Չիչխանը փշատազգիների ընտանիքին պատկանող 0,5-3,5մ բարձրության խոշոր, փշոտ թուփ է, երբեմն էլ՝ ծառ: Ծաղկում է ապրիլ-մայիս, իսկ պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝ թփի վրա մնալով մինչև գարուն:
Թարմ, հասուն, պտուղները պարունակում են ջուր, ճարպայուղ, A, C, B1, B2 B6, E վիտամիններ, ֆոլաթթու, խնձորաթթու, գինեթթու, շաքար, լինոլաթթվային, օլեինաթթվային և պալմիտինաթթվային գլիցերիդներ:
Սերմերի մեջ պարունակվում է մինչև 12% յուղ, կարոտին, տոկոֆերոլ, տերևներում՝ մինչև 10% դաբաղանյութեր, C վիտամին, ֆիտոնցիդներ, ֆլավոնոիդներ, քիմիական տարրերից՝ երկաթ, բոր, մանգան: Կեղևում հայտնաբերվել է սերոտոնին և ալկալոիդ:
Տերևները հավաքում են ամբողջ սեզոնին, չորացնում հով տեղում՝ միջանցիկ քամու տակ: Դեղաբույսը համընդհանուր ճանաչում է ձեռք բերել իր գորշ կարմրավուն գույնով, յուրահատուկ համով ու հոտավետ յուղով:Բուժման նպատակով օգտագործվում են բույսի պտուղներն ու սերմերը, դրանցից ստացվող յուղը, որոշ դեպքերում՝ նաև տերևները: Պտուղները հավաքում են ուշ աշնանը, երբ սառչում են ու դառնում հաճելի թթվահամ:
Չիչխանի բուժական հատկանիշներն առավելապես գնահատվել և կիրառվել են Չինաստանում: Այն չափազանց օգտակար է նյութափոխանակության կարգավորման եւ արյան շրջանառության համար: Այն համարվում է նաև որպես հակալնդախտային միջոց: Բուժական նպատակներով օգտագործվում է թե՛ պտուղը, թե՛ յուղը և անգամ տերևները: Այն օգտակար է նաև հայմորիտի, մրսածության, գլխացավի, հոդացավերի, ստամոքսի խոցերի ժամանակ:
Չիչխանի յուղն օգտագործվում է գինեկոլոգիական նպատակներով՝ կոլիտի, արգանդի վզիկի էրոզիայի և այլ խնդիրների դեպքում: