Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհաննեսբուրգում շարունակվող Դատախազների միջազգային ասոցիացիայի համաժողովի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իրավական փոխօգնության վերաբերյալ պայմանվորվածություններ է ձեռք բերել տարբեր պետությունների հետաքննություն իրականացնող մարմինների հետ:

 Մասնավորապես Շվեյցարիայի գլխավոր դատախազ Միշել Լաուբերի հետ կայացած երկկողմ հանդիպման ընթացքում Արթուր Դավթյանը մեծապես կարևորել է Հայաստանում իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարի ներկայիս ակտիվացման համատեքստում Շվեյցարիայի իրավապահ մարմինների հետ ամենաօպերատիվ և սերտ համագործակցությունը:

Ինչպես տեղեկացնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, ՀՀ գլխավոր դատախազի կողմից առանձնահատուկ շեշտադրվել է հատկապես փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները համապատասխան բանկային համակարգերի ներգրավմամբ Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես օֆշորային գոտիներ տեղափոխելու հանգամանքների բացահայտման գործում Հայաստանի և Շվեյցարիայի դատախազությունների միջև տեղեկատվության փոխանակման, փոխադարձ իրավական օժանդակության ցուցաբերման գործընթացների խթանման անհրաժեշտությունը:

«Ընդգծելով Հայաստանի հետ համագործակցությունը միջազգային հանցավորության դեմ պայքարում՝ Շվեյցարիայի գլխավոր դատախազը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել վերոնշյալ ուղղություններով ՀՀ իրավապահ մարմինների նախաձեռնություններին:
Հանդիպման արդյունքում երկու երկրների գլխավոր դատախազների միջև ձեռք են բերվել գործնական և առարկայական պայմանավորվածություններ, մասնավորապես հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների հայտնաբերման և վերադարձման հարցում համագործակցության շուրջ»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Արթուր Դավթյանը երկկողմ հանդիպում է ունեցել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների դատախազության պատվիրակության ղեկավար Ալի Ալալեելիի հետ: Պաշտոնական տեքստում նշվում է, որ վերջին շրջանում նշանակալիորեն ինտենսիվացել է նաև Հայաստանի և ԱՄԷ դատախազությունների միջև փաստաթղթաշրջանառությունը: Պաշտոնական այս հաղորդագրությունը հետաքրիքր է հատկապես փողերի լվացման գործերի բացահայտման համատեքստում: Սկանդալային ձայնագրության հրապարակման առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ նոր գործ է նախապատրաստվում` ապօրինի հարստացման մեղադրանքով:

ԱԱԾ պետը հայտարարել էր, թե Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքը հարստացել են կոռուպցիայի և կաշառքի ճանապարհով: Մասնավորապես, ըստ ԱԱԾ պետի, Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում: Նախկինում մամուլում հրապարակումներ են եղել, որ Հայաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնայներն ու օլիգարխները խոշոր գումարներ են դուրս բերել Հայաստանից և դրանք պահ տվել շվեյցարական բանկում:

Հայաստանից թալանված փողերի հետքը կորցնելու նպատակով, դարձյալ ըստ ԶԼՄ հրապարակումների, փողերի լվացումը կատարվել է օֆշորային գոտիների միջոցով: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքի անդամները կարող են լինել այն անձանցից մեկը, ովքեր շվեյցարական բանկերում հաշիվներ ունեն: Ի դեպ, Մեդիամաքսին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե իրեն հարուստ մարդ համարում է, նշել է, որ իր ընտանիքի կարողությունները համադրելի են մոտ 200 այլ ընտանիքների ունեցվածքի հետ: Փաստորեն, Հայաստանի նոր իշխանություններն արդեն հասնում են շվեյցարական բանկերին, որտեղ ենթադրաբար պահվում են Քոչարյանի ասած 200 ընտանիքի գումարները:

Աղբյուրը

loading...