ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ռուսաստանյան НТВ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին անդրադարձը քաղաքական գնահատականների համատեքստում էին: Դրանց շարքում առանձնանում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանի արձագանքը , որը տնտեսական համատեքստում է: Ազգագրագետը սոցցանցի իր էջում գրել է:
«Ես լուռ սպասում էի, որ «իմ նախագահության շրջանում հինգ անգամ բարձրացել է համախառն ներքին արդյունքի արտադրությունը», «ամեն տարի 35-40 հազար մարդ աշխատանք է ստացել», «Հայաստանի տնտեսությունն աճում էր թռիչքաձև», «Հայաստանը կովկասյան վագր էր», «էապես փոխվել էր կյանքի որակը» և այլն օրերս շրջանառության մեջ դրված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին կարձագանքեն տնտեսագետները, բայց դրանց չհանդիպեցի, գուցե՝ լրահոսի բացթողումներիս պատճառով: Այս հայտարարությունները ոչ միայն «ինքնապաշտպանական» են, այլև «քաղաքականություն վերադարձի» հայտ են, առնվազն հայտ են Հայաստանի ձևավորվող քաղաքական մշակույթը կրկին ստի դաշտ տեղափոխելու, քանի որ դրանք քաղաքական աճպարարության նոր ցուցանիշներ են սահմանում:
Ստիպված եմ հանրությանը որոշ թվեր հիշեցնել: Ոչ փորձագիտական, միանգամայն պաշտոնական: Այն թվերը, որոնք ՌՔ իշխանության տարիներին կառավարման մարմինները տվել են Հայաստանի վիճակագրական ծառայությանը, և որոնցով այդ ծառայությունը հաշվել է իրենից պահանջվող ամփոփումները: Այսինքն՝ այս թվերը կարող են վիճարկելի լինել, վերլուծելի լինել, քննարկելի լինել, կասկածելի լինել բոլորի, բայց՝ ոչ իշխանության, առավել ևս՝ ոչ ՌՔ-ի համար:
Եվ այսպես, Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ իր իշխանության տարիներին Հայաստանում հինգ անգամ (!!!) ավելացել ՀՆԱ-ն: Նայենք թվերը.
2000թ.- ՀՆԱ-ի արտադրությունը կազմել է 1032629.9 դրամ,-http://www.armstat.am/file/article/sv_12a_2000_111.pdf, էջ 10
2002թ. – ՀՆԱ-ի արտադրությունը կազմել է 1357280.3 դրամ, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով կազմել է 357.3 հազար դրամ կամ 623 ԱՄՆ դոլար(դոլարի համարժեքը՝ 573 դրամ),http://www.armstat.am/file/article/sv-12a-02-iii.1.1.1..pdf, էջ 10
2003թ. ՀՆԱ-ի արտադրությունը կազմել է 1618577.0 մլն դրամ, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով կազմել է 504.0 հազար դրամ կամ 871 ԱՄՆ դոլար(դոլարի համարժեքը՝ 578.5 դրամ),,-http://www.armstat.am/file/article/sv_12_03a_111.pdf.pdf, էջ 10
2004թ., ՀՆԱ-ի արտադրությունը կազմել է 1893436.2 մլն դրամ,http://www.armstat.am/file/article/sv_12a_04_111.pdf, էջ 12
2005թ., ՀՆԱ-ի արտադրությունը, շուկայական գներով՝ 2228027.5 մլն դրամ, հիմնական գներով՝ 2038366.5,-http://www.armstat.am/file/article/sv_12_05a_0.pdf, էջ 7
2006թ.,- ՀՆԱ-ի արտադրությունը կազմել է 2665036.6 մլն դրամ, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 827394 դրամ (1989 ԱՄՆ դոլար(դոլարի համարժեքը՝ 415.9 դրամ) կամ 1587 եվրո):http://www.armstat.am/file/article/sv_12_06a_111.pdf, էջ 10
