Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հերքել է թուրքական մամուլում հրապարակված լուրերը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Էրմենիհաբերի» հետ զրույցում ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է, որ Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույց չի եղել։

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նման հեռախոսազանգ չի եղել»,- ասել է Բալայանը:

Նշենք, որ ըստ թուրքական մամուլի պնդումների՝ Էրդողանը զանգահարել է Փաշինյանին՝ խնդրելով ազատ արձակել հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած և կալանավորված Թուրքիայի քաղաքացի 16-ամյա Ումութ Ալի Օզմենին։ Հրապարակումներում նշվել է, որ ՀՀ վարչապետը Էրդողանի խնդրանքին դրական պատասխան է տվել։

Իսկ մի շարք լրատվական կայքերում լուրեր են շրջանառվում, թե Հայաստանը Ումութ Ալի Օզմենին հանձնել է Վրաստանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությանը։

«Էրմենիհաբերի» ձեռք բերած տեղեկությունների համաձայն՝ Օզմենը գտնվում է Հայաստանում։


Աղբյուրը՝ 168.am

loading...