Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական ՆՏՎ հեռուստաընկերությանը՝ հայտարարելով, որ քաղաքականություն է վերադառնում իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար: Քոչարյանի հարցազրույցի բովանդակությունը, ըստ էության, որևէ նոր բան չէր պարունակում՝ բացառությամբ այն հանգամանքի, որ Քոչարյանը ներկայումս տեղի ունեցողի համար, ըստ էության, մեղադրեց Սերժ Սարգսյանին՝ հայտարարելով, թե նա չպետք է փոխեր Սահմանադրությունն ու նաև չպետք է նախագահի պաշտոնից հետո գնար վարչապետի պաշտոնին: Ռոբերտ Քոչարյանը դա է համարում այն սխալը, որ դարձավ ապրիլ-մայիսյան իրադարձությունների պատճառ:

Զուտ իմաստային առումով սա ամենևին նորություն չէ, և առիթ ենք ունեցել դեռևս հուլիսի 26-ի նրա հարցազրույցից հետո արձանագրելու, որ Քոչարյանը բավականին թափանցիկ ակնարկով մեղադրում է Սերժ Սարգսյանին: Այժմ, փաստորեն, Քոչարյանը ուղիղ մեղադրանք է հնչեցնում այդ կապակցությամբ ու այն էլ՝ ռուսական հեռուստաալիքով: Սա մյուս հետաքրքիր ասպեկտն է՝ այն նկատառումով, որ երկրորդ նախագահը, փաստորեն, փորձելու է ակտիվորեն աշխատել Ռուսաստանի ուղղությամբ և ՆՏՎ հեռուստաընկերությամբ հարցազրույցում թեև այս հանգամանքի ուղիղ մատնանշում չկար, Ռուսաստանի անուն չկար, սակայն ակնառու է, որ երկրորդ նախագահը այս տեսանկյունից էլ սկսում է բացել խաղաքարտերը:

Այսպիսով, Քոչարյանի հարցազրույցում առկա է ուղիղ մեղադրանք Սերժ Սարգսյանին՝ նրա քայլերը ներկայացնելով որպես ստեղծված վիճակի պատճառ, և բավականին անթաքույց մտադրություն առ այն, որ նա փորձելու է իր քաղաքականություն վերադարձը, այսպես ասած, անհրաժեշտություն ներկայացնել ոչ միայն իր պատվի ու արժանապատվության, այլ նաև Ռուսաստանի համար:

Այստեղ էլ Ռոբերտ Քոչարյանը նոր մարտավարություն չէ, որ որդեգրում է, այլ պարզապես ավելի է բացում քարտերը: Միաժամանակ, այն, որ նա անցնում է, այսպես ասած, ավելի բաց խաղի, ինչին երբեք չի դավանել, հուշում է, որ Ռոբերտ Քոչարյանի համար ավանդական մեթոդաբանությունը չի տվել ցանկալի արդյունք, և նա ստիպված է, այսպես ասած, բացվել: Իսկ որքան Քոչարյանը խաղում է բաց, նա դառնում է այնքան խոցելի: Մյուս կողմից՝ չպետք է, իհարկե, բացառել, որ Քոչարյանը կարող է, այսպես ասած, բաց խաղի իմիտացիայով շեղել որևէ փակ գործընթացից: Տեսականում դրա հնարավորությունը կա, թեև գործնականում, իհարկե, դժար է պատկերացնել դա առանց իշխանական լծակների:

Երկրորդ նախագահի հարցազրույցն, ընդհանուր առմամբ, բավականին նուրբ հարված էր նաև ՀՀԿ-ին, այն ՀՀԿ-ին, որը առնվազն իր խոսնակի շուրթերով հայտարարում է նրա հետ գործակցության պատրաստակամության մասին: Ի վերջո նաև այդ ՀՀԿ-ն էր, որ Սերժ Սարգսյանին հռչակում էր անփոխարինելի վարչապետ, և ըստ այդմ՝ Ռոբերտ Քոչարյանը առնվազն անուղղակի մեղադրում է նաև Հանրապետականին ստեղծված իրավիճակի համար: Ո՞վ և ինչպե՞ս է պատասխանելու Քոչարյանին, թե՞ ներողություն են խնդրելու նրանից՝ սխալվելու համար:


Աղբյուրը՝ 1in.am

loading...