«Պատրաստ եմ լիարժեք Ղարաբաղի հարցով բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց Արցախի անունից պետք է բանակցի ԱՀ իշխանությունը»,- Երևանի Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում հայտարարեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի խոսքով՝ ինքը բանակցային գործընթացի հետ կապված որևէ թուղթ չի ստորագրի՝ առանց ժողովրդի հետ խորհրդակցելու. «Եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի մի տարբերակ, որին ես կհավատամ ու կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզանից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ: Ես մանրամասն կներկայացնեմ ձեզ և դուք կորոշեք՝ գնում ենք կարգավորման այդ տարբերակին, թե ոչ»։
Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ ողջունելի է, որ պաշտոնական Երևանը մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի վերականգնվի բանակցությունների լիարժեք ձևաչափը. «Համապարփակ կարգավորման համար այլ տարբերակ գոյություն չունի։Մոտ 20-22 տարի առաջ Ադրբեջանի պատճառով այդ ձևաչափը խախտվել է և առ այսօր միայն լիարժեք ձևաչափի վերականգնման փորձեր են արվում»,-ընդգծեց նա։
Բաբայանը շեշտում է՝ հիմա ավելի հստակ է խոսվում լիարժեք ձևաչափի վերականգման մասին, դա լավ է, բայց ըստ նրա՝ բարդ գործընթաց. «Պահանջվում է մեծ աշխատանք և ժամանակ, իսկ մինչ այդ բանակցային գործընթացը պետք է լինի շարունակական։ Իմ կարծիքով՝ անհրաժեշտ է շարունակել բանակցային գործընթացը ներկայիս ձևաչափով, ինչքան էլ այն չհամապատասխանի իրականությանը»։
«Պատրաստ ենք հասնել խաղաղ կարգավորման, բայց նրանք, ովքեր փորձում են ինձ վրա հող հանձնելու որևէ կասկած գցել, չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը ժողովուրդն է, ոչ թե կառավարությունը»,-հայտարարել է Փաշինյանը։ Այս դիտարկմանն ի պատասխան Բաբայանը նշեց. «Երբ խոսում ենք հակամարտության կարգավորման մասին՝ պետք է նաև տերմինաբանությունը հստակ օգտագործենք, հող հանձնել և այլ… նման բաները նաև տերմինաբանության մեջ չպետք է լինի։ Երբ խոսում են հողերի մասին՝ պետք է ասել, որ կա սահմանների խնդիր և ոչ միայն Ադրբեջանի տեսակետից պետք է խոսենք, որ իրենք հողեր են պահանջում, մենք էլ համաձայն չենք… պետք է ասել, որ կա սահմանների խնդիր՝ ամբողջ Հյուսիսային Արցախը, Գետաշենը, Մարտակերտի, Մարտունու շրջանը, լավ ի վերջո կա Նախիջևանի խնդիր։ Ադրբեջանը թող հույսեր չփայփայի, որ սահմանների հարցը միակողմանի ձևով է դիտարկվելու՝ այն էլ Արցախի նկատմամբ իր տարածքային ընդվզումների ներքո»,-ասաց նա։
Մեր այն հարցին, թե Արցախի իշխանությունները բանակցությունների հարցում իրենց աջակցությունը հայտնում են հայաստանյան այսօրվա գործող իշխանություններին, Դավիթ Բաբայանը պատախասնեց. «Մենք միշտ էլ պետք է իրատես լինենք։ Շատ կարևոր է, որպեսզի բանակցային գործընթացը շարունակական լինի, դրա այլընտրանքը պատերազմն է։ Նույնիսկ խեղաթյուրված ձևով բանակցությունների շարունակությունը պատերազմից նախընտրելի է։ Հիմա այս տարիների ընթացքում Արցախը մասնակի է մասնակցել գործընթացին, մայր Հայաստանը իր վրա կարևոր պատասխանատվություն է վերցրել ու վարել մինչ այսօր։ Այստեղ վստահել-չվստահելու խնդիր չկա։ Բնական է, որ վստահում ենք, ի՞նչ է չպե՞տ ք է վստահենք։ Ոչ միայն մայր Հայաստանը, այլ համանախագահներն են ընդգծել, որ առանց Արցախի ժողովրդի Արցախի ճակատագիրը չի կարող լուծվել, ոչ բարոյական, ոչ քաղաքական տեսանկյունից դա ճիշտ չէ։ Սա է մեր մոտեցումը»։
Աղբյուրը՝ 1.am