Հայաստանի հարկային մարմինները շարունակում են սեպ խրել ազգային համաձայնության կառավարության մասնակիցների միջև: Մեր տեղեկություններով՝ օրերս ՊԵԿ աշխատակիցները սև դիմակներով ներխուժել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանի տարածք և պահանջել ինչ-որ հաշվապահական փաստաթղթեր: Այդ փաստաթղթերը ստանալուց հետո նրանք հեռացել են:

Տեղի ունեցածը մի քանի հարցեր է առաջացնում: Առաջին՝ ինչու են ՊԵԿ աշխատակիցները տնտեսվարողի մոտ մտնում սև դիմակներով: Արդյո՞ք դա հակաահաբեկչական գործողություն է, որովհետև սև դիմակները օգտագործվում են միայն այն դեպքերում, երբ նպատակ կա թաքցնելու գործողություն իրականացնողների դեմքերը, որպեսզի նրանք հետագայում վրեժխնդրության զոհ չդառնան: Երկրորդ՝ հարկային մարմինների հատուկ գործողությունը իմաստ կունենար, եթե տնտեսվարողը խոչընդոտեր այդ ստուգմանը, կամավոր փաստաթղթեր չտրամադրեր, բայց եթե հենց այնպես վերցնում և հատուկ գործողություն են իրականացնում, տպավորություն է ստեղծվում, որ նպատակ կա վախի մթնոլորտ ստեղծել: Եվ երրորդ՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կառավարության գործընկերն է, և կառավարության հինգ անդամներ ներկայացվել են Ծառուկյանի կողմից, եթե ՊԵԿ-ը առանց առիթ և հիմնավորում հատուկ գործողություն է իրականացնում Ծառուկյանին պատկանող օբյեկտում, տպավորություն է ստեղծվում, որ կառավարության կազմում գտնվող քաղաքական ուժերի հարաբերությունները ոչ թե գործընկերային են, այլ թշնամական: Սա չի կարող դրական ազդել նույն կառավարության աշխատանքի վրա:

Կարելի է իհարկե ասել, որ տեղի ունեցածը ոչ մի կապ չունի «Բարգավաճ Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների հարաբերությունների հետ, որ սա ՊԵԿ-ի կողմից կազմակերպված գործողություն է, որը ոչ միայն համաձայնեցված չի եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այլ նա ընդհանրապես տեղյակ էլ չի լինում նման միջոցառումների մասին: Բայց քիչ հավանական է, որ սա ՊԵԿ-ի ու նրա ղեկավար Դավիթ Անանյանի ինքնագործունեության արդյունքն է: Որովհետև եթե շարունակենք առաջնորդվել այդ տրամաբանությամբ, ապա պետք է ընդունեք լավ ցարի և վատ բոյարների սկզբունքի գոյությունը և յուրաքանչյուր նման առիթով ասենք՝ երկրի առաջին դեմքը տեղյակ չի, թե ինչ ապօրինություններ են գործում իր ենթակաները: Մյուս կողմից, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը իսկապես տեղյակ չէ նման գործողություններից, ապա շատ ավելի վատ, որովհետև վարչապետը առնվազն պետք է տեղյակ լինի, թե ինչ մեթոդներով են գործում հարկային մարմինները տնտեսվարողի հետ աշխատելիս, և դա ինչպես է ազդում երկրում գործարար միջավայրի ձևավորման վրա:

Ոչ ոք չի ասում, թե Գագիկ Ծառուկյանը անձեռնմխելի է, և նրան պատկանող օբյեկտները չպետք է ստուգվեն, կամ դա չպետք է տեղի ունենա, քանի որ նա, լինելով կառավարության կողմ, ազատված է հարկային պարտավորություններ կատարելուց: Բայց եթե հարկային մարմինները նման հակաահաբեկչական գործողություններ են կատարում Ծառուկյանին պատկանող օբյեկտում, կարելի է ենթադրել, թե նրանք ինչպես իրենց կպահեն որևէ շարքային տնտեսվարողի հետ, ով չունի քաղաքական և իշխանական տանիք:

Հայաստանում գործարարները առանց այն էլ վախեցած են տնտեսական և քաղաքական անորոշությունից, և չնայած տարբեր ծրագրերի առկայությանը, իրական ներդրումներ չկան: Կառավարության խնդիրը պետք է լինի այդ անվստահության և անորոշության մթնոլորտը ոչ թե խորացնելը, այլ ընդհակառակը՝ ցույց տալ, որ գործարարը Հայաստանում պաշտպանված է անօրինական ոտնձգություններից: Հայաստանի հարկային մարմինները շարունակում են հակառակն ապացուցել:


Աղբյուրը՝ 1in.am

loading...