Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ավարտվել է Արազ Փ.-ի գործով դատական քննությունը:
29-ամյա Արազ Փ.-ին մեղադրանք էր առաջադրվել մահվան ելքով վրաերթի ու վթարի վայրից հեռանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով և 244 հոդվածով:
Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի օգոստոսի 13-ին, ժամը 22-ի սահմաններում Արազ Փ.-ն իր «BMW» մեքենան վարել է Երևան քաղաքի Տիչինայի փողոցի կողմից Սեբաստիա փողոցով դեպի Արմին Վեգների փողոց: Նա մեքենան վարել է իր ուղեմասի ձախ եզրային գոտիով, մոտակա լույսերը միացված վիճակում:
Սեբաստիա 28 հասցեի դիմաց Արազ Փ.-ն, ըստ մեղադրանքի, թույլ է տվել ՃԵԿ համապատասխան պահանջներին հակասող գործողություններ՝ իր ընթացքի ուղղությամբ ՝ բաժանարար զույգ հոծ գծանշումների մոտ կանգնած հետիոտնների առկայության պայմաններում ժամանակին միջոցներ չի ձեռնարկել
մեքենան կանգնեցնելու կամ վերջիններիս անվտանգ կերպով շրջանցելու համար, ինչի տեխնիկական հնարավորությունն ունեցել է:
Ըստ մեղադրանքի՝ Արազ Փ.-ն մեքենայի առջևի ձախ անկյունային մասով վրաերթի է ենթարկել 81-ամյա Աչիկո Շ.-ին՝ նրան անզգուշությամբ պատճառելով մահ:
Այնուհետև, ըստ մեղադրանքի, Արազ Փ.-ն առանց կանգ առնելու թողել է պատահարի վայրն ու հեռացել է:
Արազ Փ.-ն դատարանում իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն՝ միայն վրաերթը կատարելու համար: Նա չի ընդունել պատահարի վայրը թողնել-հեռանալու մեղադրանքը՝ հայտնելով, թե վրաերթից հետո մեքենան կայանել է կողքի փողոցում, այնուհետև իր ուղևորուհի՝ իր ընկերուհի Ք.-ի հետ վերադարձել է դեպքի վայր, բայց տեսնելով, որ շտապօգնության անձնակազմն արդեն ժամանել ու տուժողին մեքենայով արդեն տեղափոխում են հիվանդանոց, նրանց հետևից գնացել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Այնտեղ իմանալով, որ տուժող կինը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին:
Տուժող տատիկը դեպքի պահին եղել է դստեր հետ: Ըստ վերջինիս ցուցմունքի՝ դեպքի օրը՝ 2017 թվականի օգոստոսի 13-ին, ժամը 22-ի սահմաններում մոր՝ Աչիկոյի հետ դուրս են եկել Սեբաստիայի 30 շենքից, բակամիջյան ճանապարհով դուրս են եկել փողոց:
Տեսնելով, որ անցնող մեքենաներ չկան, հատել են Սեբաստիայի փողոցի՝ Տիչինայի փողոցի կողմից դեպի Վեգների փողոց տանող ուղեմասը: Մոտեցել են Սեբաստիայի փողոցի միջնամասում գտնվող զույգ հոծ գծանշումին, կանգ են առել կողք կողքի և զիջել են Վեգների փողոցի կողմից դեպի Տիչինայի փողոց տանող ուղեմասով ընթացող մեքենաներին:
Մոտ տասը վայրկյան կանգնել են, ապա տեսնելով, որ մեքենաների հոսքը դադարել է, ինքը կատարել է քայլ առաջ, որից անմիջապես հետո հարվածի ձայն է լսել: Շրջվել ու տեսել է, որ մայրն ընկած է ճանապարհի հանդիպակաց գոտու ասֆալտին: Մոտեցել ու տեսել է, որ մայրը, ոտքերը կոտրված, անշարժ ընկած է: Հավաքվել են պատահական անցորդներ, ինքը զանգել է շտապօգնություն, մորը տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, բայց ստացած վնասվածքներից մայրը մահացել է…
Դեպքի վայրում ընդհանուր խոսակցություններից է ինքը տեղեկացել, որ վրաերթը կատարել է «BMW» մեքենա, որը առանց կանգ առնելու մեծ արագությամբ հեռացել է:
Ըստ տարածքում գտնվող տեսախցիկների տեսանկարահանած նյութերի՝ «բարձր արագությամբ ընթացող մեքենան վրաերթի է ենթարկել զույգ հոծ գծանշումի վրա կանգնած հետիոտնին, վերջինս հարվածից օդ է բարձրացել և ընկել է Սեբաստիայի փողոցի՝ Վեգների փողոցի կողմից դեպի Տիչինայի փողոց տանող ուղեմասում… Այդ ժամանակ այդ ուղեմասով ընթացող տաքսու տարբերանշանով մեքենան վրաանցում է կատարել վրաերթի ենթարկված ու փողոցի երթևեկելի մաս ընկած հետիոտնի ոտքերի վրայով…»:
