med.news.am-ը գրում է՝
Դիկլոֆենակը կարող է 50 տոկոսով մեծացնել մահացու հիվանդությունների հավանականությունը, ցույց է տվել դանիացի գիտնականների հետազոտությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են British Medical Journal բժշկական ամսագրի կայքում:
Հետազոտությունն ընդգրկել է Դանիայի 46-49 տարեկան 6,3 մլն բնակիչների: Նրանց բաժանել են 3 խմբի, կախված սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունից՝ ցածր, միջին և բարձր:
Հետազոտության ընթացքում մասնագետները սերտ կապ են հայտնաբերել դիկլոֆենակի կիրառման և տարբեր սիրտ-անոթային խնդիրների միջև, մասնավորապես՝ առիթմիայի, իշեմիկ կաթվածի, սրտային անբավարարության և սրտի նոպայի: Ըստ որում՝ նման բարդություններ են նկատվել դեղի օգտագործման արդեն երեսունօրյա ժամանակահատվածում: Բացասական արդյունք է նկատվել նաև նրանց մոտ, ովքեր ընդունել են դեղամիջոցի փոքր դոզաներ:
Գիտնականները համեմատել են նաև սրտային հիվանդությունների առաջացման հաճախակիությունը այն հիվանդների շրջանում, ովքեր ընդունել են դիկլոֆենակ և այլ ցավազրկողներ: Արդյունքում պարզվել է, որ դիկլոֆենակ ընդունող դանիացիները միջինը սրտի մեկ նոպա ավելի են ունեցել, քան նրանք, ովքեր գործածել են իբուպրոֆեն կամ նապրոկսեն:
Դրանից բացի, ցավազրկման համար դիկլոֆենակ օգտագործած հիվանդները երեք անգամ ավելի հաճախ են տառապել սրտային հիվանդություններով, քան պարացետամոլ գործածողները: