«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը։
– Պարոն Սուքիասյան, «Առաքելություն» կուսակցությունը մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքով։ Մեկ տարի առաջ էլ «Առաքելություն» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին դաշինք է կազմել ԲՀԿ-ի հետ՝ ստեղծելով «Ծառուկյան» դաշինք։ Եթե «Առաքելությունը» կարող է ԲՀԿ-ի հետ արժեքային ընդհանրություն ունենալ, ինչպե՞ս կարող է արժեքային ընդհանրություն ունենալ ՔՊ-ի հետ։
– Մեկ տարի առաջ Հայաստանում այլ իրավիճակ էր, ներկայումս այլ իրավիճակ է։ Մեզ համար կոնկրետ քաղաքական ուժի հետ չկա ինքնանպատակ կամ գերնպատակ համագործակցություն։ ԲՀԿ առաջնորդի հետ մենք պահպանել ենք մարդկային և քաղաքական լավ հարաբերություններ եռյակի ժամանակներից։ Եվ միայն անցած տարի չէ, որ մենք համագործակցել ենք։ Մեր համագործակցությունը գալիս է 14-15 թվականների շարժումներից և տրամաբանական շարունակություն է ստացել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ փորձելով երկրում իրավիճակ փոխել։ Ինչ վերաբերում է ներկայումս ՔՊ-ի հետ քաղաքական հարաբերություններին, ասեմ, որ դրանք նորից այս պահին սկիզբ չեն առել, նախկինում էլ եղել են անմիջական շփումներ, իսկ հեղափոխության օրերին՝ ապրիլի 20-ին, մեր կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում համերաշխություն է հայտնել հեղափոխությանը և կոչ է արել ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։ Եթե հիշում եք ապրիլի 20-ի մթնոլորտը՝ այդ ժամանակ ամեն ինչ միանշանակ կանխատեսելի չէր։ Կարելի է ասել, որ մենք առաջիններից մեկն ենք եղել, որ աջակցություն և համերաշխություն ենք հայտնել հեղափոխությանը։ Առհասարակ, մենք առաջնորդվում ենք այդ պահին ստեղծված պրոցեսների հրամայականով։ Քաղաքականությունը կոմպրոմիսների դաշտ է, քաղաքականությունը հնարավորը իրականություն դարձնելու դաշտ է, և երբեք մեզ ոչինչ չի կաշկանդել գնալու տվյալ պահին ամենաուժեղ և ամենածանրակշիռ քաղաքական գործընթացի հետևից։
– Այսինքն՝ 2008-ին էլ, երբ ՀԱԿ-ի կողքին էիք, դարձյալ քաղաքական գործընթացների տրամաբանությունից ելնելո՞վ էիք աջակցում։
– Ես ՀԱԿ-ին չեմ աջակցել, ես եղել եմ 2007-08 թվականների շարժման հիմնադիրներից։ Եվ ոչ թե մենք ենք աջակցել, այլ մեզ են աջակցել։ Ես պատահական մարդ չեմ քաղաքականության մեջ, և երբ կային այսօրվա ֆեյսբուքյան լայվերը, 2007-08թթ. սկսած Նիկոլ Փաշինյանի հետ փողոցներում թռուցիկներ էի բաժանում, բարձրախոսով իրազեկում, CD-ներ բաժանում, ոստիկանական բաժանմունքներ և այլն։ Այս ամենի միջով անցել եմ և երբևէ չեմ առաջնորդվել որևէ անձի գերա կամ թերագնահատմամբ։ Էականը եղել են գործընթացները, և միշտ առաջնորդվել եմ սկզբունքներով և համոզմունքներով։
– ԲՀԿ-ն նույնպես մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին։ Ձեզ ի՞նչը խանգարեց, որ այս անգամ նրանց հետ որոշեցիք չգնալ։
– Որևէ առանձնահատուկ խանգարող հանգամանք չի եղել։ Ընտրական գործընթացները տեղի են ունենում համապատասխան մթնոլորտում, համապատասխան քննարկումներ են լինում։ Եթե հիշում եք, մամուլում եղել է քննարկում, որ մեր քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանն անգամ թեկնածուների շարքում էր։ Նա 2013-ին կուսակցության թեկնածու է եղել, մենք լավ առումով ներգործություն ենք ունեցել նաև «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի կազմման աշխատանքների վրա։ Այսինքն՝ մենք բնական համագործակցության ճանապարհով ենք հանգել այս որոշմանը և ոչ թե ինչ-որ մի բան բացառելու կամ մերժելու եղանակով։