2007թ., ՀՆԱ-ի արտադրությունը կազմել է 3139353.9 մլն դրամ, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 973021 դրամ (2844 ԱՄՆ դոլար (դոլարի համարժեքը՝ 342 դրամ) կամ 2080 եվրո)
Արդյունքում պաշտոնական թվերով 2007-ին 2000թ.-ի համեմատ ՀՆԱ-ն ավելացել է 3, 2002թ.-ի համեմատ՝ 2.3 (!!!) անգամ: Հետազոտություններից մեկի համաձայն «2008-ին նոր արդյունքի կամ եկամուտների մակարդակն իրական արտահայտությամբ ավելի քան կրկնակի գերազանցեց 2000 թվականի, մոտ 3 անգամ` 1995 թվականի և մոտ 1.7 անգամ` 1990 թվականի մակարդակները» https://asue.am/…/files/amberd-economic-policy/Amberd_26.pdf):
Ինչ խոսք՝ լավ արդյունք է, բայց ո՛չ հինգ անգամ: Նախկին նախագահը կարող է հպարտանալ իր ժամանակի տնտեսական աճի թվերով, և զարմանալի է, որ նա սուտ է ասում: Նախկին նախագահի սուտը կրկնակի թիվ է ցույց տալիս: Ճիշտ է՝ նույնիսկ լավ լինելու դեպքում այս թվերում բազում կասկածելի բաներ կան, մետամորֆոզներ կան: Օրինակ, այս թվերով 2007-ին 2000-ի համեմատ ՀՆԱ-ն ավելացել է 3, 2002թ.-ի համեմատ՝ 2.3 անգամ, բայց մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն դրամով (2007-ին՝ 973021 մլն) 2002-ի մեկ շնչին ընկնողից (357.3 հազար դրամ) ավելացել է 2.7 անգամ, իսկ նույն ցուցանիշը դոլարով ֆանտաստիկ տարբեր է՝ 4.5 անգամ (2007թ.ին՝ 2844 ԱՄՆ դոլար, իսկ 2002-ին՝ 623 ԱՄՆ դոլար):
Ենթադրում եմ, որ արդյունքները դոլարով հաշվել սիրող Քոչարյանը ՀՆԱ-ի աճը Հայաստանում հիշել է դոլարային արժեքով և միայն մի փոքր է ավելացրել, անշուշտ հիմք ընդունելով 2002-ի դոլարի զարմանալի բարձր կուրսը՝ 573 դրամ, և 2007թ.-ի նույնքան զարմանալի ցածր կուրսը՝ 342 դրամ: Բարձր թվեր ներկայացնելու ցանկություն ունեցողների համար հաշվելու հրաշալի տեխնիկա, հատկապես, երբ թվերը հայտարարելու պահին հարցեր տվողներ չկան:
Բայց հաշվելու այս հրաշալի տեխնիկային տիրապետող պարոն Քոչարյանին իր տեխնիկան չի օգնում իր իշխանության տարիների համար տարեկան նոր 35-40000 հազար աշխատատեղ հաշվել, ինչն ընդհանուր առմամբ տաս տարվա ընթացքում պետք է հանգեցներ առնվազն 350.000 աշխատատեղի: Չկա, չի եղել այդպիսի բան: Մոռանանք շարունակվող արտագաղթը, ինչը բացվող աշխատատեղերի դեպքում պիտի նվազեր, մոռանանք աշխատավարձի չափը, մոռանանք շինարարարական աշխատանքների ընթացքում փաթեթով աշխատանքներից ազատումների և փաթեթով աշխատանքի ընդունվողների մասին: Կրկին՝ միայն թվեր, չոր թվեր: 1999թ. գործազրկության իրական մակարդակը հաշվվել է տնտեսապես ակտիվ բնակչության 34.4 տոկոսը (http://www.armstat.am/file/article/sv_12a_2000_141.pdf, էջ 84): Սակայն ինչ որ տրամաբանությամբ 2000թ. և հետո՝ շարունակաբար, երկրի տնտեսապես ակտիվ համարվող բնակչության 88 և ավել տոկոսը համարվել է զբաղված: Բավական է հանել «գործազուրկի» կարգավիճակ ստացածների թիվը, մնացյալը կհաշվվի «զբաղված».
2000թ., երկրի բնակչության մեջ 1452.5 տնտեսապես ակտիվ մարդ, որից զբաղվածների թվաքանակը՝ 1283.0 մարդ ,-http://www.armstat.am/file/article/sv_12a_2000_141.pdf էջ 84(այսինքն՝ զբաղված էր համարվում տնտեսապես ակտիվ բնակչության 88.3 տոկոսը). (Տնտեսապես ակտիվ» են համարվում աշխատանքով զբաղված կամ պաշտոնապես գործազուրկ գրանցված մարդկանց հանրագումարը)
2002թ., երկրի բնակչության մեջ 1415.6 տնտեսապես ակտիվ մարդ, որից զբաղվածների թվաքանակը՝ 1281.9 մարդ,-http://www.armstat.am/file/article/sv-12a-02-iii.1.4.1..pdf, էջ 101(այսինքն՝ զբաղված էր համարվում տնտեսապես ակտիվ բնակչության 90.6 տոկոսը). Նույն տարվա պաշտոնական ցուցանիշներով Հայաստանում գործազուրկ են ճանաչվել միայն 15.5 հազար մարդ (http://www.armstat.am/file/article/sv-12a-02-iii.1.4.1..pdf, էջ 103)
2003թ., երկրի բնակչության մեջ 1236.4 հազար տնտեսապես ակտիվ մարդ, որից զբաղվածների թվաքանակը՝ 1111.6 մարդ,-http://www.armstat.am/file/article/sv_12_03a_141.pdf.pdf, էջ 105 (այսինքն՝ զբաղված էր համարվում տնտեսապես ակտիվ բնակչության 89.9 տոկոսը): Նույն 2003թ. 1161 տնային տնտեսություններում իրականացված աշխատուժի ընտրանքային հետազոտության տվյալներով գործազրկության իրական մակարդակը կազմել է տնտեսապես ակտիվ բնակչության 33.3% կամ 412.1 հազար մարդ (http://www.armstat.am/file/article/sv_12_03a_141.pdf.pdf, էջ 114)
2004թ., երկրի բնակչության մեջ 1225.7 հազար տնտեսապես ակտիվ մարդ, որից զբաղվածների թվաքանակը՝ 1110.9 մարդ,-http://www.armstat.am/file/article/sv_12a_04_141.pdf, էջ 12(այսինքն՝ զբաղված էր համարվում տնտեսապես ակտիվ բնակչության 90.6 տոկոսը)
2005թ., երկրի բնակչության մեջ 1203.3 հազար տնտեսապես ակտիվ մարդ, որից զբաղվածների թվաքանակը՝ 1105.3 մարդ,-http://www.armstat.am/file/article/sv_12_05a_141.pdf, էջ 94(այսինքն՝ զբաղված էր համարվում տնտեսապես ակտիվ բնակչության 91.8 տոկոսը)
2006թ., երկրի բնակչության մեջ 1201.3 հազար տնտեսապես ակտիվ մարդ, որից զբաղվածների թվաքանակը՝ 1112.4 մարդ,-http://www.armstat.am/file/article/sv_12_06a_141.pdf էջ 87(այսինքն՝ զբաղված էր համարվում տնտեսապես ակտիվ բնակչության 90.6 տոկոսը)
2007թ., երկրի բնակչության մեջ 1168.0 հազար տնտեսապես ակտիվ մարդ, որից զբաղվածների թվաքանակը՝ 1101.5 մարդ,-http://www.armstat.am/file/article/sv_12_08a_141.pdf(այսինքն՝ զբաղված էր համարվում տնտեսապես ակտիվ բնակչության 94.3 տոկոսը)
2008թ., երկրի բնակչության մեջ 1194.6 տնտեսապես ակտիվ մարդ, որից զբաղվածների թվաքանակը՝ 1119.7 մարդ,-http://www.armstat.am/file/article/sv_12_08a_141.pdf(այսինքն՝ զբաղված էր համարվում տնտեսապես ակտիվ բնակչության 93.4 տոկոսը)
Ըստ այս պաշտոնական նյութերի ստացվում է, որ 2000թ.-ից մինչև 2008թ. ամեն տարի անընդհատ Հայաստանում զբաղված բնակչության թվաքանակի չնչին նվազում է եղել, բացի 2006թ.-ից, երբ, ըստ այս թվերի, 2005թ.ի նկատմամբ զբաղված բնակչության թիվն աճել է 107 մարդով, և ընդհանուր առմամբ արդյունքում 2007թ-ին 2000-ի համեմատ ՀՀ-ում զբաղվածության շուկայում ընդամենը միայն 182 մարդ կորցրել է զբաղվածությունը: Սա յոթ տարիների աշխատաշուկայի պաշտոնական ստատուս-քվոն է:
Բայց սա Քոչարյանի գյուտերից չէ, նրա գյուտերից է, օրինակ, ում համարել «տնտեսապես ակտիվ» (նոր ցուցանիշներով «տնտեսապես ակտիվ» բնակչության թիվը 2003թ-ին 2002-ի համեմատ կտրուկ անկում է գրանցել՝ 179.200 մարդ, համարյա նույն համամասնությամբ՝ 170.300 մարդով նվազել է զբաղվածների թիվը, և արդյունքում զբաղվածության տոկոսը պահպանվել է՝ 90.6 տոկոսից հասնելով միայն 89.9 տոկոսի), ի՞նչը և ինչպե՞ս ներկայացնել: 2002թ. հունվար-սեպտեմբերին, օրինակ, աշխատանքի են ընդունվել 40.4 հազար մարդ, նույն ժամանակաշրջանում աշխատանքից ազատվել են 48.8 հազար մար¹(http://www.armstat.am/file/article/sv_12_06a_141.pdf, էջ 87), այսինքն՝ ավելի շատ մարդ աշխատանքը կորցրել, քան ստացել են: Ընդ որում այդ ընթացքում 22.0 հազար աշխատողներ գտնվել են հարկադիր վարչական արձակուրդում, որոնցից 90.5%-ը՝ առանց աշխատավարձի պահպանման (http://www.armstat.am/file/article/sv-12a-02-iii.1.4.1..pdf, էջ 102): Բայց այս տեղեկությունները միշտ չէ, որ վիճծառայությունը տիրապետում կամ հրապարակում է: Փոխարենը վիճծառայության թվերով 2002-ին մենք ունենք զբաղվածների մի թիվ, ըստ որի տնտեսապես ակտիվ բնակչության 90.6 տոկոսն զբաղված էր: Նույն տարին 133.7 հազար մարդ գրանցվել են «ՀՀ զբաղվածության ծառայություն» գործակալությունում և ստացել գործազուրկի կարգավիճակ (http://www.armstat.am/file/article/sv-12a-02-iii.1.4.1..pdf, էջ 101), ցուցադրելով 2002թ.-ի Հայաստանի ընդամենը 9.4% կազմող գործազրկությունը: Ինչին հաջորդել է 2003թ. ընտրանքային հետազոտությամբ «հայտնաբերված» 33.3% իրական, փաստացի գործազրկությունը:
Այո, կարևորը փաստացի գործազրկությունը չէ, կարևորը զբաղվածությունը և գործազրկությունը ներկայացնող թվերը կազմելու հմտությունն է: Հիմա մարդը խոսում է իր ստեղծած 350.000 աշխատատեղերի մասին, որովհետև Հայաստանում գործազրկությունը գրանցող և հաշվող տեխնիկան պահել է Քոչարյանի հաշվարկի հմտությունը: Եվ որևէ վրլուծական անդրադարձ այս բացահայտ ստին չկա:
Բայց սա էլ թողնենք: Պարոն Քոչարյանը հպարտությամբ խոսում է կյանքի որակի կտրուկ բարձրացման մասին: Տվյալ դեպքում դժվար է հասկանալ, թե ինչ նկատի ունի նախկին նախագահը «կյանքի որակ» ասելով, բայց հայտնի է, որ առնվազն աղքատ բնակչության կյանքի որակը մինչև 2008թ. չի փոխվել, չնայած որոշ վերլուծաբաններ գտնում են, որ 2004–2008 թթ. ընթացքում որոշ չափով կրճատվել է եկամուտների համակենտրոնացման Ջինիի գործակիցը: Համարվում է, որ 2004¬-2008 թթ. ամենաաղքատ 20% բնակչության եկամուտների կառուցվածքում տնտեսական աճով պայմանավորված (աշխատանքային և գյուղմթերքների վաճառքից ստացվող) եկամուտները որոշ ներկայացվածություն են ունեցել (շուրջ 37%): Սա, իհարկե, համեմատելի չէ ամենաապահով շերտի 20%-ի՝ մեկ շնչին ընկնող դրամային եկամուտների դինամիկայի հետ: Համարվում է, որ ամենաապահով բնակչության դրամական եկամուտները 2004 թ. գերազանցել են 20% ամենաաղքատ բնակչության եկամուտները 10.6 անգամ, իսկ 2008 թ.` ընդամենը 7.8 անգամ:
Թե ինչի վրա է կառուցված այս հաշվարկը՝ դժվար է ասել:Բանն այն է, որ իրականում Հայաստանի ամենահարուստ մարդկանց եկամուտներն ու ծախսերը ոչ մի կերպ հնարավոր չի լինում ուսումնասիրությունների դաշտ բերել և դրանով ինքնին՝ հաշվարկներ անել: Այդ թվում՝ հարստության և հասարակությունում հարուստների դերի գնահատման հարցում: Իրականում Հայաստանում այս ուղղությամբ որևէ լուրջ հետազոտություն կամ արժանահավատ տվյալ չկա: Նույնիսկ հաշվավրկվող Ջինի գերծակիցը հաշվարկվում է խիստ թերի հետազոտություններով: Տնային տնտեսությունների սպառման չափերով արվող հետազոտությունները իրականում չեն ընդգրկում այսպես կոչված հարուստ ընտանիքներին: Նրանք պարզապես չեն համաձայնում իրենց ընտանիքներում որևէ այս կարգի հետազոտություն, և իրականում մենք գործ ունենք լավագույն դեպքում այսպես կոչված «միջակ ընտանիքների» և աղքատների սպառողական ծախսերի համեմատության հետ: Հասկանալի է, որ այդ կարգի հետազոտությունները խիստ թերի են և սահմանափակում են առանց այն էլ բազաթիվ սխալներ պարունակող արդյունքներով դատողությունների հնարավորությունները: 2010ին Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրատարակվող պարբերականներից մեկը՝ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» լույս տեսավ հետևյալ նախաբանով. «Հայաստանի հարգելի մեծահարուստներ, Դիմում ենք խնդրանքով, հայցելով Ձեր մեծահոգությունը, Ձեր մասնակցությունը ցուցաբերել ապագայում իրականացվելիք տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությանը:
Սույն հետազոտությանը մասնակցելուց Ձեր հրաժարվելը բացասաբար է անդրադառնում մեր կողմից հավաքագրված տվյալների որակի վրա: Այս տվյալների հիման վրա կատարված վերլուծությունը կարևոր է հանրության համար, քանի որ այն կոչված է «լույս սփռելու» ապագայում մեր երկրում իրականացվելիք ծրագրերի և քաղաքականությունների հիմնարար ուղղությունների վրա: Ավելին, հետազոտության ընտրանքում ընդգրկված տնային տնտեսության կողմից հետազոտությանը մասնակցելուց հրաժարվելու պարագայում ընտրվում է մեկ այլ տնային տնտեսություն` հանգեցնելով հավելյալ աշխատանքի անհրաժեշտության և սակավ ռեսուրսների գերլարման: Վստահեցնում ենք, որ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի կողմից հաստատված պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների և դրանց վրա խարսխված «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի համաձայն, վիճակագրական նպատակով տրամադրվող բոլոր սկզբնական անվանական տեղեկություններ տրամադրողներին երաշխավորվում է այդ տեղեկությունների գաղտնիությունը (հոդված 14)»: Այս դիմումն, իհարկե, որևէ վիճակ չի փոխում, «Հայաստանի հարգելի մեծահարուստները» չեն մտահոգվում «ապագայում մեր երկրում իրականացվելիք ծրագրերի և քաղաքականությունների հիմնարար ուղղությունների» հարցերով և «մեծահոգություն չեն ցուցաբերում» դրանց լուծումներին օգնելու: Այնպես որ դժվար թե մենք կարողանանք իրական Ջինիի գորխակիցը պարզել: Եվ դրա հիմքը դրել է նախկին նախագահ պարոն Քոչարյանը, ում կյանքի որակն, անկասկած, այնքան կտրում է փոխվել, որ նա չի կարող դատողություններ անել երկրի բնակչության կյանքի որակի փոփոխությունների մասին: Կյանքին նայելու նրա պատուհանը հակադարձ համեմատությամբ նեղանում է սեփական կյանքի որակի մեծացման հետ:
Հիմա նրա համակիրների շարքերը կրկին համալրվում են, և համալրվում են հապշտապ կյանքի որակի հասածներով: Վերջիններիս կյանքի որակի նոր խթան է եղել ՍՍ-ի իշխանության շրջանը, ուղղակի այս տեքստը Քոչարյանի ելույթի շուրջ է: Մեր բնակչության հաշվին ձեռք բերված սեփական կյանքի որակի նրանց «ինքնապաշտպանությունը» կարող է շատ ագրեսիվ լինել: Պարոնայք Աշոտյանն ու Շարմազանովը նույնիսկ չեն պատկերացնում, թե ում և ինչ են պաշտպանում»