Մինչ տարբեր փորձագետներ, քաղաքական գործիչներ պնդում են, որ Հանրային խորհրդի անհրաժեշտությունը չկա, այդ կառույցը եղել և մնում է մեռելածին մարմին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին կառավարության նիստում ընդունված որոշմամբ նշանակվեցին Հանրային խորհրդի անդամներ: Սակայն ոչ այն պատճառով, որ դա վարչապետի որոշում էր, այլ որ դա Սահմանադրության պահանջ է։ Սահմանադրական փոփոխություններից հետո Հանրային խորհրդի գոյությունն ամրագրվեց նաև սահմանադրորեն։
Ներկայումս նոր ձևավորված Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել Վազգեն Մանուկյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Անահիտ Աղոյանը, Կառլոս Ղազարյանը, Հովիկ Մուսայելյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Բաբկեն Պիպոյանը, Վարդան Ազատյանը, Հարություն Մեսրոբյանը, Գագիկ Գինոսյանը, Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան), Աշոտ Հակոբյանը, Յուրիկ Ջավադյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Հրանտ Աբրահամյանը: Խորհրդի նախագահը կրկին Վազգեն Մանուկյանն է։

Հիշեցնենք, որ հանրային խորհուրդը ձևավորվեց 2008 թվականի մարտյան դեպքերից հետո, 2008-ի հուլիսի 13-ին, որը պաշտոնապես սկսեց գործել 2009 թվականից։ Հանրային խորհրդի հիմնական նպատակն էր հնարավորություն տալ հասարակությանն ազդելու իշխանության քաղաքականության վրա, իսկ իշխանությանը` իր գործողություններն ուղղորդել հասարակության պահանջներին համընթաց:

Ներկայիս նույնպես խորհրդի առաքելությունը պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը նպաստելը, կառավարության, պետական կառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության ձևավորմանը նպաստելն է։ «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նոր Հանրային խորհուրդը բաղկացած է լինելու 45 անդամից՝ նախկին 36-ի փոխարեն:

Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հորդորեց զուգահեռներ չանցկացնել և երբեք համեմատություն չանել անցյալի հետ։ «Իրոք երկրում իրավիճակ է փոխվել, մեռելածին կառույցները կարող են վերակենդանանալ և ծառայել նպատակին։ Ես ինքս անձամբ երբևէ, որևէ կառույցի չեմ անդամագրվել հենց այն պատճառով, որ տեսել եմ և վստահ եմ եղել, որ այս երկրում, որտեղ չկար օրենք, չկար հարգանք, և ամեն բան ինչ-որ անձանց ձեռքում էր, որևէ բան անել հնարավոր չէր։ Իսկ հիմա ես ենթադրում եմ, որ այլ է իրավիճակը։ Եվ հետո Հանրային խորհրդի գոյությունը Սահմանադրության պահանջ է և եթե կփոխվի Սահմանադրությունը և կորոշվի, որ դա պետք չի, թող չլինի, բայց քանի կա, ինձ էլ առաջարկ է եղել կառավարությունից, ես համաձայնել եմ՝ վստահ լինելով, որ այսօր Հայաստանում փոխված իրավիճակում հնարավոր է անել շատ բան, և ես, որպես քաղաքացի, իրավունք չունեմ օգտակար չլինեմ իմ երկրին»,- ասաց տիկին Թուխիկյանը՝ հավելելով, որ Հանրային խորհուրդը նոր իրավիճակում կարող է շատ յուրօրինակ կամուրջ լինել հասարակության և իշխանության միջև, այլ ոչ թե դառնալ իշխանության կցորդը։ «Եթե այդ կառույցը հիմա էլ դառնա իշխանության կցորդը, ես այնտեղ մեկ վայրկյան չեմ լինի։ Ես չեմ կարող սահմանափակել իմ ազատությունը։ Կարևոր բաներ կան, որ իշխանությունը ժամանակ չունենալու, կամ ձեռքը չհասնելու պատճառով չի հասցնում, և Հանրային խորհուրդը կարող է այդ մասով օգտակար լինել՝ հանրությունից ստացած ինֆորմացիան, խնդիրները տեղ հասցնել և նպաստել դրանց լուծմանը»,- ընդգծեց Նարինե Թուխիկյանը։

Մշակութաբան, պարագետ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ առաջարկին համաձայնել է երկար զրույցներից հետո։ Եվ եթե նախորդ Խորհուրդը լիներ, ապա չէր գնա, թեև նախորդ Խորհրդից դեռ անդամներ կան։ «Հիմա եկել են մարդիկ, ովքեր թույլ չեն տա, որ այդ օրգանիզմը չաշխատի, իսկ նախկինում այն չէր աշխատում, քանի որ այդ ժամանակ կային մտավորականներ, գործիչներ, որոնց մի մասի նպատակը միայն իշխանական կերակրամանին մոտ լինելն էր և դրանով իրենց տեղը կերակրամանի մոտ ապահովելն էր։ Իսկ հիմա, հուսով եմ, որ նոր անդամները առկա խնդիրները կբարձրացնեն, իշխանությանը կստիպեն կատարել այն գործողությունները, որը պահանջում է ժողովուրդը և ինչի կարիքը ունի մեր պետականությունը»,- ասաց Գինոսյանը՝ հավելելով, որ այդ տեսանկյունից հաճախ գրանցվել են մտավորականները և օգտագործվել են իշխանությունների կողմից՝ նրանց հայեցողությամբ. «Այն ինչ պատրաստ չէր ժողովուրդը լսել արդեն ապականված և ոչ լիարժեք իշխանության շուրթերից, իշխանությունը գրպանելով, կաշառելով, ստիպելով դա ասում էր այդ մտավորականության շուրթերով։ Ասենք՝ դա եղավ «Սասնա ծռեր»-ի ժամանակ, երբ մտավորականները նամակով դիմեցին «Սասնա ծռեր»-ին, որը շատ վիրավորական էր։ Այդ ժամանակ ինձ առաջարկություն եղավ դիմել, ես ասացի, որ երկու հակամարտող կողմ կա, եթե մեր խոսքն ու հորդորը պետք է լինի երկու կողմին էլ, ապա կհամաձայնեմ, բայց խոսքը ուղղվեց միայն «Սասնա ծռեր»-ին, և ես չստորագրեցի դրա տակ։ Եվ փորձը ցույց տվեց, որ իշխանությունները նրանց օգտագործեցին իրենց նեղ, ճղճիմ նպատակների համար, իսկ այդ անդամներից ոմանք իշխանություններին հաճոյանալու համար պատրաստ էին ցանկացած թղթի տակ ստորագրել՝ միայն թե մոտ լինեին իշխանական կերակրատաշտին։ Նժդեհն ասում էր՝ լավ է Դիոգենեսի նման բավարարվել Դիոգենեսի տակառով, քան Արիստիպոսի նման հացկատակ անել թագավորների սեղաններին: Հուսով եմ, որ Հանրային խորհրդի նոր կազմը թագավորական սեղաններին հացկատակ անելու խորհուրդ չի լինի, այլ կբավարարվի դիոգենեսյան տակառով և կդառնա ժողովրդի խիղճը»։


Աղբյուրը՝ 1.am

loading...