Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումներից. «Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցը մատնեց նախապես կազմված գործողությունների պլանը: Համառոտ այն է՝ պրովոկացիայի միջոցով ապակայունացնել քաղաքական կյանքը, թուլացնել կառավարությանը և նրան դրդել բիրտ, հակաօրիանական քայլերի, որպեսզի դրանք քննարկվեն ԵԽԽՎ-ում ու վերածվեն բանաձևերի:

ՔԱՅԼ 1. ՀՔԾ-ԱԱԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման ու հրապարակման միջոցով ապակայունացնել քաղաքական կյանքը. հուժկու հարված հասցնել Նիկոլ Փաշինյանի դե ֆակտո իշխանության բուրգի հենասյուներին՝ ուժային բլոկին, որի հանդեպ հասարակության վստահությունը բավական բարձր է:

ՔԱՅԼ 2. Հանրային-քաղաքական զայրույթի բորբոքման միջոցով հասնել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների պաշտոնանկություններին, որպեսզի Ռ.Քոչարյանի ասած՝ “գործում ներքաշված” շատ այլ պաշտոնյաներ՝ դատավորներ, քննիչներ վախենան իր դեմ մեղադանքը ապացուցելուց ու խորացնելուց:

ՔԱՅԼ 3: Գրգռել սեփական թիմակիցների սխալներից գազազած Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա սաստկացած հակակառավարական ալիքը ճնշելու, իրավիճակը փրկելու, իշխանությունը պահելու համար կտրուկ գործողությունների դիմի՝ հագնել կամուֆլյաժե բաճկոնը, առնել սուրն ու հենց ուղղակի ստանձնել հակառակորդի հաշվեհարդարի քաղաքական պատասխանատվությունը՝ դուրս գալով սահմանադրական լիազորությունների շրջանակից, ուզուրպացնելով իշխանության մյուս ճյուղերի ու մարմինների գործառույթները ու ապացուցելով, որ ՆՈՐ բռնապետ է:

ՔԱՅԼ 4: Հընթացս ԱԺ-ում հավատարիմ պատգամավորների աջակցությամբ ԵԽԽՎ-ում հատուկ նիստ հրավիրել տալ, որտեղ քննարկման կդրվեն ՀՀ իշխանությունների քայլերը, հասնել դրանք դատապարտող բանաձևեր ընդունելուն:

ՔԱՅԼ 5: Հայաստանը մտցնել մոնիթորինգի դաշտ ու ԵԽԽՎ բանաձևերը գործիք օգտագործել Հայաստանի ու նրա իշխանությունների գլխին:

Ու մինչ իմ քայլը 7 քայլ է պատրաստվում անել, Քոչարյանը՝ 1, 2, 3, 4, 5:

Բա որ երեկ ասում էի՝ Ամա՜ն, Մուրադ, չկատաղես…
Գործողությունների ծրագրի առաջին 3 քայլերը տապալված են, կառավարությունը թույլ չի տվել հասնել նպատակներին: Մնում է մյուսների դեպքում էլ չկորցնել սթափությունը: Չասեք, թե չենք հուշել կամ օգնել:

Հ.Գ. Սեդրակիչին ասեք հաճախակի հարցազրույց տա, շատ բան ենք իմանում…»:

loading...