Օրերս մամուլի հաղորդագրությունների շարքում տեղեկություն էր հրապարակվել, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի դիմաց հերթ է գոյացել, այն էլ՝ 4 ժամանոց: Օգոստոսի 31-ին «Սպուտնիկ Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցով Քոչարյանը ըստ էության ցրեց այդ հերթը:

Հասկանալի է, որ հերթի կանգնածների նպատակը՝ անկախ նրանից, թե քանի ժամ պետք է սպասեին, Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձի միջոցով «կյանք վերադառնալն» է, այսինքն՝ այսպես ասած, նախկին կյանք, որ եղել է Հայաստանում մինչև թավշյա հեղափոխությունը: Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում հայտարարեց, թե ենթադրաբար կմասնակցի արտահերթ խորհրդարանի ընտրությանը, բայց դեռ չի մտածում ֆորմատի մասին, նրա այսպես ասած՝ մտահոգության հիմնական առարկան այն է, թե հանրային ինչ լսարան պետք է ապահովի իր համար: Ըստ երկրորդ նախագահի՝ ինքն աշխատելու է այն հանրային շերտերի ուղղությամբ, որոնք հիշում են իր նախագահության շրջանի տնտեսական հաջողությունները:

Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն այլ բան չէ, քան հայտարարություն այն մասին, որ ինքը չունի որևէ մեկի, այսպես ասած, գործակցության կարիքը, որովհետև լավ է պատկերացնում՝ չկա սուբյեկտ, ուժ, որն այդ հարցում օգտակար լինի իրեն: Քոչարյանը շատ պարզ և հստակ հայտարարում է, որ հույսը դնում է իր վրա: Սա պարզապես հռչակագրային խոսքեր չեն, սրանք վկայում են, որ Ռոբերտ Քոչարյանն այնուհանդերձ շատ լավ է պատկերացնում իր քաղաքական իրադրության բարդությունն ու հեռանկարների բավական մշուշոտությունը, լավ է պատկերացնում, որ իր շուրջը հավաքվող սուբյեկտները ամենամեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող օգնել իրեն, առավել ևս, որ նրանք օգնելու համար չեն էլ հավաքվում, այլ օգտվելու համար: Այդ պատճառով էլ նա «ցրում» է հերթը՝ բավականին թափանցիկ ակնարկելով, որ մի կողմից՝ ոչ ոք չի կարող իրեն օգնել, մյուս կողմից էլ՝ ինքը չունի որևէ մեկին օգնելու հնարավորություն, քանի դեռ պարզ չէ, թե ինչ է ստացվելու հանրության հիշողության ուղղությամբ աշխատանքից:

Խորքային առումով, սակայն, Ռոբերտ Քոչարյանի խնդիրը քաղաքականության մեջ ավելի պարզ է՝ դա ինքնապաշտպանությունն է հետհեղափոխական անցումային փուլում: Այստեղ Ռոբերտ Քոչարյանին մի կողմից՝ պետք է, իհարկե, «լայն ճակատի» իմիտացիա, բայց մյուս կողմից՝ իրականում գերազանցապես առանձին խաղ, այլոց հանդեպ հնարավորինս քիչ, նվազագույն պատասխանատվությամբ, որովհետև պատասխանատվության լայն շրջանակը, չավելացնելով նրա հնարավորությունները, փոխարենը բավական բարդացնում է մանևրի դաշտը՝ հաշվի առնելով այն, որ Քոչարյանի ուղեծրում հայտնվում են ուժեր, որոնք խոշոր հաշվով մեծ հետաքրքրություն չեն էլ ներկայացնում նոր իշխանության համար:

loading...