Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում էր Ֆրանսիայում: Այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպեց նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչի ընթացքում, անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի աղմկահարույց գաղտնալսմանը, հայտարարեց, որ այն իրականացվել է հայաստանյան շրջանակների կողմից: Վարչապետի ելույթի և վերոնշյալ հայտարարության վերաբերյալ 168.am-ը զրուցել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:
– Պարոն Շարմազանով, նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի աղմկահարույց գաղտնալսումն արվել է հայաստանյան շրջանակների կողմից՝ սլաքներն ուղղելով ՀՀ նախկին իշխանությունների ուղղությամբ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:
– Նախ առիթ ունեցել եմ նշելու, որ վերջին շրջանում վարչապետի հայտարարությունները տարակուսանք են առաջացնում: Վարչապետը չի գիտակցում, կամ ամբողջությամբ չի գիտակցում իր խոսքի արժեքը: Նա այլևս ընդդիմադիր պատգամավոր չէ, որ ասի զուտ ասելու համար: Նա Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան է, որի յուրաքանչյուր խոսքը պետք է հիմնված լինի ծանրակշիռ փաստերի վրա, որովհետև նրա խոսքը լսելի է թե՛ Հայաստանի քաղաքացիների, թե՛ միջազգային գործընկերների և դիվանագիտական ներկայացուցիչների համար: Եվ ցավալի է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը, չլսելով մեր հորդորները, շարունակում է նման գործողությունները, և մեկը մյուսի հետևից անում է տարօրինակ հայտարարություններ, որոնց մեջ փաստերը գրեթե բացակայում են: Կոնկրետ այս դեպքի հետ կապված. եթե պարոն վարչապետը, ՀՔԾ պետը, Հայաստանի հատուկ ծառայություններն ունեն արդեն վերջնական տվյալ, որ գաղտնալսումն իրականացվել է հայաստանյան շրջանակների կողմից, ապա անհապաղ ԱԱԾ-ն պետք է անի վերջնական հայտարարություն, և մեղավորները պետք է խստագույնս պատժվեն: Ավելին, ինչո՞ւ պարոն վարչապետը և մեր իրավապահ մարմինները չեն դիտարկում այլ տարբերակներ, օրինակ՝ այլ պետությունների հատուկ ծառայությունների գործողությունները: Եթե նրանք դա դիտարկել են ու բացառում են այլ պետությունների հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսումը և արդեն հստակ գիտեն, թե ով է արել և դա հայաստանյան շրջանակներից է, օլիգարխիայից է կամ նախկին իշխանություններից է, ապա վարչապետը պետք է ոչ թե օդում կախված գնահատականներ տա, և ԱԱԾ-ն ոչ թե անմեղ քաղաքացիներին պետք է ասֆալտին պառկացնի, ինչպես վարչապետն է ասում, այլ ԱԱԾ-ն հենց հիմա պետք է հանդես գա պաշտոնական հայտարարությամբ, փաստերը ներկայացնի, համոզիչ՝ բոլորի համար և իրականանցի գործողություններ, նշի, որ՝ ես այս քանի օրվա ընթացքում ուսումնասիրել եմ, լսվել է սրա կողմից, սրա կողմից, սրա կողմից, այլ պետությունների հատուկ ծառայությունների տարբերակը դուրս է եկել, և կոնկրետ «x» կամ «y» գործիչն է եղել: Եթե չէ, ուրեմն սա երկրորդ սկանդալը կարող է լինել: Վարչապետին ևս մեկ անգամ հորդորում եմ՝ իր հայտարարությունների մեջ լինել զգույշ, որովհետև ինքն այլևս հենց այնպես ընդդիմադիր գործիչ չէ, ով ինչ կուզի կասի: Սա դարձել է բնավորության վատ գիծ: