«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների շրջանակներում քարոզարշավ է իրականացնում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը վարչական շրջանի բնակիչներին տեղեկացրեց, որ այսօր՝ ավելի ուշ, Զորավար Անդրանիկի արձակի հարակից տարածքում տեղի է ունենալու ԲՀԿ հանրահավաքը: Զոհրաբյանը հայտնեց, որ այնտեղ իրենք կներկայացնեն իրենց ծրագիրը:

Նաիրա Զոհրաբյանին ուղեկցում են ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը և ԲՀԿ  այլ անդամներ: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իր ողջ կենսագրությունն անցել է երևանցիների աչքի առաջ. «Հավատացնում եմ ձեզ՝ ինչպես դուխով պատգամավոր եմ եղել ՀՀ ազգային ժողովում և միջազգային կառույցներում, այնպես էլ թույլ չեմ տալու, որ Երևանից մեկ լումա գողանան:

Նրա խոսքով՝ ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, ովքեր ներկայացրել են բարի ցանկությունների դեկլարացիաներ, բացարձակ անիրատեսական ծրագրեր, ԲՀԿ-ն ասում է, որ իրենց  յուրաքանչյուր առաջարկի տակ դրված են կոնկրետ ներդրումներ ու ներդրումային ծրագրեր. «Ահա դրանով ենք մենք տարբերվում մյուս քաղաքական ուժերից»:Ձեր հարկերի հաշվին գումարված Երևանի բյուջեն թալանվել է: Բոլոր  նախկին քաղաքապետերը  պատասխան են տալու այս վիճակի համար, պատասխան են տալու «մահվան վերելակների» ու կանաչ տարածքների զավթման համար: Բոլոր անօրինական որոշումներ կայացնողները ենթարկվելու են պատասխանատվության»:

Խոսելով բնակիչների հետ Նաիրա Զոհրաբյանը հորդորեց ընտրել պատասխանատու քաղաքային իշխանություն. «Ընտրե՛ք այնպիսի մարդու, որի ձեռքը գող չէ: Դուք ինձ լավ գիտեք, թե ես ինչ սկզբունքային պատգամավոր եմ: Ասում եմ՝ նույն ձևի քաղաքապետ եմ լինելու, հազար տղամարդուց պինդ եմ լինելու, ուժեղ եմ լինելու: Թեկնածու տղամարդկանցից, ովքեր այսօր եկել են, գիտեն Երևանում «գաստրոլ» են տալիս, կլինի՞, լավ, չի՞ լինի, կգնան եվրոպական մայրաքաղաքների իրենց տներ, ի՞նչ է եղել որ: Նայում ես հայտարարագրերը, զարմանում ես, ասում եմ՝ ինչպես է հնարավոր այսչափ ունեցվածք կուտակել: Կարծում են՝ Երևանը հերթական բիզնես փրոդաքշնն է իրենց համար»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ քարոզարշավից առաջ հորդոր են հղել քարոզարշավի մասնակից ուժերին կնքել համերաշխության հուշագիր, որ ընտրությունները չեն վերածելու դաժան հակամարտության, որ ընտրությունները լինելու են քաղաքական ուժերի միջև ծրագրերի պայքար, բայց, ցավոք, քաղաքական ուժերից մեկը համառորեն փորձում է քաղաքական մյուս ուժերին վարկաբեկելով քաղաքական դիվիդենդներ շահել:

«Դա ազնիվ ճանապարհ չէ, մենք պատրաստ ենք արդար մրցապայքարի, էդ ինչի՞ց եք վախենում, որ արդար մրցապայքարը փորձում եք վերածել կեղտոտ քարոզչական պատերազմի»,-ասաց Զոհրաբյանը:

Աղբյուր՝ Tert.am

loading...