Երեկ տեղի է ունեցել գումարների վատնումներին ու յուրացումներին վերաբերող հերթական խոշոր բացահայտումը, որը դարձյալ հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Քրեական գործով անցնող հիմնական ֆիգուրանտը՝ ԼՂՀ նախագահի խորհրդական, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանը, նշանային կերպար է ու գտնվում է տարբեր շահերի բախման կիզակետում։ Արցախյան պատերազմի հայտնի հրամանատարներից մեկը երկար տարիներ զբաղեցրել է Հայաստանի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, 2000-ականների սկզբին եղել է Սերժ Սարգսյանի անմիջական շրջապատում, ու Երկրապահի վերնախավում, ըստ լավատեղյակ աղբյուրների, ներկայացրել է հենց երրորդ նախագահի շահերը։ Մյուս կողմից՝ Աղաբեկյանը Արցախի էլիտայի ներկայացուցիչ է, մինչև սահմանադրական փոփոխությունները զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը ու պատահական չէ, որ նրան առաջադրված մեղադրանքը երեկ շատ արագ կոնսոլիդացրեց քաղաքական համակարգի արցախյան սեգմենտին։ Արթուր Աղաբեկյանը նաև ՀՅԴ ներկայացուցիչ է ու այս բոլոր գործոնները միասին վերցրած՝ բավականին ինտրիգային են դարձնում նրա շուրջ ծավալվող իրավական գործընթացները, որոնք հաստատապես չեն մնալու զուտ այդ հարթության վրա ու ունենալու են նաև քաղաքական դրսևորումներ, որոնք մի կողմից՝ նոր հստակեցումներ են մտցնելու Հայաստանի ու Արցախի իշխանություների հարաբերություններում, մյուս կողմից՝ գուցե իսկապես դիսկուրսի առարկա դառնա այն հարցը, թե ինչպե՞ս արմատախիլ անել կոռուպցիոն երևույթները բանակում, նրա հետ ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեցող կառույցներում՝ առանց ստվերելու զինված ուժերի, պատերազմի բովով անցած հայտնի հրամանատարների հեղինակությունը։
ՀՀ քննչական կոմիտեն երեկ տեղեկացրել էր, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում առանձնապես խոշոր չափերի (շուրջ 54 մլն դրամ) գումարի վատնման դեպքեր են բացահայտվել «Մարտիկ» հիմնադրամում. Մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին։
Դրան անմիջապես հետևեց գեներալ Արթուր Աղաբեկյանի հայտարարությունը։ «Բարեկամներիս տեղեկացնեմ, որ չընդունելով մեղադրանքը՝ շարունակելու եմ համագործակցել քննչական մարմինների հետ։ Խոստանում եմ պարբերաբար իմ իրավասության շրջանակում այս մասին տեղեկացնել իմ հեղինակությամբ և «Մարտիկ» հիմնադրամի ապագայով մտահոգվող ընկերներիս և բարեկամներիս»,– ասվում էր Արթուր Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Երեկ ուշ երեկոյան Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և ընկերները հայտարարություն են տարածել «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ՝ նշելով, որ պատրաստակամ են դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք անել մեղադրանքում նշված գումարը։
«Մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանին։ Մենք քաջատեղյակ ենք և ականատեսը «Մարտիկ» հիմնադրամի հայրենանվեր բազում ծրագրերի, որոնք իրականացվել են Արցախում՝ հանուն Արցախի պաշտպանության և անվտանգության, հանուն հայ զինվորի մարտունակության և ազատամարտիկի արժանապատվության։ Միևնույն ժամանակ տեղյակ լինելով, որ Արթուր Աղաբեկյանը չի ընդունել մեղադրանքը՝ մենք պատրաստակամ ենք դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք անել մեղադրանքում նշված գումարը՝ վստահ լինելով, որ «Մարտիկ» հիմնադրամը այսուհետ ևս գործելու է հանուն Արցախի անվտանգության և հայ զինվորի ու սահմանապահի մարտունակության»,– ասվում է տարածված հայտարարությունում։
Առաջին հերթին՝ ուշագրավ է Արայիկ Հարությունյանի տարածած հայտարարությունը։ Այն բազմաշերտ է ու, ըստ էության, տարբեր ուղերձներ է պարունակում։ Մի կողմից՝ Հարությունյանն առաջարկում է մի մեխանիզմ, որը կարող է ունիվերսալ լինել ու կիրառվել այլ աղմկահարույց քրեական գործերում ևս։ Եթե խնդիրը մարդուն նստեցնելը չէ, այլ՝ պետությանը, տվյալ դեպքում՝ բանակի ու ազատամարտիկների հետ առնչություն ունեցող «Մարտիկ» հիմնադրամի գումարները վերականգնելը(ինչի մասին, ի դեպ, այլ գործերի հետ կապված բազմաթիվ անգամներ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը), ապա ԼՂՀ նախկին վարչապետն առաջարկել է մեխանիզմ, որի միջոցով հնարավոր է մի կողմից՝ բացահայտել կոռուպցիոն երևույթները, մյուս կողմից՝ հանրային շոու չսարքել ու չվարկաբեկել բանակի կամ նրա հետ ասոցացվող մարդկանց հեղինակությունը։ Աղաբեկյանն, ի վերջո, բանակի գեներալ է, Արցախի հերոս, ու եթե հնարավոր է վերականգնել նրա գործողությունների պատճառով հասցված վնասը՝ չենք կարծում, որ լավագույն ճանապարհը նրան վարկաբեկելն է կամ նրա վրա հեղափոխության մոլի «ֆանատների» ֆեյսբուքյան գրոհ կազմակերպելը։ Այս հարթության վրա Հարությունյանի առաջարկած լուծումը նույնիսկ ռացիոնալ է թվում, որը մի կողմից՝ լուծում է այն հիմնախան խնդիրը, որը հետապնդում է քննությունը, մյուս կողմից՝ դադարեցնում է անհարկի զրույցները «հերթական կոռումպացված գեներալի» պոպուլյար թեմայով։ Կրկնում ենք՝ Հարությունյանի առաջարկած մեխանիզմը կարող է նախադեպային դառնալ նման գործերում։
Մյուս կողմից՝ Հարությունյանն այս պարագայում շահագրգիռ անձ է․ Արթուր Աղաբեկյանը երկար տարիներ Արցախի կառավարությունում եղել է նրա տեղակալը։ Արդյո՞ք նախկին վարչապետը չի աջակցում իր տեղակալին կամ չի առաջարկում գործարք՝ քննությունն, այսպես ասած, լոկալացնելու նպատակով, որպեսզի այն չմտնի գեներալի գործունեության այլ ոլորտներ, որտեղ ուղղակիորեն կարող են շոշափվել Արայիկ Հարությունյանի շահերը։ Այստեղ միանշանակ պատասխաններ չկան, որովհետև Հարությունյանի անձի շուրջ Արցախում կան տարբեր ու տրամագծորեն հակադիր կարծիքներ․ ոմանք նրան համարում են ռեֆորմիստ ու կայացած գործարար, մյուսները՝ նրա անունը կապում են համակարգային կոռուպցիայի հետ։
Մյուս կողմից՝ համառորեն լուրեր են պտտվում, որ հենց Արայիկ Հարությունյանն է Արցախի 2020-ի նախագահական ընտրություններում լինելու Հայաստանի ու Արցախի իշխանությունների կոնսենսուային թեկնածուն։ Պատահական չէ, որ լինելով նախորդ համակարգի ներկայացուցիչ՝ Արայիկ Հարությունայնաը փորձեց ինտեգրվել հեղափոխությանը՝ ապահովելով մոտ հազար արցախցիների մասնակցությունը Փաշինյանի օգոտոսի 17-ի հանրահավաքին։ Շատ հնարավոր է, որ Արայիկ Հարությունյանը երեկվա հայտարարությունն արել է հենց իր նոր կարգավիճակից ելնելով՝ Արցախի էլիտայի անունից «հաշտություն» առաջարկելով Հայաստանի իշխանությանը կամ քննությունն իրականացնող մարմնին։
Սակայն անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի ընթացք կունենա կոնկրետ քրեական գործը՝ շարունակում է մտահոգիչ մնալ այն հանգամանքը, որ հայկական բանակի գործող կամ նախկին գեներալներ ներքաշված են եղել կոռուպցիոն գործարքներում կամ տնտեսական հանցագործությունների մեջ՝ իրենց կամքով կամ նախկին համակարգի տրամաբանությամբ։ Մսխված կամ յուրացված գումարները կվերականգնվեն, իսկ ո՞վ է վերականգնելու բանակի, նրա գեներալիտետի հեղինակությունը․․․