Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո հանդիպելով հայ համայնքին՝ այդ երկիր աշատանքային այց կատարած Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման թեմատիկայի առումով: Այլ հարցերի վերաբերյալ, ըստ հաղորդագրության, կողմերը պայմանավորվել են առավել հանգամանալից խոսել հոկտեմբերին՝ Երևանում, ուր պետական այցով կժամանի Ֆրանսիայի նախագահը, նաև Ֆրանկոֆոնիայի վեհաժողովին մասնակցելու առիթով:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահը հետաքրքրվել է ղարաբաղյան կարգավորման հեռանկարով, ինչին ի պատասխան ինքն ասել է, որ հեռանկարը կախված է Ադրբեջանի պահվածքից, և եթե համանախագահները ցանկանում են, որ լինի կարգավորման գործընթաց, ապա պետք է կարգի հրավիրեն Ադրբեջանին, որը խոսում է, այսպես ասած, ռազմատենչ հռետորաբանությամբ և պատերազի լեզվով: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ալիևը չի գիտակցել, որ գործ ունի բոլորովին այլ Հայաստանի հետ, որը ներկայումս համախմբում է ամբողջ հայությանը:
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա այցը պայմանավորված էր հենց ղարաբաղյան խնդրի շուրջ քննարկումներով: Համենայնդեպս, հատկանշական է, որ նախագահ Մակրոնի հետ հանդիպումից հետո Փաշինյանը մանրամասնել կամ հրապարակայնացրել է իր դիրքորոշումը այդ հարցում: Ընդ որում՝ նկատելի է, որ բավական կոշտ դիրքորոշումը: Հայաստանի վարչապետը, փաստորեն, բավական խիստ է դնում Ադրբեջանին կարգի հրավիրելու հարցը՝ բաց տեքստով հայտարարելով այդ մասին Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից հետո: Այդ հանգամանքն էլ, իր հերթին, թերևս հուշում է, որ Մակրոնի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը փոխըմբռնում է ունեցել այդ հարցով, և Ֆրանսիայի նախագահը թերևս ըմբռնել է Երևանի այդ դիրքորոշումն ու դրա իրավացիությունը, հիմնավորվածությունը:
Այդ հանգամանքը, իհարկե, կարող է դժգոհություն առաջացնել նաև Իսրայելում, որը հարավկովկասյան տարածաշրջանը դիտարկում է մի շարք կարևոր ուղղություններով ռազմաքաղաքական մանևրի պոլիգոն, իսկ դրա, այսպես ասած, բաց պատուհանը տեսնում է Ադրբեջանի ռազմական դիվանագիտության մեջ: Եթե այդ դիվանագիտությունը փակուղում է, ուրեմն փակ է նաև Իսրայելի պատուհանը: Պատահական չէ, որ Իսրայելի պաշտպանության նախարար Լիբերմանը շտապում է Բաքու, երբ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից հետո այց է կատարում Ֆրանսիա:Այդ իմաստով, գուցե Մակրոնի հետ Փաշինյանի հանդիպումը պետք է դիտարկել ՌԴ նախագահի հետ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման շարունակության մեջ՝ առնվազն ղարաբաղյան թեմատիկայի առումով: Ըստ ամենայնի, դրա արձագանքն է Իսրայելի պաշտպանության նախարարի այցն Ադրբեջան և Բաքվի լայնամասշտաբ զորավարժության մասին հայտարարությունը, որը լինելու է սեպտեմբերի 17-22-ը: Բաքուն փորձում է իր դժգոհությունն արտահայտել համանախագահներից առնվազն երկուսի՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի աջակցությունից, որ նկատելիորեն առկա է Հայաստանի նոր իշխանության և նոր իրավիճակի հանդեպ, այդ թվում՝ ղարաբաղյան հարցում, ինչի վկայությունն էլ Փաշինյանի կոշտ գնահատականն էր Փարիզում՝ Մակրոնի հետ հանդիպումից հետո:
Այդ ամենը, որքան էլ տարօրինակ կամ կտրուկ շրջադարձ դիտվի արտաքինից ներքին եզրահանգումը, առավել քան մերկացնում է այն քայլերի հակապետական բնույթը, որ կատարվում են Հայաստանի նոր իրավիճակը և նոր իշխանությանը «բռնապետական» որակումներ տալու ուղղությամբ:
Աղբյուր՝ 1in.am