Ռոբերտ Քոչարյանը, Մեդիամաքսին տված հարցազրույցում խոսելով հեղափոխության մասին, հետաքրքիր նախադասություն է ասել. «Տեսնում եմ, որ իշխանության է եկել մի թիմ, որը բոլորովին այլ աշխարհքաղաքական առաջնահերթություններ ունի: Նրանք փորձում են 180 աստիճանով շրջադարձ կատարել, սակայն ես դրան այդքան էլ չեմ հավատում: Որոշ ժամանակ է հարկավոր հասկանալու համար՝ սա խա՞ղ է, թե՞ այս ամենը լուրջ է»:

Փաստացի, Ռոբերտ Քոչարյանը դեռ չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում: Նա դեռ մտածում է, որ սա խաղ է, այլ ոչ թե 180 աստիճանի շրջադարձ: Այսօր քչերը կարող են բացատրել, թե 2018 թվականի ապրիլին ինչ է տեղի ունեցել Հայաստանում:

Նիկոլ Փաշինյանը դա փորձել է բացատրել Ֆրանսիայում: Նա հայկական նոու հաուն սահմանել է որպես ժողովրդաիշխանություն պլեբիսցիտի միջոցով: Նա ասել է, որ «Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդը սկսեց հավատալ ինքն իրեն. առանցքային փոփոխությունը, որ տեղի է ունեցել` սա է: Կապ չունի, թե ով է իշխանություն և ով ընդդիմություն, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ժողովուրդն է, և դրա մեջ որևէ չափազանցություն չկա: Այսօր ընդունել եմ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներին, որոնց հետ տեղի ունեցավ հետաքրքիր խոսակցություն. նրանց ասացի, որ Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է կառավարման նոր համակարգ. դա ուղիղ ժողովրդաիշխանությունն է: Քանի որ այս արտահայտությունը թյուրըմբռնումների տեղիք է տալիս, ցանկանում եմ նշել, որ դա ասելով նկատի ունեմ հետևյալը. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ավելի կարևոր մասնակցություն պետք է ունենան երկրի կառավարմանը, մասնավորապես հանրաքվեների միջոցով: Կարծում եմ` Հայաստանում սկսվել է մի նոր գործընթաց, որը կտարածվի աշխարհում: Ուզում եմ հավատալ, որ հայ ժողովուրդը և Հայաստանը ստանձնել են մի դերակատարում, որն ունի գլոբալ նշանակություն, և ես կարծում եմ, որ հայ ժողովուրդն ունի ներուժ, պատմություն և հմտություն աշխարհում նոր համակարգերի ստեղծման ճանապարհին իր դերակատարումն ունենալու համար:


Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի մայրաքաղաքում, որը 5 հեղափոխություն, գիլյոտին, Բաստիլի գրավում, ազատություն, հավասարություն եւ եղբայրություն է տեսել, բացատրել է Հայաստանում տեղի ունեցածի իմաստը: Դա ժողովրդի իշխանության հաստատումն է պլեբիսցիտի միջոցով եւ բացարձակ հավասարությունը:Կարող եմ երաշխավորել, որ այսօր Հայաստանում բոլոր մարդիկ առանց բացառության հավասար են օրենքի առաջ: Երկրում որևէ մեկից որևէ բանով ավելի և պակաս չլինելն այն անկյունաքարն է, որի վրա վրա կառուցվում է մեր նոր իրականությունը», – ասել է Փաշինյանը:

Աղբյուր՝ Lragir.am

loading...