Ով մարտի 1-ին եղել է, թող տանեն հրապարակ գնդակահարեն, խորհրդարանում սեպտեմբերի 10-ին լրագրողների հարցերին ի պատասխան ասել է Սամվել Ալեքսանյանը: Նրա անունն էլ կար հայտնի ցուցակում, որը 2008 թվականին հրապարակել էր Հայ ազգային կոնգրեսը և հայտնել, որ ցուցակում ներկայացված օլիգարխներն ու բարձրաստիճան պաշտոնյաները իրենց թիկնազորերին հանել են հանրության դեմ՝ իրավապահների համազգեստով: Ցուցակում, ինչպես հայտնի է, Լիսկայի, Թոխմախի Մհերի, Հովիկ Աբրահամյանի, Սերժ Սարգսյանի Վաչոյի, Ալրաղացի Լյովի, Գագիկ Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի անուններն էին:

Հիմա մարդիկ հերթով հրաժարվում են, թե այդպիսի բան է եղել: Գագիկ Ծառուկյանն էլ օրերս ասել էր, թե ով մեղավոր է, թող գնդակահարեն հրապարակում, այդ թվում՝ եթե Հովիկ Աբրահամյանն էլ է մասնակից եղել: Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ Աբրահամյանն էլ նույն կերպ է մտածում: Իսկ ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր նաև, թե իրեն մարտի 1-ի հետ կապողն անբարոյական ընտանիքից է: Հատկանշական է, սակայն, այն, որ Ծառուկյանը մինչ այդ քաղաքական դաշնակցության մեջ էր այն քաղաքական ուժի հետ, որն իր անունը կապել էր մարտի 1-ին:

Այս ամենը, սակայն, խոսում է ավելի ցավալի ու վտանգավոր մի իրողության մասին: Բանն այն է, որ Մարտի 1-ը տասը անմեղ մարդկանց կյանքի գնով վերածվել է ներքաղաքական մի ճախարակի, որ հասանելի է գրեթե բոլոր քաղաքական ուժերին, և որոնցից ամեն մեկը պտտում է այդ ճախարակը ըստ իրեն հարմար ուղղության, իրեն հարմար արագությամբ: Մեծ հաշվով, այդ պտույտի վրա էր կառուցված նախորդ տասնամյակի ներհայաստանյան քաղաքականությունը: Նոր Հայաստանում, կարծես թե, Մարտի 1-ի ճախարակը դարձյալ վերսկսում է իր պտույտները, և այստեղ շատ բան կախված է արդեն իրավապահներից: Ի վերջո, նրանք հանրությանը կարողանալո՞ւ են ներկայացնել այս կամ այն գործչի կամ նախկին պաշտոնյայի հանցավոր մասնակցության անհերքելի փաստեր, թե՞ ոչ:

Բանն այն է, որ ինչքան այդ փաստերն ուշանում են, այնքան գործը մտնում է հերթական մանիպուլյատիվ տեղապտույտի մեջ: Եթե իրավապահների համար խնդիրը ծանր է, նրանց, այսպես ասած, քաշային կատեգորիայի չէ, ապա գուցե պետք է մտածել ավելի «ծանր քաշային» իրավապահներ ներգրավելու մասին: Եթե ոչ, ապա պետք է ուղղակի դադարեցնել գործընթացը, առնվազն դրա կիսահրապարակայնությունը, որովհետև մտավախություն կա, որ մինչև գործի, այսպես ասած, ամբողջական և համոզիչ բացահայտումը, մանիպուլյատիվ պտույտներն այն աստիճան կաղավաղեն հանրային գիտակցությունն ու մթնոլորտը, որ բացահայտված գործն այլևս «ոչ մեկին պետք չի լինի»:

Այլապես, առայժմ ստացվում է, որ գործնականում մեկը մյուսի հետևից «մաքրվում» են Մարտի 1-ի համար հանրայնորեն պատասխանատու դիտվող անձինք: Իհարկե, հարգելով անմեղության կանխավարկածը, պետք է արձանագրել, որ ովքեր իսկապես անմասն են, ապա քննության խնդիրն է նաև իսկապես մաքրել այդ մարդկանց: Սակայն առայժմ ավելի շուտ ստացվում է, որ Մարտի 1 եղել է, բայց ոչ մեկը պատասխանատու չէ դրա համար: Այլ հարց է իհարկե, եթե Հատուկ քննչական ծառայությունը ոչ այնքան հաճելի անակնկալ է պատրաստել նրանց համար, ովքեր այսօր ինքնավստահ հերքում են սեփական մասնակցությունը՝ համոզված, որ չկան ապացուցողական փաստեր: Հակառակ դեպքում կստացվի տհաճ անակնկալ հանրությանը:


Աղբյուրը՝ 1in.am

loading...