Պարզվում է՝ ասպիրինը վտանգավոր է սիրտ-անոթային հիվանդություններով մարդկանց համար: Այսպիսի եզրահանգում է կատարել Օքսֆորդի (Բրիտանիա) գիտնականների խումբը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են միանգամից մի քանի պարբերականներում, մասնավորապես՝ Lancet և The New England Journal of Medicine ամսագրերում, ինչպես նաև ներկայացվել են Մյունխենում կայացած Սրտաբանների եվրոպական միության հանդիպման ժամանակ:

Նախկինում կարծիք կար, որ ամեն օր ասպիրինի ոչ մեծ դոզաներ ընդունելով մարդը կարող է նվազեցնել սրտի և գլխուղեղի կաթվածի հավանականությունը: Սա հատկապես խորհուրդ էր տրվում նրանց, ովքեր սրտի հետ կապված խնդիրներ ունեին: Սակայն, վերջին տվյալներով, ասպիրինը նրանց ոչ միայն չի օգնում, այլև կարող է արյունահոսություն առաջացնել:

Վերջին հետազոտություններն ընդգրկել են փորձարկվողների ահռելի ընտրություն, որոնք տարբեր հիվանդություններ ունեին՝ սկսած անոթների խնդիրներից, ավարտած դիաբետով:

Անցկացված հետազոտության համաձայն՝ ասպիրին դեղամիջոցը չի արդարացրել իր հանրահայտությունը սրտի նոպաների և կաթվածների կանխման վերաբերյալ այն մարդկանց շրջանում, որոնք նախկինում առողջության հետ կապված նման խնդիրներ չեն ունեցել:

Գիտնականները փորձել են պարզել ասպիրինի կիրառման դրական էֆեկտը դիաբետով մարդկանց մոտ, որոնք, մեծ հավանականությամբ, մահանում են սրտի հետ կապված խնդիրներից, և հայտնաբերել են, որ ոչ մեծ բուժական էֆեկտը փոխհատուցվել է ծանր արյունահոսության մեծ վտանգով: Ասպիրինը ոչ մի ձևով չի ազդում բարձր ճնշմամբ կամ խոլեստերինով հիվանդների վրա: Ծխողները նույնպես հայտնվել են այն խմբում, որի վրա ասպիրինը չի ազդում:

Նախկինում գիտնականները ենթադրում էին, որ ասպիրինը կնվազեցնի քաղցկեղային ուռուցքի զարգացման հավանականությունը, սակայն սա ևս առասպել է:

«Եթե դուք առողջ եք, ապա, հավանաբար, չարժի այն ընդունել»,- ասել է հետազոտության ղեկավարներից մեկը՝ Անգլիայի Օքսֆորդի համալսարանի բժիշկ Ջեյն Արմիթիջը:

Հետազոտությանն ընդհանուր մասնակցել է ավելի քան 12 հազար մարդ: 10 տարի շարունակ մի խմբին տվել են օրական 100 միլիգրամ ասպիրին, մյուսը փուչ դեղ է ստացել: Արդյունքում պարզվել է, որ մարդիկ, որոնք հաճախ են ասպիրին ընդունել, տառապել են արյունահոսություններով՝ ստամոքսի, քթի և աղիների:

loading...