«Առաջին լրատվական» զրուցակիցն է Շանթ Հարությունյանի հայրը՝ Լոս Անջելեսում բնակվող Շահեն Հարությունյանը:

 

– Պարոն Հարությունյան, վերջերս Շանթ Հարությունյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում շուրջ երեք ժամ ասուլիս տվեց և նշեց, որ իշխանությունից պահանջում է վերաբացել իր գործը, քանի որ նոր կառավարությունը պարտավոր է վերականգնել արդարադատությունը։ Համաձա՞յն եք Շանթի պնդումների հետ։

– Կարծում եմ՝ ժամանակն է, որ օբյեկտիվ մոտենանք այս հարցին՝ Շանթին պետք է ազատեն բանտից։ Շանթը ճիշտ է անում, որ ուզում է արդարացում։ Ես չեմ կարծում և չեմ պատկերացնում, որ Շանթը ներման դիմում գրի, դա երբեք չի կարող տեղի ունենալ։ Եվ պետք է որ իրեն արդարացնեն։ Ես զարմանում եմ, որ Շանթի փաստաբանն ինքն այս հարցը չի բարձրացնում դատարանում։ Նա պետք է այս հարցը բարձրացներ դատարանում և դիմեր նրան արդարացնելու պահանջով: Կարծում եմ՝ ոչ միայն Շանթը, այլև նրա պաշտպանը Շանթի անունից պետք է հանդես գա։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Շանթը քաղբանտարկյալ է, գլխավոր դատախազը ասում է՝ Հայաստանում քաղբանտարկյալ չկա։

– Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված այս անհամաձայնությունը։

– Չգիտեմ, գուցե վարչապետը չի ցանկանում բացահայտ ասել այդ մասին, բայց ես կարծում եմ, որ վարչապետը մեկ հեռախոսազանգով կարող է ազատել Շանթին։ Վարչապետի իրավունքները մեծ են, իսկ թե ինչու չի անում նման քայլ՝ չեմ կարող ասել։ Գուցե կան կալանավորներ, որ մտածում է՝ այդ սցենարով նրանք էլ կուզենան դուրս գալ, դրա համար գուցե չի անում նման քայլ։

– Դուք կարծում եք, որ Շանթ Հարությունյանը ճի՞շտ է անում, որ հրաժարվում է հետագա պատիժը բաց ռեժիմով կրել, ինչպես նրան առաջարկել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը։ 

– Այո, որովհետև նա այդ ճանապարհով կզրկվի նաև քաղաքական իրավունքներից։ Եվ նրան պետք է ազատ արձակել, որպեսզի նա իր իրավունքները կարողանա օգտագործել։ Իմիջիայլոց, շատ անհասկանալի վիճակ է ստեղծված, վարչապետը նրան ճանաչում է քաղբանտարկյալ և միևնույն ժամանակ պահում է քաղբանտարկյալի կարգավիճակում բանտում։ Սա մի քիչ անբացատրելի երևույթ է, միայն վարչապետը գիտի՝ ինչու է պահում Շանթին բանտում։

– Կարծում եք՝ արտաքին միջամտություն կա՞ այս գործում։

– Չեմ կարող ասել՝ արտաքին միջամտություն կա՞, թե՞ ոչ: Գուցե ինչ-որ ուժեր կան, որ զգուշացնում են վարչապետին, գուցե կան ուժեր, որոնք դեմ կլինեն Շանթի ազատ արձակմանը, և ազդում են վարչապետի վրա, իսկ նա էլ ընդունում է, որ քաղբանտարկյալ է Շանթը, բայց քաղբանտարկյալին չեն ազատում։

– Շանթը նաև հայտարարեց, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրի, որ եթե պետք է, մեկ տարի էլ կմնա բանտում, բայց պետք է արդարադատությունը վերականգնվի։

– Շանթը ճիշտ է անում. այդքան տարի նստել է՝ մեկ տարի էլ կմնա, այդքանից հետո ներում խնդրելը ո՞րն է։

– Հայաստանում տեղի ունեցող զարգացումներն ինչպե՞ս եք գնահատում հեղափոխությունից հետո։

– Առաջին հայացքից շատ դրական երևույթ է տեղի ունեցել, ես ողջունում եմ վարչապետի քայլերը՝ կոռուպցիայի դեմ պայքարում։ Սա շատ կարևոր քայլ է, քանի որ կոռուպցիան ամբողջ երկիրը կործանման է տանում։ Եվ եթե  կարողացավ կանխել  այդ ամենը, որ էլ չշարունակվի, սա կլինի վարչապետի առաջին ամենամեծ հաջողությունը։ Կարծում եմ՝ ճիշտ քայլեր է անում վարչապետը, իսկ թե ինչ քայլեր կանեն վարչապետի դեմ՝ չգիտեմ։

– Ռոբերտ Քոչարյանը, օրինակ, ասում է, որ Նիկոլ Փաշինյանը դեռ կփոշմանի իր հետ գլուխ դնելու համար, ասում է, որ իրեն մեծ աջակցություն էր Պուտինի շնորհավորանքը։ Հայաստանը  որքանո՞վ կարողացավ ազատագրվել Ռուսաստանից, և այս հեղափոխությունը փոխե՞ց արտաքին մարտավարությունը։

– Ես կարծում եմ, որ ռուսական քաղաքականությունն ունի իր ազդեցությունը Հայաստանի վրա, և Փաշինյանը հավանաբար ավելի ռուսամետ դիրք կգրավի, քան հակառակը։ Գուցե ինքը արտահայտվել է Ռուսաստանից անկախ լինելու մտայնության մասին, բայց դժվար է որևէ եզրակացության գալ։ Ռուսաստանը Հայաստանին հեշտությամբ չի թողնի, բայց հայկական քաղաքական կուրսը պետք է լինի հետևյալը՝ եթե անկախություն է, պետք է կարողանա իր անկախությունը պաշտպանել, կարողանա անկախ լինել իր քաղաքական կուրսի մեջ, և Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում պետք է թուլացնել, չդառնալ ռուսական գաղութ։ Ընդհանրապես անգամ ռուս մուժիկը իմպերատոր է, իրենց արյան մեջ է նստած իմպերիալիզմը։ Սա ռուսական հոգեբանությունն է, հայերը պետք է կարողանան ստեղծել անկախ և սուվերեն պետություն։ Ես այս ուղղությամբ կոնկրետ գործընթացներ չեմ նկատում։ Առաջին հայացքից՝ կարծես թե այո, Հայաստանը շարունակում է կախված մնալ։ Անգամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը խոսում է  այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանի կարծես միակ հենարանն է։ Հայաստանը վերջիվերջո պետք է հարաբերությունները լավացնի հարևան պետությունների հետ, անգամ Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման ժամանակն է, իսկ հակաթուրքական քարոզարշավը ոչինչ չի տալու հայերին։ Բավական է, որ այդ լարի վրա խաղան, սա ռուսական քաղաքականություն է, և ռուսները շատ են ուզում, որ հայերը հակաթուրքական դիրքորոշում ունենան, չնայած Ռուսաստանն արդեն իր հարաբերությունները Թուրքիայի հետ լավացնելու փորձեր է անում:

loading...