Ֆիզիոլոգիայի տեսանկյունից քունը օրգանիզմի հանգիստ վիճակն է: Այն մարդու օրվա բիոռիթմի անբաժան մասն է կազմում, որը բնորոշվում է արտաքին միջավայրի նկատմամբ ընդհանուր զգայունության թուլացմամբ:
Քնի ընթացքում մարդը երազ է տեսնում: Երազներ տեսնում են բոլորը, սակայն ամեն ոք չէ, որ հիշում է դրանք: Գիշերային ամենավառ տեսիլքները հետաքրքրություն ու ցանկություն են առաջ բերում պարզելու և հասկանալու, թե ինչ են նշանակում դրանք:
ԵՐԲ ԸՆԿՆՈՒՄ ԵՍ
Երազում մենք հաճախ բարձրից՝ երկնաքերից, ծառից կամ ինքնաթիռից ընկնելու տարօրինակ զգացողություն ենք ունենում: Հոգեբանները դա կապում են ներքին անհանգստությունների, վախերի, ինքնավստահության կորստի հետ:
Երազում ընկնելը, ֆիզիոլոգիական տեսանկյունից, գերհոգնածության արդյունք է: Մարդու մարմինը ժամանակ առ ժամանակ հանգստի կարիք ունի ու եթե այն չստանա, առողջության հետ կապված խնդիրներ կառաջանան: Նման տեսիլքը առաջին նախազգուշացումն է, որ ձեր օրգանիզմը խնդիրներ ունի: Արձակուրդ վերցրեք և մեկնեք հանգստի՝ ծով կամ լեռնային վայրեր: Հաճելի ճամփորդությունից կշահի ձեր օրգանիզմը:
Հոգեբանները փաստում են նաև, որ, այսպես ասած կպչուն, կրկնվող երազները կապված են նյարդային համակարգի խնդիրների հետ: Եթե դուք երազում հաճախ եք ընկնում, ինչի հետևանքով վախ է առաջանում, անհրաժեշտ է դիմել մասնագետին: Իսկ եթե երազը հաճելի զգացողություններ է արթնացնում, նշանակում է, որ դուք ամենադժվարին իրավիճակներց դուրս գալու ելքեր հեշտությամբ կգտնեք:
ԵՐԲ ԹՌՉՈՒՄ ԵՍ
Ժամանակ առ ժամանակ մարդիկ տեսնում են երազներ, որոնցում նրանք թռչում են: Այդ ժամանակ մարդուն ուղեկցում է անսահման ազատության ու թեթևության զգացողություն: Բայց ինչ է դա նշանակում: Մասնագետները կարծում են, որ եթե երազում թռչում են երեխաները, ապա նրանք պարզապես մեծանում են: Նման երազները հաճախ տեղի են ունենում այն ժամանակ, երբ օրգանիզմն արտադրում է աճի, մաշկի բջիջների և ոսկրային հյուսվածքների համար պատասխանատու հորմոններ: Դա նաև վերաբերում է մեծահասակներին, թեև՝ ավելի քիչ չափով: Ըստ ընդունված օրինաչափության, երազում թռչելը հանդիպում է երկու դեպքում՝ հիվանդի առողջացումից առաջ, այսինքն՝ որպես ազդակ, և այն ժամանակ, երբ քնած օրգանիզմը ավելի շատ թթվածին է ստանում: Սակայն կան նաև այլ բացատրություններ: Մետաֆիզիկները երազում թռչելը կապում են դեպի անիրականություն ,,ճամփորդության,, հետ, իսկ հոգեբանները մի շարք թեորիաներ են առաջ քաշում, որոնցից մեկի համաձայն, դա կարծրացած շրջանակներից դուրս գալու, կախվածություններից ու կաշկանդումներից ազատվելու ձգտումն է: Ենթագիտակցությունը ձեզ օգնում է հեռու վանել տհաճ մտքերը և կյանքին նայել ավելի թեթև:
ԵՐԲ ԹԱՓՎՈՒՄ ԵՆ ԱՏԱՄՆԵՐԴ
Վիճակագրության համաձայն, ատամների թափվելը ամենատարածված երազներից է: Հոգեբանները վստահեցնում են, որ նման տեսիլքները ուժեղ վախ կամ անհանգստություն են առաջացնում ու խորհրդանշում են թաքնված խնդիրները:
Երազում ատամների թափվելու կամ վնասվելու հետ կապված մի քանի տեսակետ կա.
1. Անվստահություն քո անձի հանդեպ: Երազում ատամների կորուստը վկայում է, որ ձեր ինքնագնահատականը ցածր է: Այն նաև տարբեր իրավիճակներում ու տարբեր մարդկանց մոտ անհարմար դրության մեջ հայտնվելու, հասարակության կողմից արհամարվելու վախերի մասին է խոսում:
2. Իշխանության, ուժի խորհրդանիշ: Ատամները սովորաբար կծելու և ծամելու համար են: Այլ կերպ ասած, ատամները խորհրդանշում են ուժ: Երազում դրանց թափվելը անզորության զգացողության մասին է խոսում: Յուրաքանչյուր երազ ազդակ է և օգնում է ձեզ կյանքն ավելի լավը դարձնել: Ուստի, եթե երազում թափվում են ձեր ատամները, ապա կյանքում պետք է ավելի համառ լինեք և առաջին հերթին աշխատեք բարձրացնել ձեր ինքնագնահատականը:
3. Իսկ խորհրդապաշտները հավատում են, որ այդպիսի երազները կապված են գաղտնի հիվանդությունների հետ:
ԵՐԲ ԼՈՂՈՒՄ ԵՍ
Երազները երբեմն նման են անհավատալի հեքիաթների, բայց հաճախ դրանցում տեղի են ունենում ամենասովորական, իրական իրադարձություններ: Օրինակ, դուք ձեզ տեսնում եք լողալիս: Ինչպես վերաբերվել դրան: Գիշերային տեսիլքները խորհրդանշում են ձեր հուզական վիճակը: Դրանցում գլխավոր դերակատարը զգացմունքներն են: Եթե քնի ընդհանուր վիճակը եղել է հաճելի, նշանակում է ամեն ինչ կարգին է ու ինքներդ ձեր հետ հաշտ եք ապրում: Իսկ եթե ձեզ երազում վախն է պատել, ասենք, չեք կարողացել լողալ, կամ խորտակվել եք, դա նույնպես խոսում է իրական կյանքում ունեցած ձեզ վախերի մասին: Երազագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել ջրի թափանցիկությանը. եթե այն պարզ է՝ երազը բարի է, իսկ եթե ոչ՝ դա առողջությանը հետևելու ազդանշան է:
ԵՐԲ ՔԵԶ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ
Փախուստ ու հետապնդում հիշեցնող երազները առավոտյան անհանգստացնող հետք են թողնում: Դրանք միշտ չէ, որ, այսպես ասած, ողբերգական են, նման երազները հաճախ նաև արկածային զգացողությունն են առաջացնում: Հոգեբանները հանգել են այն համոզմանը, որ դրանց մեծ մասը խորհրդանշում են ափսոսանք՝ կյանքում բաց թողնված հնարավորությունների համար: Մարդիկ փախչում են իրենք իրենցից՝ չփորձելով ինչ-որ բան փոխել: Այն նաև ներքին անհաշտության վկան է: Եթե մարդը անհաշտ է ինքն իր հետ, նա կարծես փորձում է փախուստի մեջ գտնել փրկությունը: Բժիշկները նման երազներին ոչ մի կրևորություն չեն տալիս, այլ հորդորում են աշխատանքային ծանր օրվանից հետո խոտաբույսերով հանգստացնող լոգանք ընդունել, չլսել բարձր երաժշտություն և չդիտել սարսափ ֆիլմեր:
ԵՐԲ ՈՒՇԱՆՈՒՄ ԵՍ
Երազում ինչ-որ տեղից ուշանալը արթանալուց հետո տհաճ, երբեմն նաև ափսոսանքի զգացողություններ են առաջ բերում: Բայց ինչ են խորհրդանշում դրանք: Հոգեբանների կարծիքով՝ սթրես: Նրանք փաստում են, որ մարդիկ, ովքեր հոգու և մտքի ներդաշնակության չեն կարողանում հասնել, հաճախ են տեսնում երազներ, որոնցում ուշանում են հանդիպումից կամ տրանսպորտից: Ուշացումի մասին երազները մարդու հոգեկան լարվածության արտացոլանքն են՝ կապված նոր հնարավորությունները բաց չթողնելու հետ: Այսպես ասած, երազ տեսնողն ինքը պետք է հասկանա գիշերային տեսիլքների պատճառը, փորձի ճիշտ կերպով կազմակերպել իր կյանքի ռիթմը:
ԵՐԲ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՍ ՀԱՆՁՆՈՒՄ
Երազի մեջ քննություն հանձնելը խոսում է սեփական ուժերը թերագնահատելու, փորձությունների հանդեպ ունեցած վախերի և խնդիրները ինքնուրույն լուծել չկարողանալու մասին: Մասնագետները կարծում են, որ նման երազները կարող են օգնել մարդուն՝ նախապատրաստվելու ապագայում անկանխատեսելի իրավիճակներում հայտնվելուն:
ԵՐԲ ՏԵՍՆՈՒՄ ԵՍ ՀԱՆԳՈՒՑՅԱԼԻՆ ՈՒ ԶՐՈՒՑՈՒՄ ՆՐԱ ՀԵՏ
Հաճախ մարդիկ աներևակայելի երազներ են տեսնում: Հատկապես սարսափելի են հանդերձյալ աշխարհից ,,այցելած,, տեսիլքները: Մահացած հարազատները, անսովոր էակներն ու երևույթները կարող են վախեցնել ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին: Հոգեբանները վստահեցնում են, որ նման երազներից անհանգստանալ պետք չէ, քանի որ մահացած մտերիմներն ու սիրելիները հայտնվում են այն պատճառով, որ մարդը հաճախ է մտածում նրանց մասին, հիշում նրանց: ,,Նման երազներն ընդունեք շնորհակալությամբ, քանի որ դրանք առիթ են ևս մեկ անգամ տեսնելու ձեզ հարազատ մարդկանց,,:
ԻՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ԵՐԱԶԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է
Երազներ բոլորն են տեսնում, պարզապես ոչ բոլորն են հիշում դրանք:Երազները կարող են հաճելի կամ տհաճ լինել, երբեմն նույնիսկ՝ մղձավանջային: Սովորաբար հիշվում են վատ տեսիլքները, որոնք հոգեբանական մեծ ազդեցություն են թողնում մարդու վրա: Անձը փորձում է հասկանալ, թե ինչ են դրանք նշանակում: Կարևոր է գիտակցել, որ երազները իրական կյանքի արտացոլանքը չեն, բայց եթե անհանգստացնում են, մեթոդներ կան, որոնց շնորհիվ կարելի է դրանք կառավարել:
1. Նկարեք ձեր սարսափազդու երազը, կամ ձայնագրեք այն, իսկ հետո` այրեք:
2. Քնելուց առաջ փորձեք պատկերացրել, որ դուք գտնվում եք ձեզ համար հաճելի վայրում:
3. Ժամանակ հատկացրեք հանգստին: Խոտաբույսերով տաք լոգանքը, մեդիտացիան կամ թուլացնող մերսումը կօգնեն ձեզ հանգիստ քնել:
4. Հետևեք սննդակարգին: Ապացուցված է, որ քնելուց առաջ ծանր սնունդ ընդունելը կարող է նպաստել մղձավանջային երազներ տեսնելուն:
5. Օդափոխեք սենյակը քնելուց առաջ: