Մամուլում տեղեկություն է հրապարակվել, թե Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ լարվածությունը թուլանում է, իսկ դրա ուղղությամբ աշխատում է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:
Արկադի Ղուկասյանն ըստ երեւույթին լավ չի աշխատում, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն ՆՏՎ ռուսական հեռուստաալիքով Սերժ Սարգսյանին բաց տեքստով ներկայացնում էր որպես թավշյա հեղափոխության պատճառ, մասնավորապես Սահմանադրության փոփոխության եւ վարչապետի պաշտոնին առաջադրվելու հիմքով:
Այսինքն, այն, ինչ Քոչարյանը մինչ այժմ ասում էր ակնարկներով, արդեն ասում է բաց տեքստով: Նա իհարկե այլ տարբերակ չունի, որովհետեւ աշխույժ քաղաքականություն նրա վերադարձը կառուցվելու է հենց այն տրամաբանության վրա, որ ինքը ճիշտ էր, երբ գործնականում տասը տարի փորձում էր անուղղակի կերպով հավաստիացնել համակարգին, որ Սերժ Սարգսյանը տապալելու է ամեն ինչ եւ չի կարողանալու լինել համակարգի անվտանգության երաշխավոր:
Այլ հարց է իհարկե, որ Սերժ Սարգսյանը համաձայնել է այդ դերին՝ «մեղադրյալի» դերին, այդպիսով նպաստելով Ռոբերտ Քոչարյանի «կոնսոլիդացիոն» ներուժին: Այսինքն, Սարգսյանը ապրիլի 23-ին ասում էր, որ Նիկոլն է ճիշտ, իսկ ինքը՝ սխալ, հիմա էլ ասում է նաեւ, որ Ռոբերտն էլ ճիշտ էր, ինքը՝ դարձյալ սխալ:
Սերժ Սարգսյանի համար ներկայում հստակ է, որ ինչքան գեներացվի Քոչարյանի «կոնսոլիդացիոն» ներուժը, այնքան դա անտանելի բեռ է դառնալու Քոչարյանի համար: Այլ կերպ ասած, Սարգսյանը, ի տարբերություն նախագահական տասնամյակի, որտեղ նա ուներ իշխանության համար ուղիղ եւ անխուսափելի պատասխանատվություն, ներկայում իրեն կարող է թույլ տալ բոլորովին այլ մարտավարություն եւ «հանձնվել» Ռոբերտ Քոչարյանին, նրան հաղթել չդիմադրելով: Դա կարող է ստեղծել «լարվածության թուլացման» տպավորություն, մինչդեռ գործնականում դա Քոչարյանի նկատմամբ վերջնական հաղթանակի Սարգսյանի ճանապարհն է, որը թույլ է տալու նրա վրա «դուրս գրել» հնարավոր ու անհնար ամեն ինչ:
Իսկ նրա վրա հնարավորինս շատ բան դուրս գրելու համար պետք է հնարավորինս դուրս բերել ստվերային դաշտից բաց քաղաքականություն: Դրա համար պետք է չդիմադրել Ռոբերտ Քոչարյանին, ինչն էլ անում է Սերժ Սարգսյանը: Նա զբաղված է ՀՀԿ այսպես ասած վերափոխման ճանապարհային քարտեզով, ծրագրով, որը անձամբ քննարկում էր Կոնրադ Ադենաուեր գերմանական հիմնադրամի ռեգիոնալ ղեկավարի հետ: Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադարձը Սերժ Սարգսյանի այդ «արդիականացման» ծրագրի մաս է, որովհետեւ ծրագիրը անխուսափելիորեն պետք է ենթադրի նաեւ «քաղաքական թափոնի» կառավարում, այլ կերպ լինել չի կարող:
Քաղաքականություն վերադարձող Քոչարյանը միջոց է: Երկրորդ նախագահն անկասկած ինքն էլ լավ է գիտակցում այդ հանգամանքը եւ դա է նաեւ պատճառը, որ նա ՆՏՎ եթերում գնաց Սերժ Սարգսյանի հետ առճակատումը սրելու, նրան դիմակայության դաշտ բերելու:
Փոխարենը Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին ավելացնում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հերթը: Գրում են, թե այն արդեն 4 ժամանոց է: Որքան ծանրաբեռնված աշխատի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, այնքան թեթեւ կլինի Սերժ Սարգսյանի գրասենյակի գործը:
Աղբյուրը՝ armpost.net