Մարտի 1-ին զոհված Տիգրան Աբգարյանի մայրը` Ռուզաննա Հարությունյանը սեպտեմբերի 11-ին կրկնակի ցավ ապրեց: Այդ օրը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ Տիգրանը սպանվել է հակուտջոկատայինների բացած կրակահերթից հետո` Լեոյի փողոցի վրա: Սասուն Խաչատրյանը հայտարարեց.«Տիգրան Աբգարյանը սպանվել է Քոչարյանի կողմից արտակարգ դրություն մտցնելուց հետո: Արտակարգ դրություն էր հայտարարվել, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Մեր վերսիան այն է, որ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որ հիմնավորվի Քոչարյանի` մենք արդեն զոհեր ունենք խոսքերը»:
Մարտի 1-ի զոհերից Տիգրան Աբգարյանի մայրը պնդում է` տասը տարի շարունակ հավատացել է, որ 18-ամյա որդին զոհվելէ 2008-ին արտակարգ դրությունը մտցնելուց հետո։ «Ես վստահ էի, որ որդուս կողքի մարդ է խփել: Որդուս մահից երկու տարի անց մահացած ամուսինս հազար վարկած էր առաջ քաշում: Մենք վաղուց գիտեինք, որ որդուս ոստիկաններն են սպանել, բայց հայտարարությունը մեծ հարված էր»,-նշեց Ռուզաննա Հարությունյանը: Նա նշեց, որ որդուն 40 օր միացրել էին արհեստական շնչառական սարքին և կենդանի էին պահում, որ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը «հարամ» չլիներ: