Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Ադրբեջանական Հանրապետության Միլլի Մեջլիսում (Ազգային ժողով) ելույթ ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով այլ հարցերի հետ մեկտեղ նաև անդրադարձավ Արցախի հարցին և դրա լուծմանը:
Ադրբեջանի նախագահը երկրի պատգամավորների առաջ հստակ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս: Այսինքն, Ադրբեջանը ցանկացած պարագայում Արցախը դիտարկում է, որպես Ադրբեջանի մաս ու չի փորձելու բանակցել նրան կարգավիճակ տալու շուրջ: Դրան զուգահեռ Ադրբեջանի նախագահը խորհուրդ տվեց Հայաստանի նոր իշխանությանը վերանայել և փոփխություններ մտցնել իրենց քաղաքականության մեջ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը երկար սպասեցնել չտվեց ու Ադրբեջանի նախագահի անհեռանկար հայտարարությանը տրվեց բավականին կարճ, բայց հստակ պատասխան՝ «Մեր դիրքորոշումը չի փոխվել։ Մենք կողմ ենք խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը և անելու ենք մեզանից կախված ամեն ինչ՝ հարցը բանակցային ճանապարհով լուծելու համար։ Ադրբեջանի կողմից հնչող պատերազմական սպառնալիքները չունեն որեւէ հեռանկար. ենթադրել, թե մենք վախենալու ենք այդ սպառնալիքներից և բավարարելու ենք Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, սին են։ Այո, մենք կառուցում ենք խաղաղասեր, ժողովրդավար և մարդասիրական գաղափարներ դավանող պետություն, բայց դա չի նշանակում, թե մենք չենք պատրաստվում պաշտպանել մեզ, մեր հայրենիքը, մեր ապագան»:
Այո, ամեն առիթի պատերազմի մասին խոսող պետությունը արդեն մոտ 30 տարի նույն բանի մասին է խոսում, նույն տոնայնությամբ համոզում է ժողովրդին, թե շուտով վերցնելու է Արցախը, սակայն փաստը մնում է այն , որ Արցախը չեն վերցրել ու չեն վերցնելու երբեք: