Հեղափոխության հաղթանակից հետո վարչապետի ու նոր կառավարության անդամների անընդհատ պնդումները, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը վեկտորալ փոփոխությունների չի ենթարկվել՝ ինչ-որ իմաստով քողարկում էին բուն քաղաքականության կամ դրա կոնցեպտուալ բովանդակության բացակայությունը։ Այս ընթացքում մենք տեսնում ենք ակնհայտ բացթողումներ արտաքին քաղաքականության բնագավառում, որը վաղ թե ուշ իր արձագանքը պետք է ունենար նաև ներքաղաքական կոնֆիգուրացիայի վրա։ Նկատի ունենք Ռուսաստանի հանդեպ վարվող անայլընտրանք, միավեկտոր արտաքին քաղաքականությունը։ Ստեղծված իրավիճակից բավականին ճկուն օգտվեց Ռուսաստանը ու երեկ ականատես դարձանք դրա առաջին դրսևորումներին։
Ողբերգությունն այն չէ, ոչ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն, այլ այն, որ Մոսկվայի ակնհայտ գծագրմամբ ու պատրոնաժով Հայաստանում ձևավորվում է երկբևեռ միանգամայն վերահսկելի համակարգ՝ չնայած հեղափոխության իրողությանը, երկիրը հետ շպրտելով առնվազն հինգ տարի։
Պուտինի երեկվա հեռախոսազանգը ազդակ կհանդիսանա Ռոբերտ Քոչարյանի համար՝ ստեղծել, այսպես կոչված, «ռուսական» կուսակցություն։ Քոչարյանն այլ ասելիք ու անելիք, ըստ էության, չունի ու ռուսական գիծը նրա միակ հաղթաթուղթն է, եթե առհասարակ երրորդ երկրի գործոնի խաղարկումը հարիր է որևէ ինքնիշխան երկրի։
Սակայն՝ տվյալ պարագայում, վտանգավորն ոչ այնքան Քոչարյանի գործոնն է, այլ այն հանգամանքը, որ նրա միջոցով Մոսկվան Հայաստանում փորձում է վերականգնել, այսպես կոչված, ռուսական վասալության ռեժիմը, ինչի վերացման հիմքերը հեղափոխությունը, կարծես թե, ստեղծել էր։ Քոչարյանը կդառնա այն գործոնը, որի միջոցով Մոսկվան կստիպի Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հնարավորինս շատ հավատարմության երդում տալ Ռուսաստանին՝ դա արտահայտելով կոնկրետ քայլերով։
Եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությանը չհաջողվի արտաքին քաղաքականության մեջ գտնել ավելի ճկուն և ռացիոնալ լուծումներ, նա Քոչարյանի գործոնը չեզոքացնելու համար տրվելու է Մոսկվային հաճոյանալու կամ առնվազն անընդհատ հավատարմություն հայտնելու գայթակղությանը, այսինքն՝ տեղավորվելու է, այսպես կոչված, ռուսական գծի մեջ։
Սա իսկապես Հայաստանում ստեղծում է շատ վտանգավոր իրավիճակ՝ նաև ականապատելով հեղափոխության ճանապարհը։
Ռուսական օրենտացիա ունեցող երկբևեռ համակարգի ստեղծմանը նպաստեցին բազմաթիվ գործոններ, որոնք պայմանավորված չեն միայն Հայաստանի իշխանության տենդենցիոզ արտաքին քաղաքականությամբ։ Օրինակ՝ ակնհայտ է, որ մի կողմից՝ իշխանության նկատմամբ հեղափոխության դրսևորած մենաշնորհային հակումները(առայժմ, բարեբախտաբար, վաղ է խոսել ձևավորված քաղաքականության մասին), ինչի ամենաթարմ դրսևորումը՝ քաղաքային իշխանության նկատմամբ տոտալ միակուսակցական վերահսկողություն սահմանելու նպատակով «Իմ քայլ» դաշինքի ստեղծումն էր, մյուս կողմից՝ նախկինների հակահեղափոխական դիմադրության անիմաստ փորձերը հանգեցրեցին քաղաքական դաշտի «սև-սպիտակի» պարզունակ բաժանմանը, ինչը հնարավորություն չընձեռեց, ոչ հակահեղափոխական ընդդիմության, այսպես կոչված՝ դեմոկրատական հակակշռի ձևավորման համար։
Ներքաղաքական հաշվարկներից ելնելով՝ Նիկոլ Փաշինյանի թիմին թերևս ձեռնտու էր՝ որպես «այլընտրանք» ունենալ Ռոբերտ Քոչարյանին, ինչից էլ հմտորեն օգտվեց Մոսկվան՝ երկրորդ նախագահին դարձնելով միջոց Հայաստանում լրիվ վերահսկելի համակարգ ձևավորելու համար։
Հայաստանում մոտավորապես նման վիճակ ստեղծվել էր 2013-ի աշնան սկզբին, երբ պրոռուսական ոչ իշխանական բևեռը սպառնում էր եվրոասոցացման համաձայնագրի կնքմանը նախապատրաստվող Սերժ Սարգսյանի իշխանությանը։ Լեգիտիմությունից ու հանրային վստահությունից զուրկ Սերժ Սարգսյանն իր իշխանությունը պահեց, այսպես կոչված, եվրոուրացման գնով, որից հետո Մոսկվայից ստացավ նաև իր ռուսամետ ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու ինդուլգենցիան։
Հուսանք, որ Նիկոլ Փաշինյանն, ով ունի բացարձակ լեգիտիմություն ու հասարակական վստահության մեծ պաշար, չի տրվի նման պրիմիտիվ ու հեշտ լուծումների գայթակղությանը, որովհետև դա փաստացի կհանգեցնի հեղափոխության հաղթանակի չեղարկմանը, գոնե՝ արտաքին քաղաքական հարաբերություններում։ Ամբողջ խնդիրն այն է, որ առայժմ տեսանելի չեն նշաններ, որոնք թույլ կտան պնդել, թե Փաշինյանի կառավարությունը մտադիր է հրաժարվել Ռուսաստանի հանդեպ վարվող անայլընտրանք, միավեկտոր արտաքին քաղաքականությունից։