– Չորս դաշինք և ինը քաղաքական ուժ է մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին։ Որքանո՞վ մրցակցային կլինեն այս ընտրությունները։ Տեսակետ կա, որ առաջին տեղի համար պայքար չի լինի, քանի որ «Իմ քայլը» դաշինքը կհաղթի։
– «Իմ քայլը» դաշինքը ընտրապայքարի ակնհայտ ֆավորիտն է։ Եվ կարծում եմ, որ «Իմ քայլը» դաշինքի ձայների թիվը գերակշիռ է լինելու։ Ասպարեզում կան նաև այլ քաղաքական միավորներ, որոնք պատշաճ մասնակցություն և քվե կունենան։ Կարծում եմ՝ ավագանիում ներկապնակը բազմազան է լինելու, և ունենալու ենք ազատ և արդար ընտրություններ։
– Կարծում եք՝ ամենամե՞ծ խմբակցությունն է լինելու Երևանի ավագանիում։
– Անշուշտ, ամենամեծ խմբակցությունն է լինելու, և տարբեր մասնագիտությունների, տարբեր զբաղմունքների տեր մարդկանց ներգրավվածությունը ապահովելու է ավագանու մասնագիտական դիվերսիֆիկացիան, որպեսզի տարբեր ոլորտների հետ կապված՝ ավագանիում լինեն իրազեկ մարդիկ։ Եվ երևի թե ավագանու իմաստը դա է, որպեսզի տեղում լիարժեք, նաև մասնագիտական քննարկումներ լինեն ցանկացած փաստաթղթի, ցանկացած հարցի վերաբերյալ։ Եվ այս առումով կարող եմ ասել, որ դաշինքի ցուցակը շատ բազմազան է, իսկ «Առաքելություն» կուսակցությունն էլ շատ պատշաճ կերպով է հանդես եկել և կրթական ու մասնագիտական բարձր ցենզ ունեցող թեկնածուների է առաջադրել դաշինքի շրջանակում։
– Խորհրդարանական ընտրություններին ի՞նչ ձևաչափով եք մտադիր մասնակցել։ Կա՞ արդեն որոշում։
– Այս պահին խորհրդարանական ընտրությունների հետ կապված որոշում չունենք։ Սովորաբար մենք խորհրդարանական ընտրությունների հետ կապված որոշումը կայացնում ենք համագումարով։ Կախված այն հանգամանքից, թե երբ տեղի կունենան այդ ընտրությունները, ԸՕ-ի բարեփոխումները, և առհասարակ ինչպիսի՞ մթնոլորտ կլինի, այդ ամենից ելնելով՝ մենք նոր կունենանք կուսակցական բարձրագույն մարմնի որոշում և հաստատ անմասն չենք մնա քաղաքական գործընթացներից։
– Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ կարող է լուրջ կոնսոլիդացիոն կենտրոն դառնալ։ Այս առումով մտավախություն չունե՞ք Հայաստանում ներքաղաքական կյանքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված։
– Ռոբերտ Քոչարյանը ապրիլյան իրադարձությունների ժամանակ հայտարարում էր, որ իշխանությունը ճամպրուկ չէ, որ հանձնես մեկին, նույն օրինակով կարելի է ասել, որ քաղաքականությունը բաջանաղիդ տղայի հարսանիքը չէ, որ գնաս՝ հետո նորից վերադառնաս։ Ես Ռոբերտ Քոչարյանին երբեք չեմ համարել քաղաքականության մեջ։ Նա եղել է չինովնիկական կարիերայի ցցուն դրսևորում, և անգամ իր պաշտոնավարման տարիներին նա գործնականում չի եղել քաղաքականության մեջ։ Քաղաքականություն առաջին հերթին նշանակում է մտքերի բախում և բազմակարծություն։ Եվ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները չես բնորոշի որպես մտքերի բախման և բազմակարծության տարիներ։
Ինչ վերաբերում է մտավախություն ունենալ-չունենալուն, այն, որ ինքը փորձելու է իր գործունեության Քրօրենսգրքին առնչվող դրվագները զրահապատել քաղաքական գործունեությամբ, ակնհայտ է, բայց ես սա ընդամենը փորձ եմ որակում: Մեր հասարակությունը, հաղթահարելով քոչարյանական և սարգսյանական կառավարման տարիների մղձավանջը, երբ վերջակետ դրեց բիրտ մեթոդներով իշխանությունն ուզուրպացնելու և պահելու արատավոր պրակտիկային, այդ նույն հասարակությունը հաստատ գրկաբաց չի ընդունելու և չի հանդուրժելու նման քաղաքական աճպարարների։ Եվ կարճ ժամանակ անց բոլորս էլ համոզվելու ենք, որ որևէ հանրային քաղաքական հենարան Քոչարյանը չունի և դատապարտված է ապավինելու միայն սիրո և համերաշխության հեղափոխության արդյունքում ստեղծված հանդուրժողականության մթնոլորտին։