Երեկ Գարեգին Նժդեհի հրապարակում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ վարչապետ  Փաշինյան հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ-ում իր նախկին կոլեգան միաժամանակ հարցազրույց են  տվել և իրեն մեղադրել բռնապետ լինելու մեջ:

«Ով բռնապետությունից խոսա, դուք քաբաբ-խորովածից խոսացեք»,-ասել է նա:   Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօր մամուլն առավել ազատ է, քան երբևէ 3-րդ հանրապետության ժամանակաշրջանում: Նա նշել է, որ ինքն ու  իր աշխատակազմը որևէ կոնտակտ չունեն հեռուստաընկերությունների հետ, ինչը նախկինում այդպես չէր:

Վարչապետը խոսել է նաև  ընտրակաշառքից՝ նշելով, որ այն մարդիկ, ովքեր մտածում են, որ մեր ժողովրդին կարող են փողով գնել, ժողովրդին վիրավորում են, նրանց արժանապատվությունն են նվաստացնում: «Մենք ձեզ թույլ չենք տա թպրտալ այս քաղաքում, թույլ չենք տա»,-հայտարարեց նա: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Երևանի ավագանու կայանալիք ընտրությունները շատ լուրջ նշանակություն են ունենալու: «Ցույց տվեք ամբողջ աշխարհին, որ Հայաստանի կառավարությունն ու իշխող թիմը վայելում է հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության աջակցությունը:

Ցույց տվեք «Հանրապետական» խորհրդարանին, որ նրանց ժամանակն ավարտվել է, տարբերակ չունեն, խորհրդարանը պետք է լուծարվի: Նրանք անընդհատ ասում են, որ ներքաղաքական վիճակը լարված է, ներքաղաքական խնդիրներ կան: Ես նրանց ասում եմ՝ եթե ձեր կաբինետներում ու կուսակցական գրասենյակներում ներքաղաքական վիճակը լարված է, փողոց դուրս եկեք և ցույց տվեք, թե որտեղ է այդ լարված վիճակը:  Եթե դուք ուզենաք ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը լարել, ապա ՀՀ քաղաքացիները ձեզ կլարեն բառիս բուն իմաստով: Եվ դա մեր սիրո, հանդուրժողության հեղափոխության շնորհիվ է, մեր կոչերի շնորհիվ է, որ մինչև հիմա ձեզ չեն լարել: Էլի եմ ասում՝ սատանի մայում քյանդրբազություն մի արեք»,-եզրափակել է  Փաշինյանը:

Նյութի աղբյուրը՝  shabat.am

loading...