Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվով երրորդ աշխատանքային հանդիպումը։ Նման հանդիպումների հրապարակային հատվածը, որպես կանոն, շատ քիչ բան է բացահայտում բանակցությունների բովանդակության կամ պայմանավորվածությունների մասին։ Այնուամենայնիվ՝ Պուտին-Փաշինյան այսօրվա հանդիպման մեկնարկին հնչել են որոշ հայտարարություններ, որոնք առնվազն բացահայտում են կողմերի մտադրությունները կամ անհանգստությունները։
Նախ նշենք, որ երկու առաջնորդները հիմնականում քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են ԵՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին, բնականաբար՝ դրանց համատեքստում ենթադրվում է, որ քննարկել են նաև Հայաստանի վերջին ներքաղաքական զարագացումները։
«Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացումն առաջընթաց են ապրում բոլոր ուղղություններով. սա վերաբերում է քաղաքական հարաբերությունների ոլորտին, ռազմական ոլորտին, տնտեսական համագործակցությանը»,- հանդիպման մեկնարկին նշել է Պուտինը: Ի դեպ, ուշագրավ է, որ ստանդարտ նախադասությունների շարքում Ռուսաստանի նախագահն առանձնահատուկ շեշտել է, որ ռուսական գազն ամենաէժան գնով վաճառվում է Հայաստանին։ Չենք կարծում, թե Պուտինի այս հայտարարությունը պատահական է, ամենայն հավանականությամբ՝ Ռուսաստանի նախագահը ցանկացել է ընդգծել, թե որքան են Հայաստանն ու նրա տնտեսությունը կախված ռուսական գազից։
Նիկոլ Փաշինյանը նույնպես նշել է, որ Երևանի և Մոսկվայի հարաբերություններն առանձնահատուկ բնույթ ունեն:
«Չնայած որոշակի հոռետեսությանը, որն առկա է թե՛ հայկական, թե՛ ռուսական մամուլում և սոցիալական ցանցերում, ես կարծում եմ, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ կերպով, շատ բնական», – ասել է Փաշինյանը՝ հիմնական առաջադրանք անվանելով երկկողմ հարաբերությունների ամբողջ ներուժի իրացումը:
Նիկոլ Փաշինյանը նաև համոզմունք է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերություններում «անլուծելի հարցեր չկան»:
Այնուամենայնիվ, դիվանագիտական տողատակ եղել է նաև Հայաստանի վարչապետի խոսքում։ Հանդիպման ժամանակ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կշարունակեն կառուցվել երկրների շահերը հարգելու և ներքին գործերին չխառնվելու սկզբունքի վրա ու թերևս սա է եղել Հայաստանի վարչապետի ամենակարևոր մոսկովյան շեշտադրումը: Փաշինյանի խոսքում հատկապես «ներքին գործերին չխառնվելու» սկզբունքի շեշտադրումը հուշում է, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն բան այնքան էլ նորմալ չէ, եթե նույնիսկ դա խնամքով թաքցվի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերում։
Պուտին-Փաշինյան այսօրվա հանդիպումը տեղի է ունենում հենց այնպիսի համատեքստում, երբ Մոսկվան, ըստ էության, բացահայտ միջամտում է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին՝ փորձելով չեղարկել Մարտի 1-ի բացահայտման գործընթացը։ Եթե Մոսկվայի այդ փորձերն ակնհայտ չլինեին, Փաշինյանը թերևս իր խոսքում չէր կարևորի ներքին գործերին չխառնվելու սկզբունքը՝ հատկապես, որ դաշնակից երկրների ղեկավարների հանդիպումների ժամանակ նման ձևակերպումները, որպես կանոն, անիմաստ են․ գործընկերային հարաբերություններն ինքնին հուշում են, որ կողմերը պետք է հարգեն միմյանց ինքինշխանությունը։
Իհարկե, ամենևին էլ այն կարծիքին չենք, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են անդունդի եզրին, ինչի մասին անընդմեջ բարձրաձայնում են նախկին իշխանության ներկայացուցիչները, մյուս կողմից՝ վտանգավոր ենք համարում հակառակ ծայրահեղությունը, երբ փորձ է արվում ներկայացնել, թե հայ-ռուսական հարաբերություններն ընթանում են բնականոն հունով։
Բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության կանչվեն, թալանվածը՝ մինչև վերջին լուման պետք է վերադարձվի ժողովրդին: Ուրիշ տարբերակ՝ պարզապես չկա․ իր ֆեյսբուքյան էջում երեկ գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ փորձագիտական շրջանակներին հիմք տալով պնդել, որ Հայաստանի վարչապետը նման կտրուկ ձևակերպումներով հակադարձում է Մոսկվային, որն, ըստ էության, ցուցադրաբար հրաժարվեց Հայաստանին հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ընդ որում՝ Փաշինյանի այցի նախօրեին։
Այսօր արդեն՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայ-ռուսական հարաբերությունները փայլուն է որակել։ Ավելին՝ քիչ առաջ, ռուսատանաբնակ հայ գործարաների հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը բառացիորեն ասել է․ «Կարծում եմ՝ բոլորդ էլ գիտեք, որ վերջին 1-1.5 ամսվա ընթացքում և հայկական, և ռուսական մամուլում, և միջազգային մամուլում խոսվում է հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի մասին: Ես կարող եմ հիմա ինձ թույլ տալ հայտարարել, որ հայ-ռուսական հարաբերություններում ոչ միայն որևէ ճգնաժամ չկա, այլ, թույլ տվեք հավակնոտ հայտարարություն անել և ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները նախկինում երբեք այնքան բարձր մակարդակի չեն եղել, որքան այսօր»։
Մնում է ենթադրել, որ փակ դռների հետևում Պուտինին ու Փաշինյանին հաջողվել է գալ աննախադեպ համաձայնությունների։ Սակայն քաղաքականության մեջ նման բան տեղի չի ունենում անգամ տեսականորեն․ գուցե Հայաստանի վարչապետին ու Ռուսաստանի նախագահին հաջողվել է հաղթահարել երկկողմ հարաբերություններում առկա ճգնաժամը, սակայն հայ-ռուսական հարաբերությունները մեկ հանդիպման արդյունքում չեն կարող «փայլուն» դառնալ, եթե, իհարկե, Մոսկվան արդեն չի արտահանձնել Միքայել Հարությունյանին կամ չի հայտարարել Ադրբեջանի հետ ռազմատեխնիակական համագործակցությունը խզելու մասին։ Մյուս կարևոր ցուցիչն այն է, որ բարձր մակարդակի հարաբերություններն ավարտվում են բազմապրոֆիլ համագործակցության մասին պայմանագրերով, որպիսիք մեկ շաբաթ առաջ Ալիևի ու Պուտինի հանդիպման օրակարագում 16-ն էին։ Փաշինյանը Ռուսաստանում եղել է երեք անգամ, սակայն հանդիպումներից ոչ մեկ պաշտոնական չի եղել, իսկ պայմանավորվածությունները մնացել են բանավոր՝ չդառնալով կոնկրետ փաստաթուղթ։ Ավելին՝ Կրեմլի տարածած այսօրվա հաղորդագրության մեջ չի օգտագործվում «ռազմավարական գործընկերություն» ձևակերպումը։
Դիվանագիտական հարաբերություններում չի կարելի տրվել պիսիմիստական կամ էյֆորիկ տրամադրությունների, երկուսն էլ՝ վտանգավոր են։ Առաջիկա օրերին իրական կյանքում կզգանք Փաշինյան-Պուտին հանդիպման հետևանքները՝ յուրանքանչյուրս անելով մեր հետևությունները։ Եթե նույնիսկ հայ-ռուսական հարաբերություններում հաղթահարված լինի ճգնաժամային կամ ադապտացիոն փուլը, Փաշինյանի այցը կարելի է հաջողված համարել։
Աղբյուրը՝ 1in.am