Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին, և որքան էլ մասնակցող ուժերից որոշները ջանք թափեցին, այս ընտրություններն անմասն չմնացին նաև քաղաքական հայտարարություններից։
Ավագանու ընտրություններից հետո քաղաքական դաշտի պատկերն ավելի հստակ կլինի։ Ակնհայտ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս ընթացքում հասցրեց կորցնել քաղաքական դաշնակիցներին, փոխարենը իր թիմը հենվում է այն հսկայական ժողովրդական աջակցության վրա, որը ստացել է դեռ ապրիլ-մայիս ամիսներին։ Եվ եթե չլիներ ժողովրդի լայն աջակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի դեմ համախմբվելը այս փուլում շատ ավելի հեշտ կլիներ։ Կախված այն բանից, թե որ քաղաքական ուժը որքան ձայն կստանա այս ընտրություններում՝ պայմանավորված կլինի նաև նրանց հետագա գործողությունները խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Եվ այս իմաստով կրկին ու կրկին մեծանում է հասարակության մասնակցության պահանջը և, ըստ էության, հասարակությունն է որոշելու քաղաքական ուժերի տոնայնությունն առաջիկա ամիսների համար՝ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանի կարծիքով՝ անկախ նրանից, թե այս ընտրությունների անունն ինչ է՝ ժամանակաշրջանն այնպիսին է, որ սա իրենից ենթադրում է նաև քաղաքական ուժերի մրցակցություն։ «Իմ կարծիքով՝ այս փուլում բոլորն էլ կցանկանան ճշգրտել իրենց վարկանիշը հասարակության շրջանում։ Այնպես չէ, որ իշխանության բոլոր լծակներն այսօր գտնվում են մեկ կուսակցության ձեռքում, ուստի այս ընտրությունները նրանց համար ևս դիրքերը ամրապնդելու հնարավորություն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն ընդգծում է՝ առաջին անգամ է, որ Հայաստանում արդար ընտրություններ են տեղի ունենում. «Չեմ ասի իդեալական, բայց արդարությունը կա։
Հիմա նայեք՝ մասնակցող ուժերից «Իմ քայլը» դաշինքը չունի այն հնարավորությունները, որոնք ունեն մասնակցող երկու այլ ուժեր՝ նկատի ունեմ սեփական հեռուստաընկերությունները»։
Նրա խոսքերով՝ ակնհայտ է, որ այս ընտրություններում մասնակցում են ուժեր, որոնք ամեն կերպ ուզում են, որ հեղափոխության ծրագրերը տապալվեն. «Ամեն դեպքում, բուն ընտրությունները երբեք այսքան պարկեշտ չեն եղել՝ ընտրակաշառք, ադմինիստրատիվ ռեսուրս, այս ամենը գրեթե վերացել է։ Բուն ընտրական պրոցեսն այս պահի դրությամբ մաքուր է և սա ավելի հստակ ցույց կտա ժողովրդի տրամադրությունները հետագայի համար։ Իրականում Հայաստանում տեղի է ունենում քաղաքական վերնախավի սերնդափոխություն։ Մենք տեսնում ենք, որ հեղափոխության արդյունքում նոր սերունդ եկավ քաղաքական ասպարեզ, մի սերունդ, որը փորձ չունի, բայց ցանկանում է գործ անել։ Բայց մյուս քաղաքական ուժերի մոտ դա տեղի չի ունենում՝ նույն հին դեմքերը, մարդկանց վրա ազդելու նույն հնարքները։ Կարծես թե առիթ էր, որ իրենք էլ ցույց տային, որ իրենց մոտ ինչ-որ բան է փոխվել, բայց ոչ։ Այս առումով բավականին տարբերվում է Նիկոլ Փաշինյանի թիմն իր անկեղծությամբ։ Այլ բան է, նրանք հաջողություն կունենան, թե ոչ, բայց որ անկեղծ են՝ դա հստակ է, մյուսների մոտ ես բավարար չափով անկեղծություն չեմ տեսնում։ Կա քաղաքական սերնդափոխության անհրաժեշտություն, մարդիկ հին դեմքերից հոգնել են, բերանը չբացած՝ գիտենք՝ ինչ են ասելու»։
Ըստ մեր զրուցակցի՝ եթե մյուս քաղաքական ուժերը շարունակեն այս ոճով, ապա խնդիր կունենան առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ «Պետք է սերնդափոխություն տեղի ունենա ոչ միայն դեմքերի, այլ մտածողության առումով։ Ասպարեզ իջած նոր քաղաքական ուժը հեռանկարային վարքագիծ է դրսևորում, որն անհրաժեշտ է պետությանն ու ժողովրդին»,- եզրափակեց նա։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ այս ընտրությունների արդյունքները ցուցիչ են լինելու առաջիկա արտահերթ ընտրությունների համար։ «Բայց, միևնույն ժամանակ, բարդ իրավիճակ է մյուս քաղաքական ուժերի համար, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն շարունակում են մնալ համաձայնության կառավարության մեջ, բայց, օրինակ, ԲՀԿ-ի ու ՔՊ-ի հակամարտությունը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ իր հետևանքները կունենա և դա ակնհայտ է արդեն հիմա։ Պարոն Փաշինյանը քանդեց նաև «Ելք» դաշինքը, Հայաստանում դեռ հեղափոխական էյֆորիան կա, և նա ցանկանում է, որ գոնե Երևանի ավագանու ընտրություններին միանձնյա իշխանություն ունենա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակիցը, միևնույն ժամանակ, նշում է, որ էյֆորիայով հնարավոր չի լինի երկար ժամանակ վարկանիշ պահել. «Գնաճ կլինի ձմռան դեմ, ու հասարակական դժգոհությունը կմեծանա։ Այս պահին երեք դաշինք կա, որ կանցնի, կարող է նաև մի փոքր ձայներ հավաքի Զարուհի Փոստանջյանը, մյուս քաղաքական ուժերը մեծ հնարավորություններ չունեն»։
Ինչ վերաբերում է ապագային՝ արդյոք կհաջողվի ԱԺ ընտրությունների ժամանակ բարձր արդյունք ապահովել, քաղաքագետը նշեց. «Եթե իշխանություններին չհաջողվի բարելավել իրավիճակը՝ հետհեղափոխական էյֆորիան կանցնի, ու ապագայում վարչապետը խնդիր կունենա։ Նրա հակառակորդները հետհեղափոխական էյֆորիան անվանում են մասսաների զոմբիացում՝ դա կոշտ գնահատական է, բայց այն, որ կա այդ էյֆորիան՝ հաստատ է»։
Նյութի աղբյուրը՝ 1i