«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը։
– Պարոն Մարտիրոսյան, Դուք ահազանգել եք ընտրախախտումների մասին։ Ընտրախախտումների ի՞նչ մեխանիզմների մասին է խոսքը։
– Մենք հույս ունենք, որ այն ահազանգերը, որոնք ստացել ենք, համատարած բնույթ չեն կրի, և այդ ինֆորմացիոն հոսքը, որը եղել է, կլինի կարճաժամկետ և լոկալ։ Խոսքը նրա մասին է, որ ընտրակաշառք բաժանելու նոր մեխանիզմ կարող է հայտնվել, որի էությունը հետևյալն է՝ մարդիկ կարող են գրանցվել իբրև շտաբի աշխատող, և դրա հաշվին գումար կարող է բաժանվել։ Պայմանական ասենք, օրինակ՝ եթե ընտանիքում կա 4 ընտրող, ինքը կստանա X անգամ 4 ընտրող գումար, եթե կունենա 2 ընտրող՝ X անգամ երկու ընտրող գումար, և այդպես շարունակ։ Նմանատիպ մեխանիզմը կարող է կյանքի կոչվել, բայց քանի որ այս պահին դա տոտալ չէ, այդ իսկ պատճառով հայտարարում ենք, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը օպերատիվ հետախուզական քայլեր իրականացնեն՝ պարզելու՝ դրանք համակարգվա՞ծ են լինելու կուսակցությունների ղեկավարության կողմից, թե՞ ուղղակի ինքնագործունեություն է որոշ անձանց կողմից։
– Որտեղի՞ց եք ստացել այդ ահազանգերը, կամ ո՞ր կուսակցությունների կողմից է փորձ արվում ընտրախախտման նման մեխանիզմ կյանքի կոչել։ Այս պահին կարո՞ղ եք անուններ ասել։
– Եթե ամբողջական տեղեկատվություն լիներ, համոզված լինեինք, թե որ կուսակցությունների ղեկավարության կողմից է հրահանգավորված, այդ դեպքում անուն կտայինք։ Հակառակ պարագայում ճիշտ չեմ համարում անուն ասել, կարող է նաև սև PR համարվել։ Կարծում եմ՝ իրավապահ մարմինները, իրենց գործառույթներն իրականացնելով, պետք է պարզեն՝ դա լոկա՞լ բնույթ է կրում, թե՞ ոչ, իրականում կա՞, թե՞ ոչ, ու նմանատիպ հարցերի պատասխաններ։
– Պարոն Մարտիրոսյան, «Ժառանգությունն» ի՞նչ տեսակետ ունի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականի պահանջի մասով։
– «Ժառանգության» տեսակետն այն է, որ մենք պետք է ունենանք նոր Ընտրական օրենսգիրք, նոր ընտրական հանձնաժողով՝ ոչ միայն կենտրոնական, այլև տարածքային։ Հնարավոր է՝ կազմավորման մեխանիզմներ փոխվեն։ Ես այնպիսի մեխանիզմ էի առաջարկել, որի դեպքում տեղամասերում մարդկային գործոնի դերը նվազելու էր, և հնարավորություն կլիներ տեղում ունենալու պրոֆեսիոնալ հանձնաժողովականներ։ Բայց ակնհայտ է, որ այս ԿԸՀ-ն, ցավոք սրտի, նախորդ կեղծարարությունների մաս է եղել այն առումով, որ ինքը արդարացրել է այդ կեղծիքները, իրավական հովանոց է հանդիսացել կեղծարարությունների համար։ Կարծում եմ՝ անմիջապես իրեն չէ, որ հրահանգավորել են կեղծիքներ իրականացնել, բայց իրենք աչք են փակել և, այսպես ասած, իրավական ինդուլգենցիա են ապահովել։ Դա իհարկե պատասխանատվություն է առաջացնում, որովհետև խոսքն իշխանության յուրացման մասին է, ուստի ԿԸՀ-ն փոխելու հարցը կա, և մեր քաղաքացիների պահանջը հիմնազուրկ չէ։
– Այսինքն՝ «Ժառանգությունը» և՞ս կարծում է, որ այս հանձնաժողովի դեպքում արդար ընտրություններ չեն լինի։
– Ոչ, ես այդպիսի բան չասացի։ Ես ասում եմ, որ պատասխանատվության խնդիր կա, և ակնհայտ է, որ ոչ միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այլև ընտրատարածքային հանձնաժողովները պետք է անպայման փոխվեն։ Օրինակ բերեմ. 2010 թվականին Ընտրական օրենսգրքի այնպիսի փոփոխություն տեղի ունեցավ, որի արդյունքում եթե մինչ այդ «Ժառանգությունը» և՛ ԿԸՀ-ում, և՛ ընտրատարածքային հանձնաժողովներում անդամ ուներ, այդ փոփոխություններից հետո խորհրդարանում առկա բոլոր քաղաքական ուժերը պահպանեցին իրենց անդամներին, և միայն «Ժառանգության» տեղն էր, որ վերցրին։ Այդ փոփոխությունները հատուկ արվում էին «Ժառանգության» դեմ, ընդ որում՝ այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը, ովքեր հանձնաժողովի անդամներ են եղել, այդպես էլ մնացել են։ Կարող ենք ասել՝ իբր ապակուսակցականության անվան տակ «Ժառանգությանն» ընտրական հանձնաժողովներից դուրսմղման գործընթաց տեղի ունեցավ։ Մինչդեռ իշխանության մաս կազմած կուսակցություններն իրենց տեղերը պահպանեցին։ Ասածս ևս մեկ անգամ ապացուցում է, որ պետք է ունենանք ընտրական բոլոր հանձնաժողովների արմատական փոփոխություններ։ Մենք ասում ենք քաղաքական պահանջը, բայց ժամկետը չեմ կարող սահմանել։ Ցանկալի կլիներ, որ որևէ ընտրությունից առաջ մենք այդ ամենն արդեն արած լինեինք։ Մենք այդ առաջարկի կողմնակիցն էինք, բայց այդ ճանապարհը չընտրվեց, ու դրա արդյունքում մենք այս վիճակն ունենք։ «Ժառանգության» առաջարկությունն այն էր, որ սահմանադիր ժողով հրավիրվեր, նոր Սահմանադրություն ընդունվեր ժողովրդի կողմից, առաջարկվեր կամ ընդունվեր Ընտրական նոր օրենսգիրք ու Կուսակցությունների մասին օրենք։ Այսինքն՝ նոր խաղի կանոններ սահմանվեին, ու կուսակցությունները նոր կանոններով մտնեին քաղաքական պայքարի մեջ։ Հիմա մենք աբսուրդային վիճակում ենք։ Ասում ենք՝ հեղափոխություն ենք արել, բայց նախորդ՝ կեղծված Սահմանադրության գործառույթներով ենք շարժվում։ Ասում ենք՝ հեղափոխություն ենք արել, բայց Հանրապետական կուսակցության համար ընդունված Երևան քաղաքի մասին օրենքով ու ընտրական համակարգով գնում ենք Երևան քաղաքի քաղաքապետի ու ավագանու ընտրության։ Այնպես որ՝ աբսուրդ վիճակ է։