ՀՀ Կառավարությունը հինգշաբթի օրվա նիստում ընդունեց մի որոշում, որը բավականին սպասված էր արտերկրներ գնացող-եկող մեր քաղաքացիների կողմից։

Օրինակ, Վրաստանից եկող մեր քաղաքացիները, որոնք առևտրով չեն զբաղվում, բավականին հաճախ բողոքում էին, որ սահմանի վրա իրենց թույլ չեն տալիս ներկրել այնտեղից գնված միրգը կամ այլ ապրանքները, որոնք ձեռք են բերել անձնական օգտագործման նպատակով։

Այժմ կառավարությունը որոշել է մեղմացնել այդ սահմանափակումները։ ԵԱՏՄ շրջանակում մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի ուժի մեջ մտնելու հետևանքով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված դրույթների և ապրանքների չափաքանակների վերանայման, ինչպես նաև իրավակիրարկման ընթացքում գործնականում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Փոփոխություններ են կատարվել նախկինում ընդունված որոշման մեջ, մասնավորապես՝ ակնհայտ առևտրային չափաքանակները գերազանցող ապրանքների հարկման բազաների որոշման, ֆիզիկական անձանց տրամադրվող ծանուցագրի ձևում օրենքին կատարվող հղման և այլ դրույթների, ինչպես նաև ԵՏՀ 20.12.2017թ. թիվ 107 որոշման ընդունման հանգամանքով պայմանավորված՝ նաև ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակների ամբողջովին վերանայման մասով:

Ըստ հիմնավորման՝ իրավակիրարկման ընթացքում գործնականում ծագել են մի շարք խնդիրներ, որոնց լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նաև համապատասխան փոփոխություններ կատարել՝ ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման ժամանակ ապրանքների արժեքի որոշման, ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերի, ինչպես նաև մի շարք ապրանքների չափման միավորների առնչությամբ:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ այս որոշմամբ անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձինք կկարողանան շատ ավելի մեծ ծավալներով որոշակի ապրանքներ ներմուծել Հայաստան՝ առանց մաքսային ձևակերպումների: Այդպիսով՝ սահմանված սահմանաչափերը բարձրացվում են։

Օրինակ, եթե նախկինում 5 կգ-ից ավելի սուրճ կամ թեյ ներմուծելու դեպքում քաղաքացիները ստիպված էին մաքսազերծել այդ ապրանքը (վճարել ԱԱՀ և մաքսատուրք), ապա այժմ թույլատրելի շեմը դարձել է 15կգ։

Կենդանական ծագում ունեցող մթերքների ներկրման թույլատրելի չափը 3կգ-ից դարձել է 30 կգ։

Ալկոհոլային խմիչքների դեպքում՝ եթե նախկինում թույլատրելի առավելագույն չափը 2 լիտր էր, ապա այժմ՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներկրելու դեպքում 3 լիտր է, ԵԱՏՄ անդամ պետություններից՝ 5լ (18 տարին լրացած մեկ անձի համար)։

Կամ՝ երեխայի տակդիրների հարցը հստակեցվել է։ Նախկինում 96 կոդի (տարբեր պատրաստի ապրանքներ, որոնց մեջ մտնում են նաև տակդիրները) տակ տարբեր ապրանքների ներկրման առավելագույն քանակը 6 հատ էր` յուրաքանչյուր ենթադիրքից, բայց 12 հատից ոչ ավելի։ Այժմ 96 ապրանքախմբից առանձնացվել է 9619 կոդը (կանացի հիգիենիկ միջադիրներ և խծուծներ (տամպոններ), մանկական խանձարուրներ և տակդիրներ ու նույնանման արտադրատեսակներ՝ ցանկացած նյութից) և ներկրման առավելագույն քանակ սահմանվել է 50կգ-ը։

Ապրանքների ամբողջական ցանկը, որոնք առանց մաքսային ձևակերպումների կարելի է ներկրել Հայաստան, կարող եք ներբեռնել հետևյալ հղումով։

Նշենք նաև, որ որոշումն ընդունվել է հուլիսի 9-ին, սակայն ուժի մեջ է մտնելու որոշման հրապարակումից 10 օր հետո։

loading...