ՀՀ պաշտպանության նախարարը հրաման է ստորագրել, որով ժամկետային պարտադիր զինծառայողներին թույլատրվում է բջջային հեռախոսներից օգտվել՝ որոշակի կանոնակարգերին ենթարկվելու պայմանով:
Ըստ հրամանի` զինծառայողին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրման, ձայնագրման, լուսանկարման և ինտերնետ հնարավորություններ չունեցող բջջային հեռախոս: Որոշ մասնագետներ, սակայն, վստահեցնում են, որ տեսալուսանկարահանման, ինտերնետ կապի հնարավորությունից զուրկ հեռախոսներ կան, բայց ձայնագրման հնարավորություն չունեցող հեռախոս գտնելը գրեթե անհնարին է, ներկայումս բոլոր հեռախոսներն ունեն ձայնագրման հնարավորություն:
Այդ առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Ավելի մեծ վտանգ ու ավելի մեծ անվերահսկելիության խնդիր կար, երբ ընդհանրապես արգելում ես ու փորձում ես վերահսկել, բայց ինքն, ամեն դեպքում, իմանալով, որ ոչ մի տեղ ու ոչ մի ժամ իրավունք չունի հեռախոսից օգտվելու, փորձում է գտնել այդ հեռախոսից օգտվելու տեղերն ու ժամը: Իսկ այս դեպքում, եթե դու օրվա մեջ իրեն տալիս ես ֆիքսված տեղեր ու ժամեր ու չես արգելում որոշակի տեսակներ, գոնե այդ սեգմենտը դուրս է գալիս: Վերահսկելիության խնդիր միշտ եղել է ու կա: 21-րդ դարում նորմալ չի, երբ մարդուն ընդհանրապես գիտության վերջին նվաճումից արգելում ես օգտվել»:
Հարցին՝ այսինքն, անկախ արգելքից, իրենք այլընտրանքային ճանապարհներ գտնո՞ւմ էին, դրա՞ համար թույլատրեցիք՝ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Կյանքը ցույց տվեց, որ մենք ունենում էինք խնդիր` իրենք փորձում էին գտնել, ու երբ ընդհանրապես բաց պատուհան չկար իրենց օգտվելու համար, ավելի վատ արդյունք էր լինում»: