Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը խոստանում է ընտրվելու դեպքում ամեն ինչ անել, որպեսզի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումներից հետո տրանսպորտի սակագինը քաղաքացիների համար թանկ չլինի: Լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ նախատեսում են փոխել տրանսպորտի ամբողջ համակարգը, այլևս չեն լինելու մեկանգամյա տոմսեր:

«Լինելու են տոմսեր, որոնք կարող են գործել կես ժամ, մեկ ժամ, 2 ժամ, երեք ժամ կամ մեկ ամիս, երեք ամիս, մեկ տարի և այլն: Այս դեպքում փոխվում է նաև գնագոյացման ձևը: Սակայն այն դեպքում, երբ որևէ մեկը մի քանի կանգառ պետք է անցնի ու իջնի, մենք այդպիսի տոմսերի համար կպահպանենք 100 դրամ արժեքը, որպեսզի հասկանալի ու պարզ լինի, որ կոնկրետ այդ ձևը չի թանկացել: Իսկ մնացած դեպքերում մի փոքր դժվար կլինի հաշվարկել: Օրինակ, եթե դու գնում ես մեկժամանոց տոմս, որը, օրինակ, արժե 150 դրամ, դու մեկ ժամվա ընթացքում կարող ես մի քանի տրանսպորտ փոխել: Եթե հիմա դա կարժենա 300 դրամ, ապա այդ դեպքում հնարավոր կլինի 150 դրամով մի քանի տրանսպորտ փոխել»,- մանրամասնեց Մարությանը:

Հարցին, թե երբ լինում են խցանումներ, և մարդիկ 15-20 րոպե մնում են խցանման մեջ, ինչպես է այդ դեպքում խնդիրը լուծվելու, Հայկ Մարությանն ընդգծեց, որ տրանսպորտային ցանցը գծելուց նաև դա է հաշվի առնվում: «Այսինքն՝ լինելու են կանաչ միջանցքներ, որոնք տրանսպորտի համար են: Խցանումը չպետք է խանգարի, որպեսզի տրանսպորտը ճիշտ ժամին գա: Այդ կանաչ միջանցքները նոր ցանցի մի մասն են կազմում: Ընդհանուր համակարգային փոփոխություն է լինելու: Արտասահմանում էլ մեծ քաղաքներում խցանումներ են լինում, բայց տրանսպորտը րոպե առ րոպե գալիս է: Դա նշանակում է, որ երթուղին այնպես է գծված, լուսացույցային այնպիսի համակարգ է դրված, որպեսզի տրանսպորտն առանց խցանումների անցնի: Մենք էլ ենք անելու ամեն ինչ, որ մեր տրանսպորտը իր ժամից ուշանա առավելագույնը 1-3 րոպեով»,- նշեց Մարությանը:


Աղբյուրը՝ 1.am

loading...