ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսմանն անդրադարձել է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, որի հայտարարությունը տարածվել է նախօրեին բավական ուշ: Հատկանշական է, որ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ կարծես թե բացակայում է մտահոգությունը պետության անվտանգության կապակցությամբ, ինչը գործնականում կարող է դիտարկվել եթե ոչ՝ անուղղակի խոստովանություն այդ ձայնագրության համար, ապա առնվազն անթաքույց գոհունակություն, որ այն եղել է, կա և հրապարակվել է:

 

Մեկ այլ հատկանշական հանգամանք է այն, որ երկրորդ նախագահի գրասենյակը կարծես թե չի էլ փորձել հերքել այն հայտարարությունները, որ ձայնագրության համար «պատասխանատվության» առումով հնչել են թե՛ ԱԱԾ ու ՀՔԾ պետերի ասուլիսի ընթացքում, թե՛ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում, որտեղ գրեթե ուղիղ և բաց տեքստով հայտարարվել է, որ անողը նրանք էին, ովքեր անցնում են Մարտի 1-ի գործով, և վախենում են ենթարկվել պատասխանատվության:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարության մեջ շեշտը դրված է ձայնագրության բովանդակության ու դրանից բխեցվող եզրահանգումների վրա, որոնք արդեն տեղավորվում են պաշտպանական այն ավանդական բովանդակության մեջ, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմը առաջ են տանում հուլիսի 26-ից սկսած:

Խոսքն այն մասին է, որ նրանք շեշտը դնում են իբրև թե քաղաքական հետապնդման ենթարկվելու վրա, և ձայնագրությունը երկրորդ նախագահի թիմի համար փաստորեն դարձել է հենց այդպիսի առիթ, որն էլ փորձում են օգտագործել: Մինչդեռ թվում էր, որ պետության ապագայով ու անվտանգությամբ մտահոգ գործչի գրասենյակը պետք է թերևս այդ ամենով հանդերձ, թեկուզ ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի խոսակցության ընթացքում սուբյեկտիվ մեկնաբանության ենթակա բովանդակությունը դատապարտելով, քննադատելով, դրանից եզրահանգումներ անելով հանդերձ՝ դատապարտեր նաև փաստացի պետության դեմ կատարված այդ գործողությունը և այն իրականացնողներին՝ պահանջելով անհապաղ բացահայտել, թե ովքեր են իրականացնողները: Չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ պետության անվտանգության մասին մտահոգվելով է վերադառնում քաղաքականություն: Մինչդեռ ձայնագրության կապակցությամբ նրա գրասենյակի հայտարարությունը չէր պարունակում որևէ մտահոգություն:

Այդ իմաստով երկրորդ նախագահի գրասենյակի անդրադարձը ինչ-որ իմաստով նույնիսկ «ինքնախոստովանություն» էր կամ, պատկերավոր ասած, որոշակիորեն համարժեք էր այն դեպքերին, երբ որևէ ահաբեկչական գործողություն իրականացրած կազմակերպությունը հայտարարում է դրա համար պատասխանատվության մասին:

Ինչ խոսք, տվյալ պարագայում բարեբախտաբար գործ չունենք ահաբեկչական գործողության հետ և պետք է անել ամեն ինչ, որ Հայաստանը որևէ կերպ այդպիսի իրողությունների հետ գործ չունենա, սակայն խնդիրը իհարկե ընդհանուր տրամաբանությունն է, ավելի շուտ՝ պատասխանատվություն ստանձնելու քաղաքական բաղադրիչը: Ի վեջո, տվյալ պարագայում ձայնագրությունը կամ գաղտնալսումը իրականացնող սուբյեկտը, ով էլ որ այն եղել է, թերևս ունեցել է, այսպես ասած, իր ստվերային ուժը ցույց տալու նպատակ՝ նրանց, ում այդ ուժի հարցում համոզելով ձգտում է ներգրավել իր դաշտ: Համենայնդեպս, ըստ տրամաբանության, հենց դա պետք է որ լիներ հիմնական նպատակը: Ըստ այդմ՝ պետք է որ լինի սուբյեկտ, որն ինչ-որ կերպ պատասխանատվություն պետք է առնվազն ուրվագծի կատարվածի համար՝ որպես իր ուժի և կարողության դրսևորում, այդպիսով, այսպես ասած, համոզելով նրանց, ովքեր կասկածում են այդ ուժին և կարողություններին և վարանում են գործակցության կամ դաշնակցության հարցում:

Երկրորդ նախագահի գրասենյակի հայտարարությունը հատկանշական էր ահա այդ տրամաբանության տեսանկյունից, իհարկե զուտ ենթադրական, հիպոթետիկ դիտարկումների դաշտում առկա հնարավոր վարկածներից կամ սցենարային հավանական տարբերակներից մեկը, քանի որ դեռևս չկա տեղի ունեցածի համար որևէ մեկի հանցանքն ապացուցող փաստ: Եվ դա, ի դեպ, ներկայումս պետք է լինի անվտանգության կառույցների թիվ մեկ խնդիրը՝ բացահայտել գաղտնալսումը:

 

Աղբյուրը

loading...