Ավարտին է մոտենում մինչ թավշյա հեղափոխությունը աղմուկ-աղաղակով «բացահայտված» «կաշառքի» գործի դատաքննությունը, որում ներգրավված է 4 ամբաստանյալ՝ կաշառք «տվողը», տալուն «օժանդակողը», նախնական համաձայնությամբ «վերցնողները»:

Հիշեցնենք, որ խոսքը 3000 դոլար կաշառքի մասին է: Քաղաքացի Բաբկեն Գասպարյանն իբր այն առաջարկել է քննիչ Զադոյանին և նրա վերադաս Բունիաթ Եղիազարյանին, որպեսզի նրանք մեղմ քրեաիրավական որակում տան իր որդու արարքին. այն է՝ Քր. օրի 112-րդ հոդվածով նախատեսված արարքը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, վերաորակեն 116-րդ հոդվածի հատկանիշներով՝ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս հասցնելը անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանազանցմամբ: Ըստ մեղադրանքի՝ նախաքննական մարմնի ներկայացուցիչները համաձայնել են, Բաբկենն էլ այն փոխանցել է իր որդու՝ Սոս Գասպարյանի պաշտպան Գայանե Գալոյանի միջոցով:

Մի քանի ամիս անց «սատանան» Բաբկեն Գասպարյանին «դրդել է» բողոքել քննիչների դեմ, նա էլ դիմում է ներկայացրել ԱԱԾ, թե իբր իրենից 3000 դոլար կաշառք են վերցրել և դրա դիմաց ոչինչ չեն արել. Գործը դատարան են ուղարկել 112-րդ հոդվածով:

Եվ ահա Երևան քաղաքի դատարանը՝ նախագահությամբ Մեսրոպ Մակյանի, երեկ ավարտեց սույն գործի փաստաթղթերի հետազոտումը:

Հրապարակվեցին Սոս Գասպարյանի և տուժողների առերես հարցաքննությունների արձանագրությունները, որպես վկա հարցաքննված նախաքննական մարմնի ներկայացուցիչների՝ հսկող դատախազ Հայկ Մովսիսյանի, Էդվարդ Սիրականյանի ցուցմունքները, ինչպես նաև ամբաստանյալների ընտանեկան, առողջական վիճակին, նրանց բնութագրին վերաբերող գրություններ՝ տրված համապատասխան մարմիններից:

Սոս Գասպարյանն իր ցուցմունքում նշել է, որ երեկոյան ինքը և եղբայրը՝ Հովհաննես Գասպարյանը, տուն վերադառնալիս են եղել, երբ իրենց հետապնդած չորս անձինք հարձակվել են իրենց վրա և ծեծել: Ինքն էլ ստիպված է եղել իր մոտ եղած դանակով պաշտպանել իրեն և եղբորը, ինչի հետևանքով հարձակված անձանցից մեկը՝ Սերգեյ Կուդրյաշովը ստացել է ծանր մարմնական վնասվածք:

Սոս Գասպարյանի և Սերգեյ Կուդրյաշովի միջև տեղի ունեցած առերես հարցաքննության արձանագրության հրապարակումից պարզվեց, որ տուժածը պնդել է Սոս Գասպարյանի կողմից իր առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու հանգամանքը: Սոսն էլ հակադարձել է, որ սառը զենքով հարվածել է՝ հասկանալով, որ իրենց կյանքին վտանգ է սպառնում:

Միքայել Զադոյանի պաշտպաններից Սիմոն Ամիրխանյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա ասաց, որ իր պաշտպանյալը վերադասներին զեկուցել Է գործով իրեն հայտնի դարձած բոլոր հանգամանքների մասին, այդ թվում՝ մեղադրյալի հայտնած անհրաժեշտ պաշտպանության տարրերի:

Դա նրա պարտականությունն էր, ինչն արել է:

Ի վերջո, Սոս Գասպարյանի վերաբերյալ քրեական գործի հանգամանքները քննելուց հետո դատախազությունը որոշել է գործը դատարան ուղարկել 112-րդ հոդվածով նախատեսված մեղադրանքով՝ վերաորակման հարցը թողնելով դատարանին:

Ամիրխանյանն ասաց, որ որպես վկա հարցաքննված նախաքննական մարմնի ներկայացուցիչներ Հայկ Մովսիսյանի և Էդվարդ Սիրականյանի ցուցմունքները Զադոյանին վերագրվող մեղադրանքի տակ դնելը ծայրահեղություն է. դա արել են, քանի որ բավարար ապացույցներ չեն ունեցել, և պակասն այդպես են փորձել լրացնել:

Եվ անհասկանալի է, թե Զադոյանին ո՞ր գործողության համար են մեղադրում, երբ նա չի արել որևէ բան Սոսին օգնելու համար:

Զադոյանի մյուս պաշտպան Հրանտ Անանյանն էլ հավելեց, որ Գասպարյան եղբայրների վրա հարձակվողների հարցաքննության արձանագրություններից, հարցադրումներից ևս երևում է, որ քննիչի շահագրգռվածությունը չկա՝ Սոսին օգնելու համար /«կաշառքի» դիմաց/:

Ամբաստանյալ Գայանե Գալոյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը ներկայացրեց իր պաշտպանյալի կողմից Էրեբունու քննչական բաժնին ու դատախազությանը հասցեագրված գրությունները, որոնցում նշված են նրա առարկությունները՝ գործով քննիչի գործողությունների դեմ:

Պաշտպանը նաև ներկայացրեց Բաբկեն Գասպարյանի դիմումը՝ ուղղված ԱԱԾ-ին, որտեղ բողոքավորը հայտնել է, թե իրեն խաբել են, վերցրել են 3000 դոլար, բայց ոչինչ չեն արել: Խնդրել է ստուգել հանգամանքները:

Պաշտպանը, վկայակոչելով Հովհաննես Գասպարյանի ցուցմունքը այն մասին, թե քննչական բաժնում Գայանե Գալոյանն ասել է՝ «տանեմ՝ տամ գամ», խեղաթյուրվել է վկայի կողմից՝ փաստաբանին մեղադրելով ծանր հանցանքի մեջ. խոսքը եղել է ոչ թե կաշառք փոխանցելու, այլ վատառողջ կասկածյալին ավելի ուշ հարցաքննելու վերաբերյալ դիմումի մասին:

Փաստաթղթերի հետազոտումն ավարտվեց, և հաջորդ նիստին դատարանը կհարցաքննի Զադոյանի վերադաս Բունիաթ Եղիազարյանին, ում մասով առանձնացված վարույթը քննում է նույն դատարանի մեկ այլ դատավոր՝ Արշակ Վարդանյանը: Հետո դատարանը կանցնի ամբաստանյալների հարցաքննությանը, ապա՝ դատական վիճաբանությունների փուլին:

Տեսնենք՝ կգործի՞ չորս հրացանակիրների նշանաբանը՝ Բունիաթը՝ բոլոր 3 ամբաստանյալների համար, բոլորը՝ Բունիաթի, թե՞ կպարզվի, որ ոչ մի կաշառք էլ չի եղել, այլ պարզ սովորական, հնից մնացած «պատվեր» է եղել ամբաստանյալների կամ նրանցից որևէ մեկի դեմ, կամ էլ՝ կոռուպցիայի դեմ իմիտացիոն պայքար…

Հաջորդ դատական նիստը՝ սեպտեմբերի 11-ին:


Աղբյուրը՝ 1.am

loading...