Կրեմլի կայքում տեղեկություն է հրապարակվել Ռոբերտ Քոչարյանին ՌԴ նախագահ Պուտինի շնորհավորանքի մասին՝ ծննդյան օրվա առիթով, հեռախոսազրույցի ընթացքում՝ ջերմ շնորհավորանքի: Այդքանը, բայց այդքանն էլ անշուշտ բավական է լինելու Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի հանգամանքով ոգևորված նախկին համակարգի շրջանակներին, որպեսզի այդ հեռախոսազանգի վրա կառուցվի Քոչարյանի ուժի և հեռանկարների առնվազն մարտավարությունը:
Մյուս կողմից՝ պետք է համաձայնել, իհարկե, որ այնքան էլ սովորական բան չէ, երբ ՌԴ նախագահը շնորհավորում է Հայաստանի նախկին նախագահին: Առավել ևս, երբ կարծես թե նախկինում չեն եղել այդպիսի՝ գոնե հրապարակային շնորհավորանքներ: Այդ իմաստով Կրեմլի պաշտոնական կայքում հայտնված այդ՝ թեկուզ սուղ տեղեկատվությունը հատկանշական է, առավել ևս, որ խոսքը Կրեմլի կայքում տեղ գտած հաղորդագրության մասին է:
Ըստ այդմ՝ առաջին հարցը, որ ծագելու է այդ համատեքստում հանրության մեջ, այն է, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձը վայելո՞ւմ է Պուտինի հովանավորությունը, աջակցությունը: Այստեղ թերևս արժե հիշել, որ Պուտինը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զանգահարել էր նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, երբ Սերժ Սարգսյանն արդեն մի քանի օր հրաժարական էր տվել, և Կարեն Կարապետյանն էր փորձում իր ձեռքը վերցնել ղեկավարումը:
Ընդ որում, այդ շրջանում ակնառու էր նաև Ռոբերտ Քոչարյանի առաջին միջամտությունը, հայտնի դրվագը ՆՏՎ-ի եթերում, նաև Ռոբերտ Քոչարյանի հավատարիմ անձանցից մեկը համարվող Արմեն Գևորգյանի այցը Մոսկվա: Ի դեպ, այդ այցը բերեց նաև տեղեկատվական կազուսի, երբ այստեղ տարածվեց, որ հանդիպել են Կրեմլի վարչակազմի ներկայացուցիչների հետ, իսկ Կրեմլի խոսնակն էլ ասաց, թե իրենց այդպիսի բան հայտնի չէ՝ իրենք աշխատում են Սանկտ Պետերբուրգում: Դրանից հետո, իհարկե, տարածվեց Կարապետյանի հետ Պուտինի խոսակցության մասին հաղորդագրությունը: Բայց, ինչպես ցույց տվեց իրադարձությունների զարգացումը, դա ամենևին չօգնեց իրադարձությունների ընթացքը փոխելուն: Սա իհարկե արժե դիտարկել այն համատեքստում, թե արդյո՞ք Կրեմլից որևէ զանգ կամ շնորհավորանք նշանակում է անվերապահ հաջողության բանալի:
Մյուս կողմից, իհարկե, եղածը անշուշտ ունի դիտարկման կարիք, և այստեղ, իհարկե, դարձյալ ծագում են հարցեր: Մասնավորապես, ՌԴ նախագահը պարզապես մարդկայնորեն, մտերմաբար փորձում է ընդառաջել Ռոբերտ Քոչարյանի խնդրանքին, ինչի մասին կարող է վկայել գուցե այն, որ հաղորդագրությունում չկա որևէ ավելի բառ քաղաքականության մասին, թե՞ հաղորդագրությունն ինքնին արդեն բավականաչափ քաղաքականություն է և հուշում է, որ այն ստանում է նոր ու հետաքրքիր երանգներ:
Ակնառու է, որ այսպես թե այնպես սա թեմա է հայ-ռուսական հարաբերության օրակարգում, որը կարիք ունի պարզաբանման՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի շուրջ զարգացումները, նրա քաղաքական ակտիվության հայտը և նրա դիրքավորումն ու գնահատականները Հայաստանի նոր իշխանության հանդեպ:
Այս համատեքստում Երևանն ունի պարզելու անհրաժեշտություն, թե ինչի՞ հետ գործ ունի՝ որևէ զգուշացմա՞ն, դեմարշի՞, թե՞ պարզապես Ռուսաստանն էլ յուրովի է պատկերացնում հայ-ռուսական հարաբերության վերափոխման գործընթացը, և ըստ այդմ՝ այն այլևս չի կառուցելու միայն իշխանական հարթությունում, այլ կփորձի այդ գործընթացը կապել տարբեր թելերով և ըստ այդմ՝ ոչ թե նոր իրավիճակ ձևավորելու կամ վերաձևավորելու, այլ արդեն առկա նոր իրավիճակում պարզապես հավելյալ երաշխիքներ ապահովելու համար: