Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված իր երկրորդ հարցազրույցում չի բացառել, որ իրեն կրկին կազատազրկեն։ Այդ դեպքում, ըստ Քոչարյանի, Հայաստանը կստանա քաղաքական բանտարկյալ: Ավելին, նա անգամ խոսել է իր ազատազրկման դեպքում ՄԻԵԴ դիմելու մասին և նշել, որ ինքը վստահաբար Եվրոպական դատարանում հաղթանակ է տանելու:
Քոչարյանը այսպիսի հայտարարություններով, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի դիտարկմամբ, փորձում է խուսափել շատ մեծ պատասխանատվությունից։
«Քաղբանտարկյալ իրեն կարող է ճանաչել, օրինակ, Սերժ Սարգսյանը, էլ չգիտեմ ով, իր մտերմագույն մարդիկ։ Որևէ կերպ հնարավոր չէ քաղբանտարկյալ բառն օգտագործել Քոչարյանի դեպքում»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը՝ հավելելով, որ Քոչարյանը իր հարցազրույցում որևէ կերպ ցույց չտվեց, որ գոնե մի բանով ինքը պատասխանատու է, որ ինքը այդ ժամանակ թյուրիմացաբար նախագահն էր և հիմա անմեղի դեր է փորձում խաղալ, ինչը իրեն, հավանաբար, խորհուրդ էր տվել իր փաստաբան Արամ Օրբելյանը, ով անընդհատ ասում էր, որ նա անմեղ է։ «Նախ, թող հրապարակվի իր անմեղությունը ապացույցներով, նա չի կարող խոսել անմեղության, քաղբանտարկյալ լինելու մասին, անգամ վիրավորական է քաղբանտարկյալ արտահայտությունն իր համար։ Իսկ ով էր այդ արյունը շաղ տվել Երևանի փողոցներում, ով էր հազարավոր մարդկանց գցել բանտերը, ծեծել, ջարդել։ Թող շնորհակալ լինի, որ իր նկատմամբ բռնություն չի կատարվել»,- հավելեց իրավապաշտպանը։
Ժաննա Ալեքսանյանը վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարող վերադառնալ քաղաքական դաշտ և հայտ ներկայացնել։ «Եթե մարդը չի ընդունել իր մեղքը և խուսափում է պատասխանատվությունից, տասը տարվա մեջ որևէ բան չի ասել, չի ցավակցել սպանվածների հարազատներին, չի զղջացել և ատելությունը դեմքին գրված հայտարարություններ է անում, որ ես ձեզ ատում եմ, գալու եմ վրեժխնդիր լինեմ, բայց դա այլևս չի լինելու։ Կա համատարած ատելություն Քոչարյանի նկատմամբ, «Ռոբերտ, մարդասպան» արտահայտությունը նա միշտ լսելու է»,- ասաց նա։
Իրավապաշտպանի խոսքերով՝ նրան սատարող ուժերը՝ ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն բացարձակ հեղինակություն չունեցող ճահճացած կուսակցություններ են, և նրանք միասին չեն կարող հաջողել։
«Բոլորը հիշում են՝ Երևանում այդ օրերին ինչպես է նա քնած անմեղ մարդկանց հրաման տվել, որ ծեծեն, ջարդեն, հետապնդեն, վրեժխնդիր լինեն և բանտերում հայտնվեն, և հիմա ասում է՝ ես այդ ամենի հետ կապ չունեմ, իսկ շատ ամոթ է միակ տղամարդու համար, որ այդ կեցվածքն է որդեգրել։ Այնպես որ, քաղաքական դաշտում նրան չեն սպասում»,-ասաց Ժաննա Ալեքսանյանը։
Աղբյուրը՝ 1.am