Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ընթրիք է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ։ Իր ելույթի ժամանակ Փաշինյանն անդրադարձել է հեղափոխության քաղաքական հետևանքներին, որոնք հանգեցրել են հասարակության սուբյեկտության մեծացմանը։
«Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է կառավարման նոր համակարգ. դա ուղիղ ժողովրդաիշխանությունն է: Քանի որ այս արտահայտությունը թյուրըմբռնումների տեղիք է տալիս, ցանկանում եմ նշել, որ դա ասելով՝ նկատի ունեմ հետևյալը. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ավելի կարևոր մասնակցություն պետք է ունենան երկրի կառավարմանը, մասնավորապես հանրաքվեների միջոցով»,- ասել է նա:
Նման լսարանում Փաշինյանի այս արձանագրումը խիստ էական է, որովհետև օգոստոսի 17-ի հանրահավաքում նրա հայտնի ելույթից հետո թյուրընկալումներ էին առաջացել ժողովրդաիշխանության վերաբերյալ՝ թերևս այն պատճառով, որ վարչապետը շեշտադրել էր հրապարակի իմպերատիվ նշանակությունը։ Տվյալ պարագայում Փաշինյանը խոսում է ժողովրդաիշխանության ինստիտուցիոնալ դրսևորման մասին, որն արդյունավետ կիրառում ունի հատկապես Շվեյցարիայում՝ նպաստելով հասարակության գործուն մասնակցությանը քաղաքական կյանքին, երկրի կառավարմանը՝ համապետական և մունիցիպալ մակարդակներում։
Ուշագրավ է, որ երեկվա ծրագրային ելույթում Նիկոլ Փաշինյանը ձևակերպել է հավակնոտ մի նշաձող։ «Կարծում եմ՝ Հայաստանում սկսվել է մի նոր գործընթաց, որը կտարածվի աշխարհում: Ուզում եմ հավատալ, որ հայ ժողովուրդը և Հայաստանը ստանձնել են մի դերակատարում, որն ունի գլոբալ նշանակություն, և ես կարծում եմ, որ հայ ժողովուրդն ունի ներուժ, պատմություն և հմտություն աշխարհում նոր համակարգերի ստեղծման ճանապարհին իր դերակատարումն ունենալու համար: Տեսնելով ներկաներին՝ ուզում եմ հավատալ, որ մեր պետությունը կլինի ժամանակակից քաղաքականության ոչ թե ետնաբեմում, այլ լիդերության իր չափաբաժինը կստանձնի: Հայ ժողովուրդն ունի այդ ներուժը, և որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովուրդ՝ ես ավելի եմ հավատում այդ գաղափարին, որ մենք ունենք շատ ավելի լուրջ և մեծ պոտենցիալ»,- ասել է նա:
Փաշինյանն ըստ էության հասկացրել է, որ հեղափոխությունն ուղղված է ոչ միայն Հայաստանում նոր որակի պետության կառուցմանը, այլ նաև աշխարհում նրա քաղաքական, քաղաքակրթական դերակատարության մեծացմանը։ Այլ խոսքով՝ առաջ է քաշվում, այսպես կոչված, հայկական մոդելի ստեղծման գաղափարը, որն ուղենիշային կարող է դառնալ այլ երկրների զարգացման համար։ Հայաստանը հավակնում է մասնակցել նոր աշխարհակարգի քաղաքակրթական հիմքերի ձևավորմանը։
Իհարկե, սահմանված նշաձողն ինքնին հավակնոտ է՝ հաշվի առնելով Հայաստանի սահմանափակ հնարավորությունները, առաջին հերթին՝ մարդկային, ինտելեկտուալ ռեսուրսները։ Սակայն Փաշինյանի ելույթը սահմանում է ռազմավարական խնդիր, որը ենթադրում է տարիների նպատակային ու քրտնաջան աշխատանք, ձևակերպում է ապագայի տեսլական, երազանք։ Նոր Հայաստանի գաղափարն է, որ պետք է կոնսոլիդացնի Սփյուռքը, դառնա Հայաստան-Սփյուռք նոր հարաբերությունների անկյունաքարը։
Վերջին տարիներին Հայաստան-Սփյուռք հարաբերությունները խորքային ճգնաժամ են ապրում, որն ունի մի շարք սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ։ Քրեաօլիգարխիկ համակարգի քսանամյա կառավարման տարիներին Հայաստանը կորցրել էր իր սուբյեկտությունը, դադարել էր լինել կոնսոլիդացնող գործոն ոչ միայն իր քաղաքացիների, այլ նաև աշխարհասփյուռ հայության համար։ Հայաստանը դարձել էր ամբիցիաներ չունեցող ու քաղաքակրթության լուսանցքում հայտնված մի երկիր՝ կորցնելով իր ռացիոնալ դեմքը, տարածաշրջանային կշիռը, դերակատարությունը գլոբալ քաղաքականության մեջ։
Մյուս կողմից՝ Սփյուռքի կառույցների օրակարգն ակնհայտորեն հնացած է, սնվում է պատմական արդարության վերականգնման ժամանակավրեպ կոնցեպտից՝ չձևակերպելով զարգացման տեսլական։ Այս ամենը հանգեցրել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ճգնաժամին։
Սերժ Սարգսյանը փորձեց հաղթահարել այդ ճգնաժամը՝ չորս միլիոնանոց Հայաստանի թեզով։ Սակայն այն ընդամենը քարոզչական հնարք էր, համենայնդեպս՝ այդպիսի ընկալում ունեցավ, որովհետև դրա հիմքում չկար Հայաստանի արդիականացման հրամայականը, իմպերատիվը։
Թավշյա հեղափոխությունը Հայաստանի արդիականացման հզոր ազդակ է, ինչը Նիկոլ Փաշինյանին թույլ է տալիս ձևակերպել հավակնոտ ծրագիր, որը միտված է Հայաստանի կշռի բարձրացմանը համաշխարհային քաղաքականության հարթակում։ Այս համատեքստում վարչապետը կարևոր առաքելություն է վերապահում Սփյուռքին։ «Մենք մեր ուժերը պետք է մեկտեղենք, և դրա արդյունքում է, որ Հայաստանում տեղի են ունեցել քաղաքական փոփոխությունները, որովհետև թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև Սփյուռքի գործուն մասնակցությամբ: Ի՞նչ նկատի ունեմ մասնակցություն ասելով. հստակ դիրքորոշում և տեսակետ արտահայտելն այս հարցում ամենահզոր գործոնն էր, որ կարող էր փոխել քաղաքական իրավիճակը Հայաստանում: Ինձ համար չափազանց կարևոր է տեղի ունեցածի հոգևոր, մշակութային և քաղաքական բովանդակությունը, որը, ինչպես պարզվեց, պետք է միավորեր բոլորիս: Ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը նոր դերակատարման փուլ է մտել, և այդ նոր դերակատարումն առաջին հերթին ազատ և երջանիկ հայրենիք կերտելն է»,- երեկ Փարիզում ասել է Փաշինյանը:
Հայաստանի նոր կառավարությունը շեշտը դնում է ներառական քաղաքականության վրա, ինչը կարող է կարճ ժամանակում ցույց տալ իր արդյունավետությունը, եթե վարչապետի առաջ քաշած թեզերն ամրապնդվեն կոնկրետ ծրագրերով, բովանդակային բաղադրիչով։
Աղբյուրը՝ 1in.am