Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, Երևանի ավագանու ընտրություններում այդ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ առ այն, որ սոցիալական ցանցում իր և իր ընտանիքի անդամներին ուղղված «հայհոյախառն» արտահայտությունների հեղինակներից մեկն աշխատում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում:
ԿԳՆ-ն պաշտոնապես տեղեկացնում է, որ նախարարության որևէ աշխատակից նման գրառում չի կատարել: Միաժամանակ հավելենք, որ նախարարությանը հաջողվել է պարզել այն անձի ինքնությունը, ում մեղադրում է հայտնի քաղաքական գործիչը:
Տվյալ անձը Հայաստանի հոթելյերների և ռեստորատորների ասոցիացիայի նախագահ Էդգար Բաբայանն է, որը որևէ առնչություն չունի ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ: Ի դեպ, տվյալ օգտատերը ևս ժխտում է իր կողմից նման գրառում կատարելու իրողությունը և պնդում, որ այդ հրապարակումն արվել է իր անունից ֆեյք օգտահաշվի միջոցով, որը ներկայում ջնջված է:
Ընդգծենք նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարարը և ողջ աշխատակազմը մշտապես հասանելի են ինչպես քաղաքացիների, այնպես էլ քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների համար,և հարգելի քաղաքական գործիչը հրապարակային մեղադրանք ներկայացնելուց առաջ պարտավոր էր ճշգրտել նման հայտարարության իսկությունը և չտարածել, ըստ էության, ակնհայտ սուտ տեղեկություն: Սույն փաստը նախարարությունը պարզել էր նախօրեին, սակայն հայտարարություն չի տարածվել նախարարի հրահանգով, որպեսզի այն չդիտվի որպես հակաքարոզչություն
ընտրություններից մեկ օր առաջ՝ լռության օրը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին այսուհետ և միշտ զերծ մնալ պետական կառույցները քաղաքական գործընթացներում ներգրավելու և հասարակությանն ապատեղեկատվություն տարածելու գայթակղությունից, մանավանդ, որ նույն տիկին Զոհրաբյանը համոզվել է, որ ԿԳՆ-ին հաջողվել է զերծ պահել դպրոցը քաղաքական գործընթացներին որպես վարչական ռեսուրս ներգրավելու նախկին արատավոր պրակտիկայից:
Հուսով ենք, որ Նաիրա Զոհրաբյանը հասարակությանը կտեղեկացնի ԿԳՆ-ի մասով իր հայտարարության անհիմն լինելու մասին: