Ռուսաստանը դադարեցրել է իր տարածքում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը: ՀՀ ոստիկանությունը համապատասխան գրությունը ստացել է ռուս իրավապահներից։ Ոստիկանությունը, սակայն, չի մանրամասնում, թե ի՞նչ պատճառաբանությամբ է ռուսական կողմը նման որոշում կայացրել․ գրության բովանդակությունն օպերատիվ տվյալներ պարունակող գաղտնիք է։
Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հարությունյանը Մարտի 1-ի քրեական գործում թիվ 0038 հրամանն արձակողն է։ Գաղտնազերծված այդ փաստաթղթից հանրությունը տեղեկացավ, որ 2008 թվականի՝ 10 քաղաքացիների մահվամբ ավարտված մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ բանակը բերվել է զորանոցային վիճակի, ստեղծվել են հատուկ ջոկատներ, որոնք զինվել են տաբելային զենքերով։
Միքայել Հարությունյանն Մոսկվայի այս որոշումով կարող է ազատորեն բնակվել ու տեղաշարժվել ՌԴ տարածքում, սակայն նրա նկատմամբ հետախուզումը չի դադարել։ Ըստ ռուսական «Ինտերֆաքս» գործակալության՝ Միքայել Հարությունյանն ունի ռուսական անձնագիր:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ Մոսկվան այսկերպ տապալում է Մարտի մեկի բացահայտումը։ «ՌԴ ոստիկանությունը հետախուզումը հայտարարելուց հետո որոշ ժամանակ անց՝ հայտարարելով, որ դադարեցնում է այն, խոսում է այն մասին, որ դա քաղաքական որոշում է։ Ի սկզբանե իրենք առնվազն մեկ կամ երկու օրվա ընթացքում կարող էին պարզել, որ Միքայել Հարությունյանը իրենց երկրի քաղաքացին է։ Քիչ հավանական եմ համարում, որ նրանք ի սկզբանե չեն իմացել, որ նրանք այդ մասին չեն իմացել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։
Սաքունցի դիտարկմամբ՝ այստեղ կա ակնհայտ քաղաքական որոշում. «Եթե Խաչատուրովի դեպքում գոնե ինչ-որ տեղ կարող էին պատճառաբանված վերաբերմունք դրսևորել, որ ՀԱՊԿ-ի գործող քարտուղարն է, Միքայել Հարությունյանի դեպքում որևէ հիմնավորում գոյություն չունի, և Մոսկվան գտնում է մեկ այլ պատճառաբանություն՝ քաղաքացիության հանգամանքը, որն ակնհայտ քաղաքական որոշում է»։
Ըստ նրա՝ Մոսկվան ջանք չի գործադրում Մարտի մեկի հանցագործության բացահայտման ուղղությամբ, ավելին՝ միտված է այն տապալել. «Դա իրապես հիմնավորում է, որ ՌԴ իշխանությունները իրենց վրա են վերցնում Մարտի 1-ի հանցագործության պատասխանատվության բաժինը, որը պետք է գիտակցեն կամ առնվազն բացատրություն ներկայացնեն՝ ինչով է դա պայմանավորված»։
Մյուս կողմից էլ, ըստ Արթուր Սաքունցի, հարց է առաջանում՝ ինչ հիմնավորումներով է Ռոբերտ Քոչարյանը ՌԴ քաղաքացուն նշանակել ՀՀ պաշտպանության նախարար. «Սա միջազգային պրակտիկայում արտասովոր երևույթ է. սա հարց է Ռոբերտ Քոչարյանին և նրա պաշտպաններին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության երաշխավորը՝ ՀՀ նախկին նախագահը ինչպե՞ս է երաշխավորում ինքնիշխանությունը, եթե ինքը մի ամբողջ պետության պաշտպանության բնագավառի ղեկավարին նշանակում է մեկ այլ պետության քաղաքացու և անվտանգության համակարգի նկատառումներից ինչո՞ւ դրանում ռիսկեր չի տեսել։ Պետք է ենթադրել, որ ողջ պաշտպանության համակարգը՝ հանձինս Միքայել Հարությունյանի, հանձնել է Ռուսաստանի Դաշնությանը, որի վկայությունն այն է, որ Միքայել Հարությունյանին դիտարկում է որպես իր քաղաքացի»։
Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Հայաստանը Ռուսաստանից այս դեպքում մեկ բան ունի սովորելու՝ ինչպես պաշտպանել պետական, ազգային շահերը։ «Իրենք նույնիսկ իրենց հանցագործին չեն հանձնում, հովանավորում են կողոպուտը, թալանը և հովանավորում, որ սպանդը չբացահայտվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակիցը շարունակում է. «Այսպիսի պրակտիկա ունի նաև Իսրայելը՝ իր ոճրագործներին չի հանձնում ուրիշին։ Թող Հայաստանի իշխանությունները սովորեն այսպես պաշտպանել իրենց քաղաքացիների շահերը։ Եվ երկրորդ՝ անկախ նրանից հայ են, թե ոչ՝ ուրիշ երկրի քաղաքացուն պաշտոնի չնշանակեն»։
Լևոն Շիրինյանն առաջարկում է՝ Միքայել Հարությունյանի գործը Ստրասբուրգ տեղափոխեն ու այնտեղից պահանջեն. «Ստրասբուրգի միջոցով նրան հետ կանչեն։ Ոչ մի ոճրագործ չպետք է խուսափի պատասխանատվությունից, այլապես, վաղն էլ կարող է մի ֆրանսահայ գա, մի դավադրություն անի, հետո էլ խնդրի Ֆրանսիայի պաշտպանությունը։ Ոչ ոք արդարադատությունից չպետք է խուսափի»։
Նրա դիտարկմամբ՝ Մոսկվան խոչընդոտում է Մարտի 1-ի բացահայտմանը։ «Հայաստանը պետք է ձև գտնի նրան պատժելու համար»,- եզրափակեց Լևոն Շիրինյանը։
Աղբյուրը՝ 1in.am