Քոչարյանն իրեն ռուս քաղաքական գործչի պես է պահում
Ռոբերտ Քոչարյանը հերթական հարցազրույցն է տվել, այս անգամ ռուսական Կոմերսանտին: Հարցազրույցի գրեթե կեսը նվիրված է Վլադիմիր Պուտինին: Քոչարյանը մանրամասն, «մոլեկուլային քիմիայի» մակարդակում վերլուծում է Պուտինի հետ հարաբերությունները՝ փորձելով գտնել ժամանակը, երբ նրանց հարաբերություններն ընկերական դարձան, եւ սկսեցին միմյանց վստահել:
Հարցազրույցի մյուս կեսը նվիրված է նրան, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը բավարար չափով ռուսամետ չէ, մասնավորապես, նա չպետք է մասնակցեր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:
Իրողություններին անծանոթ մարդը կարող է մտածել, որ Ռոբերտ Քոչարյանն ապրում եւ աշխատում է Ռուսաստանում, պաշտպանում է Ռուսաստանի շահերը եւ մտածում միայն այն մասին, թե ինչպես Պուտինը կվերաբերվի իր խոսքերին: Անգամ Քոչարյանի ակցենտն է փոխվել, նա այնպես է խոսում, կարծես ողջ կյանքը Մերձմոսկվայում է ապրել: Խոսքը Հայաստանի երկրորդ նախագահի մասին է, եւ դժվար է դա նրա ակցենտի հետ նույն հարթությունում տեղավորել:
Հատկանշական է, որ հենց այս օրերին է Քոչարյանի հետ կապված երկու տեղեկություն հրապարակվել: Կառավարության աշխատակազմի ղեկավարն ասել է, որ Հայաստանի անկախության օրվա միջոցառումներին հրավիրված են Հայաստանի երեք նախագահները: Տեղեկություն է հրապարակվել նաեւ, որ Վլադիմիր Պուտինը Հայաստան այցի ժամանակ հանդիպելու է նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ: Ասում են, քանի որ Քոչարյանի անձնագիրը վերցրել են եւ նա չի կարող Ռուսաստանի գնալ ու հանդիպել Պուտինին, այդ պատճառով, հավանաբար, Պուտինը որոշել է անձամբ գալ Հայաստան:
Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի՞ Անկախության օրվա միջոցառումներին: Թե՞ շարունակելու է իր քաղաքականությունը կառուցել Պուտինի հետ հարաբերությունների «քիմիայի» վրա:
Քոչարյանի փիարով զբաղվողները, ըստ երեւույթին, նրան դիտավորյալ չեն ասում, որ Պուտինի հետ հարաբերությունները փաստարկ չեն, այլ ավելի շուտ, թունավոր բան: Առավել եւս, հիմա, երբ ռուս-թուրքական նոր գործարք է տեղի ունենում:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am