատրաստումը պետք չէ «ծանրաբեռնել» նոր ընթացակարգերով ու ավելի ճիշտ կլիներ, որ հակահեղափոխության կոնսոլիդացիային Փաշինյանը հակադրվեր ոչ թե վերը բերված առաջարկով, այլ՝ խորհրդարանի արտահերթ ընտրություններն ավելի սեղմ ժամկետներում կազմակերպելով։

Ասվածի լավագույն հիմնավորումը նաև այն է, որ երբեք Փաշինյանի խոսքին չէր հետևել ՀՀԿ գործիչների նման կոնսոլիդացված հակազդեցություն, ինչը ենթադրում է, որ նախկին համակարգը պատրաստվում է լուրջ ու բազմաշերտ դիմադրության։ Դատեք ինքներդ՝ երեկ նախօրոք պատրաստված ու ծավալուն հայտարարություններով հանդես են եկել ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, ֆեյսբուքյան գրառումներ են կատարել Արմեն Աշոտյանն ու Արփինե Հովհաննիսյանը։ Նրանց բոլորի ասելիքը թիրախային է՝ թե բովանդակային և թե հասցեականության առումով․ միջազգային հանրությանն ահազանգվում է, թե Հայաստանում տեղի է ունենում ժողովրդավարության հետընթաց։

Հակահեղափոխության կոնսոլիդացիան կանխելու արդյունավետ ճանապարհն ոչ թե սահմանդրական կամ օրենսդրական էքսպիրիմենտներ անցկացնելն է, այլ՝ հեղափոխության գլխավոր «գրոհի»՝ խորհրդարնական արտահերթ ընտրությունների արագ ու արդյունավետ կազմակերպումը։ Սա հակահեղափոխությանը կդնի ցայտնոտի մեջ՝ նրան զրկելով ինքնակազմակերպման ու մանևրի հնարավորությունից։ Այս փուլում ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպումը պետք է դառնա միակ առաջնահերթությունը (Երևանի ընտրությունները դրանց չեն խանգարում՝ նույնիսկ նախապատրաստական փուլ են)։ Մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է առկախել նաև անցումային արդարադատության մարմինների մասին դիսկուրսը, մանավանդ, որ դրան խիստ բացասական արձագանք են տվել նաև Մարդու իրավունքների պաշտպանն ու Փաստաբանների պալատի նախագահը՝ ըստ էության, կարծիք հայտնելով, որ վարչապետի առաջարկության գործնականացումը կարող է դիտվել՝ որպես ոտնձգություն սահմանադրական կարգի դեմ։

Անցումային արդարադատության մասին հարցը պետք չէ հանել օրակարգից, սակայն դրան նպատակահարմար է անդրադառնալ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ֆորմալիզացված կլինի հեղափոխության հաղթանակը։


Աղբյուրը՝ 1.am

loading...