Երեկ ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր կոռուպցիայի դեմ պայքար է տարվում, և ինքն այդ գործում ունի ՌԴ-ի լիարժեք աջակցությունը: «Չէր էլ կարող այլ կերպ լինել, Հայաստանում կոռուպցիոների կողքով անցնում ես, ասում են՝ այ, Ռուսաստանի դե՞մ ես: Ոչ, չկա նման բան: ՀՀ-ում որևէ կոռուպցիոներ չփորձի հանկարծ Ռուսաստանի անունը տալ»:
Նիկոլ Փաշինյանը մոտավորապես նման միտք հնչեցրել էր նաև օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ։ Այն, որ Հայաստանի նոր կառավարությունն անզիջում պայքար է մղում կոռուպցիայի դեմ՝ անհերքելի փաստ է, որը չեն հերքում անգամ նրա քաղաքական հակառակորդները։ Այլ խնդիր է, որ առնվազն վիճահարույց է, որ Երևանի հակակոռուպցիոն քաղաքականությունն արժանանում է Մոսկվայի աջակցությանը։ Այստեղ խնդիրը երկշերտ է, որովհետև ինքնաբավ երկիրը նույնիսկ խնդիր չպետք է դներ, որ իր ներքին օրակարգն արժանանա այս կամ այն երկրի հավանությանը․ այլ խնդիր է, որ գործընկերների համար Հայաստանը պետք է լինի կանխատեսելի երկիր։ Սակայն այս թեման Նիկոլ Փաշինյանը զարգացնում է օբյեկտիվորեն, որովհետև հին համակարգի ներկայացուցիչները շատ հաճախ փորձում են պաշտպանություն գտնել Մոսկվայում կամ նույնիսկ՝ «տղա բերել» Ռուսաստանից։
Բնականաբար՝ մենք չունենք լիակատար վստահություն այն հարցում, որ Ռուսաստանն աջակցում է Հայաստանի իշխանության հակակոռուպցիոն քաղաքականությունը։ Ընդ որում՝ մեր կարծիքը հիմնված է թե տեսական և թե պրակտիկ իրողությունների վրա։ Ավանդաբար Հայաստանում ռուսական շահերի սպասարկու է համարվել քրեաօլիգարխիկ համակարգը, որի «կենսունակության» հիմնական աղբյուրներից մեկը կոռուպցիան է։ Իհարկե, մեր այս պնդմանը կարող են հակադարձել նոր իշխանության ներկայացուցիչներն՝ ասելով, թե ժամանակները փոխվել են ու հիմա Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերություններից դուրս է դնում օլիգարխիկ, կոռուպցիոն բաղադրիչները։ Իսկապես ժամանակները փոխվել են, փոխվել են նաև Հայաստանի իշխանությունն ու նրա մտածողությունը, սակայն նույն է մնացել ռուսական իշխանության մտածողությունը։ Երբ Նիկոլ Փաշինյանը փորձեց չեղարկել վասալային ռեժիմը՝ կազմաքանդելով նրա հիմքերը, Մոսկվան Հայաստանի վրա ճնշումն ուժեղացրեց, այսպես կոչված, ֆորմալ հարթակներում, ինչի դրսևորումները դարձան Լավրովի հայտարարությունները, Պուտինի հայտնի հեռախոսազանգը Ռոբերտ Քոչարյանին։ Այս իրադարձություններից հետո դժվար է հավատալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ռուսաստանն աջակցում է Հայաստանի կառավարության հակաոռուպցիոն քաղաքականությանը։ Երբ Լավրովն անթույլատրելի է համարում տասնամյա վաղեմության հանցագործությունների բացահայտումը, նա, անշուշտ, չի սահմանափակվում միայն Մարտի 1-ով և հասկացնում է, որ Մոսկվան դիմադրելու է քրեաօլիգարխիկ համակարգի կամ ռուսական վասալության ռեժիմի հիմքերի ոչնչացման գործընթացին։
Հենց այստեղ էլ թաքնված են հայ-ռուսական հարաբեությունների այսօրվա ճգնաճամի արմատները։
Ի դեպ, կանխատեսելի է, որ առաջիկա ամիսներին գազի գործոնը դառնալու է հիմնական ինդիկատորներից մեկը, որը որոշելու է հայ-ռուսական հարաբեությունների որակն ու տրամաբանությունը։ Երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մեկնարկին Պուտինը պատահաբար չէր ակնարկում, որ Հայաստանն ամենաժան գնով ռուսական գազ ստացող երկիրն է՝ հասկացնելով, որ Մոսկվան դեռ գործի չի դրել մեր երկրի վրա իր ազդեցության հիմնական լծակներից մեկը։
Փաշինյանն՝ իր հերթին, ասել է, որ Պուտինի հետ երեկվա հանդիպման ժամանակ պայմանավորվել են աշխատել ռուսական գազի մատակարարման ժամանակ գնագոյացման հարցերի շուրջ։ «Փաստացի ՌԴ-ից գազը Հայաստան է առաքվում բավականին ցածր գնով։ Սակայն խնդիրն այն է, որ սպառողները գազը ստանում են կրկնակի թանկ գնով։ Եվ մենք նախագահ Պուտինի հետ խոսել ենք, որ պետք է հասկանալ, թե ինչպես է այդ կրկնակի գինը գոյանում։ Անհրաժեշտ է ուսումնասիրել և հասկանալ, թե ինչպես է ընթանում գնագոյացման գործընթացն ու այդ մեխանիզմն ավելի արդյունավետ դարձնել․․․որ պայմաններն ավելի շահավետ լինեն։ Մենք պայմանավերվել ենք պարոն Պուտինի հետ, որ համատեղ կաշխատենք այդ ուղղությամբ»,-ասել է Փաշինյանը՝ երեկ հանդիպելով ռուսաստանցի հայ գործարարներին։
Նա պարզաբանել է, որ «Գազպրոմից» գազը ձեռք է բերում նրա դուստր ընկերությունը՝ «Գազպրոմ Արմենիան», որն էլ որոշում է սակագները երկրի ներսում։
Փաշինյանը Պուտինին մի կողմից՝ հասկացրել է, որ Հայաստանն ամենևին էլ այն երկիրը չէ, որը փաստացի ռուսական գազը ստանում է աշխարհում ամենաէժան գնով, մյուս կողմից՝ թափանցիկ ակնարկ է արել, որ գազը հայաստանցի սպառողին թանկ գնով հասնում է «Գազպրոմի» կոռուպցիոն սխեմաների հետևանքով։
Ավելին՝ այսօր Իջևանում կայացած «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովից հետո Նիկոլ Փաշինյանը զարգացրել է գազի սակագնի թեման։ «Վլադիմիր Պուտինի համար դա նորություն էր: ՌԴ նախագահը զարմացավ՝ նշելով, որ անձամբ է հանձնարարել մատչելի դարձնել գազի սակագինը հայաստանցիների համար։ Պուտինն այդ հանձնարարությունը տվել է Գյումրի կատարած այցի ընթացքում՝ ցանկանալով նպաստել մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը»,- ասել է Փաշինյանը։
Փաստորեն՝ Պուտինը Հայաստանի վարչապետից է իմացել Հայաստանում «Գազպրոմի» կիրառած կոռուպցիոն սխեմաների մասին։ Եթե նույնիսկ ընդունենք, որ դա այդպես է, ապա Պուտինը կարող է շատ արագ շտկել իրավիճակը։ Եթե Պուտինը գնա ռուսական գազային մոնոպոլիայի կոռուպցիոն սխեմաների չեղարկմանը, Հայաստանում գազի գինն իսկապես կէժանանա, միով բանիվ՝ Մոսկվան անուղղակիորեն կնպաստի կարևոր ոլորտում Հայաստանի կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությանը։ Այդ դեպքում՝ Փաշինյանը կարող է խոսել հայ-ռուսական «փայլուն» հարաբերությունների մասին, հակառակ դեպքում՝ գազը կարող է նույնիսկ թանկանալ․ իսկ հայաստանցիներն իրենց մաշկի վրա կզգան հայ-ռուսական «սպեցիֆիկ» հարաբերությունների հետևանքը։