Արազ Փ.-ի շահերի պաշտպանները նշել են, թե իրենց պաշտպանյալի կողմից ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու նպատակը չի եղել պատասխանատվությունից խուսափելը, այլ միայն՝ կատարվածից սթափվելը: Նա շտապօգնության մեքենայի հետևից գնացել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իմացել է, որ տուժողը մահացել է, ապա ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Ըստ պաշտպանների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու մեղադրանքում իրենց պաշտպանյալ Արազ Փ.-ն ենթակա էր արդարացման:
Որպես անզգույշ հանցավոր արարք կատարած Արազ Փ.-ի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ՝ պաշտպանները նշել են որպես առաքիչ աշխատող Արազ Փ.-ի դրական բնութագիրը, կատարածի համար զղջալը, պատրաստակամությունը՝ տուժողի հարազատներին փոխհատուցելու պատճառած նյութական վնասը:
Դատարանը Արազ Փ.-ին մեղավոր է ճանաչել մահվան ելքով վրաերթի ու պատահարի վայրը թողնելու համար:
Արազ Փ.-ն վերջին հաշվով դատապարտվել է 2 տարի իրական ազատազրկման՝ 2 տարի 6 ամսով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Պատժի սկիզբը՝ 2017 թվականի օգոստոսի 14-ից:
Արազ Փ.-ից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 432 հազար 800 դրամ՝ որպես դատական ծախսերի հատուցում:
Տուժող կողմը քաղաքացիական հայցի պահանջ չէր ներկայացրել, այդ հարցը համարվել է լուծված:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրող դատախազը՝ պահանջելով պատժի մասով՝ խստացման առումով, փոփոխել դատավճիռը, Արազ Փ.-ին վերջին հաշվով դատապարտել 3 տարի 6 ամիս իրական ազատազրկման:
Նույն Արազ Փ.-ն նույն Սեբաստիայի փողոցում երեք տարի առաջ դարձյալ կատարել էր մահվան ելքով վրաերթ: Ըստ այդ գործով կայացված դատական ակտի՝ 2014 թվականի փետրվարի 25-ին, առավոտյան ժամը 7-ն անց 30-ին Արազ Փ.-ն, ով այն ժամանակ 26 տարեկան էր, վարում էր «Մերսեդես Բենց Ե-240» ավտոմեքենա, շուրջ 60 կմ/ժ արագությամբ ընթացել է Սեբաստիայի փողոցով դեպի Րաֆֆու փողոց: Սեբաստիայի 141 հասցեի դիմաց նա թույլ է տվել ՃԵԿ պահանջներին հակասող գործողություններ՝ ուշադրությունը շեղել է երթևեկությունից ու վրաերթի է ենթարկել 76-ամյա տղամարդու, ով ստացած վնասվածքներից մահացել է…
Հիշյալ գործով էլ տուժողի իրավահաջորդը պատճառված նյութական վնասի հատուցում չէր պահանջել, նշել էր, թե ծախսերը կատարել է ինքը, բայց հաշվի առնելով, որ ամբաստանյալի ընտանիքի անդամների հետ մտերիմ հարաբերությունների մեջ է, քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացնում:
Այս գործը քննվել էր արագացված ընթացակարգով:
Ընդհանուր իրավասության դատարանը Արազ Փ.-ին մեղավոր էր ճանաչել մահվան ելքով վրաերթի համար, դատապարտել էր 1 տարի 6 ամիս իրական ազատազրկման՝1 տարի 6 ամսով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Վերաքննիչ քրեական դատարանը պատժի մասով մեղմացման առումով փոփոխել էր դատավճիռը, սահմանված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չէր կիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:
Երկրորդ անգամ նույն՝ Սեբաստիայի փողոցում մահվան ելքով վրաերթի կատարման պահին Արազ Փ.-ն արդեն փորձաշրջանի մեջ չէր՝ դատարանի սահմանած փորձաշրջանը երկու տարի առաջ էր ավարտվել, բայց բարոյական առումով ու նաև՝ որպես վարորդ՝ պարտավոր էր ավելի ուշադիր ու պատասխանատու կերպով երթևեկել, էլ չասենք՝ հատկապես՝ Սեբաստիայի փողոցով…
Աղբյուրը՝ 1in.am