Նախօրեին էլ իր պատգամավոր գործընկերներից մեկն է ասում՝ «սա կամ Քոչարյանն ա արել, կամ Հանրապետականները»: Ես ասել եմ՝ Դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը, ով նման գնահատական է տալիս, պետք է հրավիրի և ցուցմունք պահանջի: Հերիք է, բոլ է արդեն, ով ինչ ուզի՝ ասի, էլ չեմ ասում քաղաքական իշխանության ներկայացուցիները, էլ չեմ ասում վարչապետը… Վարչապետին պետք է ասել՝ եղբա՛յր, ժամանակն է լայքերից և ծափահարություններից իջնել կոնկրետ գործողությունների դաշտ: Սա շատ լուրջ խնդիր է, պետության անվտանգության խնդիր է: Ես էլ՝ որպես Ազգային ժողովի փոխնախագահ, հենց հիմա պահանջում եմ՝ եթե ինքը, իրենք ճշտել են, որ ներհայաստանյան շրջանակներից է արվել գաղտնալսումը, ապա անհապաղ հրապարակեք պաշտոնական տեղեկատվություն, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանում առկա բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները հստակ տեղեկություն ունենան՝ ով է այդ դիվերսիան կազմակերպել Հայաստանի դեմ: Եթե չէ, ուրեմն հերթական անգամ Փաշինյանը խաղում է հայ հասարակության, սփյուռքահայ հասարակության զգացմունքներ վրա և էժան դիվիդենտներ է փորձում շահել: Սա անթույլատրելի է: Կա երկու ճանապարհ՝ կամ մեկը, կամ մյուսը: Երրորդը չկա:
– Կարծում եք՝ նրա այս հայտարարությունը փորձ է շեղելո՞ւ հայաստանյան ներքաղաքական շրջանակներում հնչող տեսակետները, թե գաղտնալսումը կարող է նաև արված լինել արտաքին ուժերի կողմից՝ ի պատասխան տարբեր գերտերությունների նկատմամբ և արտաքին քաղաքականության ասպարեզում իր կողմից թույլ տրված կոշտ հայտարարություններին:
– Անկախ նրանից՝ ինչ է ցանկանում չեզոքացնել, ինչ՝ չէ, Հայաստանում կան բազմաթիվ սթափ մտածող քաղաքացիներ, Հայաստանում կան բազմաթիվ սթափ մտածող քաղաքական գործիչներ, Հայաստանում կան բազմաթիվ սթափ մտածող լրագրողներ և փորձագետներ, որոնց համար Հայաստանի Հանրապետության պետական շահը, անկախ նրանից՝ Փաշինյանն է իշխանության, Շարմազանովն է իշխանության, թե Պողոս Պողոսյանը, ամենագերական է: Մեզ համար ստորադաս է կուսակցական և անձնական շահը: Սա պետության անվտանգության խնդիր է, սա դիվերսիա է Հայաստանի Հանրապետության դեմ, և չի կարելի կրակի վրա յուղ լցնել և լրիվ փորձել շեղել ուղղությունը: Ես կրկնում եմ. եթե վարչապետը, որը պետության առաջին դեմքն է, ունի նման տեղեկատվություն, ապա նա անհապաղ պետք է հանձնարարի ԱԱԾ պետին, որպեսզի ԱԱԾ պետը հիմա հանդես գա պաշտոնական հայտարարությամբ, որ ասի՝ ձերբակալվել է Պողոս Պողոսյանը կամ Պետրոս Պետրոսյանը, էս սարքը, ժողովուրդ ջան, էսպես արել են, էստեղ ձայնագրել են, էս միջոցով արել են, ամբողջութամբ կա: Եթե չէ, ուրեմն սա անպատասխանատու հայտարարություն է և փորձում են մոլորության մեջ գցել: Ես՝ որպես Ազգային ժողովի փոխնախագահ հարց եմ տալիս՝ իրենք օտար պետությունների, այսինքն՝ հատուկ ծառայությունների տարբերակը կամ բոլոր տարբերակներն արդեն դիտարկե՞լ են: Եթե ամբողջությամբ գործն ուսումնասիրված է, ուրեմն պետք է պաշտոնապես հայտարարեն: Եթե չէ, ինձ համար անհասկանալի է և անընդունելի է վարչապետի նման պահվածքը:
– Ֆրանսահայերի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը չի միջամտում դատական իշխանության աշխատանքին: Արդյո՞ք ՀՀ նոր իշխանությունը դատական իշխանության աշխատանքներին չի միջամտում՝ հաշվի առնելով տարբեր հանրահավաքների ընթացքում և վերջերս ԱԺ-ում նրա արած հայտարարաությունները:
– Օգոստոսի 17-ի հանրահավաքը, Ազգային ժողովում պարոն վարչապետի անհաջող արդարացումները, որոնք ինձ ավելի շատ հիշեցնում էին վատ պատրաստված ուսանողի հնչեցրած գնահատականներ, ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Հայաստանի իշխանությունը ոչ թե չի միջամտում, այլ ուղղակի ցուցում է տալիս՝ ում ձերբակալել, ում՝ չէ: Ընդամենը վերջին հանրահավաքը նայեք: Ասում էր՝ «կա՞ տենց դատավոր, որ իմ ասածը կարող ա չանի», «երկու ժամում բոլոր օլիգարխներին պառկըցրեք ասֆալտին», «սևերը և սպիտակները, սևերը պարտվելու են»: Էդ ո՞վ ա սև, ո՞վ ա սպիտակ, ինչի՞ են պարտվելու: Վարչապետն ասում է՝ «Մարտի 1-ի բոլոր ոճրագործները, մարդասպանները պիտի պատժվեն»՝ կոնկրետ մարդկանց անուններ տալով: Ուրեմն Հայաստանի Հանրապտությունում կա Սահմանադրություն, և ո՛չ Փաշինյանը, ո՛չ որևէ մեկը չի կարող իրեն վեր դասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից: Եվ ըստ Սահմանադրության, և նաև ըստ Քրեական օրենսգրքի, յուրաքանչյուր անձ, թեկուզ ամբաստանյալ լինելով, համարվում է անմեղ՝ մինչև դատարանի որոշման ընդունումը: Իսկ դատարանի որոշում դեռ չկա: Ո՞վ է իրեն իրավունք տվել նման բան ասել: Ի՞նչ է նշանակում՝ «կա՞ տենց դատավոր, որ իմ ասածը չանի», կամ ի՞նչ են նշանակում իր այդ ամբողջ արդարացումները՝ ես զանգեցի ԱԱԾ պետին, ԱԱԾ պետը զանգեց սրան, սա զանգեց ՀՔԾ պետին, դատավորը զանգեց դրան, ասեց՝ գործը ջուր ա… Սա ամբողջությամբ չպատրաստված ուսանողի ելույթ էր: Եվ երկրորդը, ինքը կանչում է այդ խեղճ դատավորներին և ուժային կառույցներին, հրահանգ է տալիս՝ «պառկըցրեք ասֆալտին», էդ մարդիկ գնում են պառկացնում են հենց էնպես ասֆալտին, հետո գործը քննում են, տեսնում են՝ բան չկա, և ստիպված ազատ են արձակում: Հետո ինքը կանգնում, ասում է՝ «եթե ես միջամտեի, դատավորները ո՞նց կարող էին ազատ արձակել Վաչագան Ղազարյանին կամ Սերժ Սարգսյանի եղբոր որդուն»: Բա ախպեր ջան, եթե դու առանց հիմնավորման միտինգից հրահանգ ես տալիս, ասում ես՝ «սաղին պառկըցրեք գետնին, հավաքեք», ասում ես՝ «երկու ժամ եմ տալիս Վալերիյ Օսիպյանին և Արթուր Վանեցյանին, պառկըցրեք բոլորին», էդ մարդու մեղքը ո՞րն է: Դուք «պառկըցնում» եք, հավաքում, տանում եք, գործը անում եք, վերջում դատարանը պիտի հիմանվորի, չէ՞: Դա էլ հո միտինգ չի: Կա Սահմանադրություն, քարե դարը չի, կան փաստաբաններ, կան լրատվամիջոցներ: Չեն կարողանում հիմնավորել, դատարանը բաց է թողնում:
Ընդհակառակը, վարչապետի և՛ միտինգի ելույթները, և՛ Ազգային ժողովի ելույթները, և՛ Փարիզի ելույթը մի բան են ցույց տալիս, որ վարչապետը և այս քաղաքական իշխանությունը ոչ թե չեն միջամտում, այլ ուղղակի քաղաքական պատվեր են իջեցրել նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչների վրա: Դրա վառ ապացույցը դա էր: Եվ թող անհաջող գնահատականներով հանդես չգա և իրեն չարդարացնի: Մանավանդ, ինչքան երկար խոսում է, այնքան թերություններ և սխալներ շատ է թույլ տալիս:
Աղբյուրը՝ 168.am