Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, և դա մեծ ձեռքբերում է։ Նման հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է վրացական Առաջին ալիքը։​

«Մեր մեծ նախնիները մեր հարաբերությունների այնպիսի հիմք են դրել, որ մեզ շատ հեշտ է տրվում դրանք ամրապնդելն ու հզորացնելը», - ասել է Վրաստանի վարչապետը։

Նա ընդգծել է, որ Վրաստանի ու Ադրբեջանի համատեղ տարածաշրջանային նախագծերն ունեն միջազգային ու պատմական նշանակություն։ Նա հատկապես շեշտել է տրանսպորտի, էներգետիկայի ու այլ ոլորտներում տարածաշրջանային համատեղ նախագծերում երկու երկրների արձանագրած առաջընթացը։

«Ես վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մենք կարող ենք մեծապես յուրացնել տարածաշրջանային նախագծերի մեր ամբողջ ներուժը։ Ուրախ եմ, որ աճում է մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը։ Այս տարի սպասվում է, որ այն կմոտենա 1 միլիարդի, սակայն ես կարծում եմ, որ սա դեռ ներուժի ամբողջական յուրացումը չէ», - ասել է Բախտաձեն՝ հույս հայտնելով, որ Վրաստանի ու Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունն առաջիկա երկու տարում կհաջողվի մեծացնել շուրջ 50-60 տոկոսով։


Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Նրա հետ հանդիպման ժամանակ Ալիևը նշել է, որ Բախտաձեի այցն ապացուցում է, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։

loading...