ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Ֆինանսների նախարարության ներկայացրած նախագծին՝ «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական ծրագրի վերաբերյալ:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության նիստում ասաց, որ 2018 թվականին ՀՀ կառավարությունը շարունակելու է բացի «Բնակարան երիտասարդներին» ծրագրի միջոցով տրամադրված վարկերի գումարի վերաֆինանսավորելուց, նաև մեղմել կանխավճարի վճարման հետ կապված դժվարությունները:
Առաջարկվող փոփոխություններով ծրագրի շահառուներին հնարավորություն է ընձեռնվելու բնակարանի արժեքի առնվազն 10%-ի չափով կանխավճար կատարելով՝ ձեռք բերել բնակարաններ, եթե վերջիններս ձեռք են բերում նաև հիփոթեքային պարտավորության ապահովագրության պրոդուկտ՝ 10 և ավելի տոկոս կանխավճարի և տվյալ բնակարանի ձեռքբերման համար սահմանված նվազագույն կանխավճարի (30%) տարբերության չափով:
Միաժամանակ, նախատեսվում է երիտասարդ ընտանիքների համար ստեղծել նոր հնարավորություն՝ առնվազն 20% կանխավճարով, առնվազն 10 տարի մարման ժամկետով և առավելագույնը մինչև 7,5% տարեկան տոկսադրույքով ձեռք բերել մինչև 30 մլն ՀՀ դրամ արժողությամբ նորակառույց բնակարաններ:
Կառավարությունն առաջարկում է նաև երիտասարդ ընտանիք համարել այն զույգերին, որոնց տարիքների գումարը չի գերազանցում 70-ը, նախին 65-ի փոխարեն: